Կոնջորյանի «շերեփը» և «Լույս»-ի փլուզումը

նոյեմբերի 5, 2018

«Ելք» դաշինքից հետո փլուզվեց նաև «Լույս» դաշինքը. դրա մաս կազմող «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների առաջնորդները հայտարարեցին, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն որպես առանձին ուժեր։

Ամեն ինչ սկսվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի քայլից, երբ վեջինը հայտարարեց, որ լքում է «Լուսավոր Հայաստանի» շարքերը և միանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմին։

««Լուսավոր Հայաստանում» եղել եմ այն անձանցից մեկը, որը մշտապես պնդել է, որ պետք է բոլորս միավորվենք, որովհետև մենք հավատում ենք մեր դավանած արժեքներին։ Ցավոք, ես իմ այդ գաղափարում եղել եմ միայնակ, չեմ կարողացել համոզել, որ բոլորով միանանք։ Կուսակցությունից հեռանալու միտքը առաջացել էր շատ վաղուց, հեղափոխությունից հետո։ Ամեն բան արել եմ, որ բանակցությունները հաջող ընթանան, բայց դա չի հաջողվել։ Իմ քայլը պայմանավորված էր բացառապես իմ հավատամքով. ես հավատացել ու հավատում եմ Նիկոլ Փաշինյանին և այն գործին, որն նա սկսել էր», -իր որոշումը բացատրել էր Հայկ Կոնջորյանը։

«Հայկ Կոնջորյանը երբևէ չի թաքցրել, որ հիացած է իմ գործունեությամբ», -պատգամավորի քայլն այսպես էր ողջունել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փոխարենը Կոնջորյանի քայլը բացասաբար են ընդունել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում։ «Կուսակցությունում այդ որոշումը բացասաբար է ընկալվել, բայց դա իր որոշումն է։ Ոչ ոք նրան բռնի չի պահում, և նա ազատ է վարվել այնպես, ինչպես ցանկանում է», -հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Հայկ Կոնջորյանը քաղաքական շրջանակներում հայտնի էր դարձել «Ելք» դաշինքի հիմնադիր համագումարում ունեցած իր ելույթում, երբ ամբիոնին մոտեցել էր շերեփը ձեռքին, հիշել Խրիմյան Հայրիկի թղթե և երկաթյա շերեփների պատմությունը։

Լրագրողների հետ ճեպազրույցում Կոնջորյանը չէր թաքցրել, որ առաջարկ է ստացել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկվելու։

Կոնջորյանի «շերեփը» արագացրեց «Լույսի» փլուզումը

Պատգամավորի հայտարարությունից հետո Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Լույս» դաշինքը երկար չապրեց. կուսակցությունների առաջնորդները հայտարարեցին, որ արտահերթ ընտրություններին կմասնակցեն առանձին։

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցության հետ երկար քննարկումների արդյունքում որոշում է կայացրել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։ «Լուսավոր Հայաստանն» իր ցուցակում կներգրավի նաև ներկայացուցիչներ այլ գաղափարակից քաղաքական ուժերից և ակտիվ քաղաքացիական խմբերից», -ասված էր «Լուսավոր Հայաստանի տարածած հայտարարության մեջ։

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա», -իր հերթին հայտարարել էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ու տեղեկացրել, որ իր ղեկավարած կուսակցությունը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին։ Հայտարարությունից հետո տեղեկություն տարածվեց, որ Արամ Սարգսյանը բանակցում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ՝ ընտրություններին միասին մասնակցելու նպատակով։

Կոնջորյանի հեռացումը, «Լույսի» փլուզումը, Էդմոն Մարուքյանի կարծիքով, ընտրություններում չի ազդի կուսակցության հեղինակության վրա։ ««Հանրապետություն» կուսակցությունը մեր գործընկերն է, մենք նրանց չենք լքել։ Ինչ վերաբերում է կուսակցությունից դուրս եկած մարդկանց, ապա դա նրանց որոշումն է։ Կուսակցությունը ապրող օրգանիզմ է, անընդհատ նոր մարդիկ են գալիս, գնում, խնդիր չեմ տեսնում։ Ժամանակը ցույց կտա՝ որն էր ճիշտը», -հայտարարել է Մարուքյանը։

ԼՀ նախագահը կարծում է, որ իր կուսակցության ՝ ապագա խորհրդարանի 2-րդ ուժը դառնալու շանսերը մեծ են: «Ակնհայտ է, որ առաջին ուժը կլինի իշխանական «Իմ քայլը» դաշինքը, բայց երկրորդ ուժի պարագայում, կարծում եմ, որ այն ուժերը, որոնք պատասխանատվություն են կրել նախորդ իշխանության կառավարման տարիների համար, մաս են կազմել նախորդ իշխանությանը, չեն կարող լինել երկրորդ ուժ։ Ես կարծում եմ, որ քաղաքական համակարգի առողջացման համար անհրաժեշտ է, որ «Լուսավոր Հայաստանը» լինի 2-րդ ուժը Հայաստանի ապագա խորհրդարանում։ Մեր՝ 2-րդ ուժ լինելու հնարավորությունը 90 տոկոս է»,- ասել է Մարուքյանը։