Փաշինյանի հետ՝ ռեյտինգայինով. Մարտուն Գրիգորյանը կընտրի՞ ՔՊ-ն

նոյեմբերի 5, 2018

Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ ընդամենը երկու ամսվա համար մանդատը վերցրեցիք, չէ՞ որ Ազգային ժողովը լուծարվում է։

-Գյումրու ակտիվի, իմ թիմակիցների հետ քննարկումների արդյունքում եկանք այն կարծիքին, որ մանդատը վերցնելը պարտադիր է, քանի որ 11 հազար մարդ քվեարկել է իմ օգտին, և այդ քվեներով իրենց կողքին կանգնելու պարտավորություն ունեմ։ Ես միացել եմ ԱԺ-ն լուծարելու պահանջին, կողմ եմ քվեարկել Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին և ձեռնպահ՝ վարչապետի ընտրությանը, դուրս եմ եկել ՀՀԿ խմբակցությունից:

-Արտահերթ ընտրություններին մասնակցելո՞ւ եք։

-Իմ թիմում այդ հարցն էլ ենք քննարկել, կա մասնակցելու տրամադրվածություն։ Եթե քո մարզում ունես վարկանիշ, հեղինակություն, բնականաբար, կա նաև անձիդ նկատմամբ հետաքրքրություն։ Տարբեր թիմերի, տարբեր մարդկանց հետ եմ խոսել, լսել եմ տարբեր առաջարկություններ, բայց դեռ կոնկրետ որոշում չունեմ։

-Հնարավո՞ր է նորից ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի հետ մասնակցեք։

-Հավանականություն գրեթե չկա, նրանց հետ ճանապարհ չկա։

-«Քաղաքացիական պայմանագի՞ր» կուսակցության հետ եք քննարկում:

-Քանի դեռ որոշում չկա, չեմ ուզում այդ մասին խոսել։ Ժամանակին մեծամասնականով պատգամավոր ընտրվելով հանդերձ՝ կողմ եմ եղել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Այս անգամ էլ կողմ քվեարկեցի ԸՕ-ի փոփոխություններին, թեև ունեմ բարձր վարկանիշ, և ինձ համար հեշտ է ռեյտինգայինով և ոչ թե որևէ կուսակցության ցուցակով առաջադրվելը, քանի որ կուսակցություններում ամեն օր իրավիճակ է փոխվում: Եթե դու մարզում հեղինակություն ունես և ուզում ես ժողովրդի համար ինչ-որ բան անել, գործող ընտրակարգի դեպքում ստիպված ես որևէ կուսակցության հետ ճանապարհ գնալ, թեև ես երկու անգամ պատգամավոր եմ եղել, և կուսակցական թեմաներն ինձ բացարձակ չեն հետաքրքրել։

-Որևէ կուսակցության ցուցակով առաջադրվելու դեպքում վստա՞հ եք, որ նորից նույնքան ձայն կունենաք:

-Գյումրին բազմաթիվ խնդիրներ ունի, և ինքնանպատակ մանդատ վերցնելը իմը չէ: Ես աշխատող մարդ եմ. եթե պիտի պատգամավոր լինեմ, պիտի հնարավորություններ ունենամ և ոչ թե դատարկ խոսքերով ժողովրդի ականջը շոյեմ: ՀՀԿ-ի հետ համագործակցության նպատակն այն էր, որ ես, որպես կառավարող ուժի ներկայացուցիչ, կարողանամ գումար բերել քաղաք, հատկապես որ ծրագրային նախադեպը կար՝ հինգ փողոց քարապատվել էր, և կար ծրագրի շարունակականության թեման:

-Հնարավո՞ր է՝ կախված նրանից, թե որ ուժի հետ եք մասնակցում ընտրություններին՝ ՀՀԿ-ի, ՔՊ-ի կամ մեկ այլ ուժի, Ձեր ստացած թվերը տարբեր լինեն, ու պարզվի, որ 11 հազարը կայուն թիվ չէ և միայն Ձեր անձով պայմանավորված չէ:

-2017թ. բոլորը գիտեին, որ այդ քվեները ոչ թե ՀՀԿ-ի համակիրներից եմ ստացել, այլ նրանցից, ովքեր ստիպված են ՀՀԿ-ին ձայն տվել, որպեսզի ինձ տեսնեն Ազգային ժողովում: 2012թ. ընտրություններին մասնակցել եմ ԲՀԿ-ով, ստացել եմ 15 հազար ձայն, իսկ քաղաքապետի ընտրություններին մասնակցել եմ որպես անկուսակցական ու ստացել եմ 21 հազար ձայն: Այնպես չէ, որ ընտրություններին մասնակցելիս չգիտեի, թե ՀՀԿ-ի հանգամանքն ինձ վնասելու է: Այդպես էր նաև ԲՀԿ-ի դեպքում, իսկ ԲՀԿ-ից հետո ես համագործակցում էի երկրի ղեկավարի հետ, որի արդյունքում շահել է Գյումրին:

-Հիմա Ձեր 15 կամ 21 հազար համակիրները ո՞ր ուժին են համակրում:

-Հասկանալի է, որ հիմա բոլորի տրամադրվածությունը դեպի Նիկոլ Փաշինյանն է, բայց տեսնենք, թե ինչ ենք անելու:

-Այսինքն, Դուք ցանկանում եք համագործակցել Նիկոլ Փաշինյանի՞ հետ:

-2007թ. ընտրվել եմ պատգամավոր և աշխատել եմ որպես անկուսակցական՝ ընդդիմադիր կեցվածքով: 2008թվին, երբ «Ազատություն» ռադիոկայանի փակման հարցն էին բերել, մեկ պատգամավորի քվե էր պետք, որ որոշումն ընդունվեր. իմ չքվեարկելու արդյունքում նախագիծը չընդունվեց:

-Առևտուր հիշեցնող գործելաոճ է. ունեք ընտրողների որոշակի խումբ և բանակցում եք՝ տեսնեք, թե ով ձեզ ավելի լավ պայմաններ կառաջարկի, որ նրա հետ մասնակցեք ընտրություններին:

-Այսօր երկրում գաղափարական, կուսակցական համակարգ չկա: Կուսակցությունները ընտրություններին մասնակցելու միջոց են: Եթե օրենքը մեծամասնականով առաջադրվելու հնարավորություն տար, որևէ կուսակցության հետ չէի մասնակցի: 2015թվին, երբ ԲՀԿ-ն հեղափոխություն էր անում, կանգնած էինք նրա թիկունքին, ողջ Շիրակի մարզը մոբիլիզացրել էի, առաջին գծում էի, բայց տեսաք, թե ինչ եղավ, և ես դուրս եկա:

-Ինքնուրո՞ւյն, թե՞ ՀՀԿ-ի ճնշման արդյունքում դուրս եկաք:

-Չի եղել ճնշում: Իմ թիմակիցները հարցնում էին՝ եթե պարզվի, որ Գագիկ Ծառուկյանը մինչև վերջ չի գնալու, և մենք ռիսկի ենք դիմում, վերջն ի՞նչ է լինելու: Ես ասել եմ, որ նման բան չի լինի, իսկ եթե լինի, ես ԲՀԿ-ի հետ անցնելու ճանապարհ չունեմ: Եվ դուրս եմ եկել:

-Ձեր ձայները չե՞ն նվազի, եթե ընտրակաշառք բաժանելու կամ անօրինական այլ միջոցներով քվե կորզելու հնարավուրություն չունենա:

-Ես միայն ուրախ կլինեմ: ՔՊ-ն ունի 90 տոկոսանոց վարկանիշ, բայց կուսակցության մեջ ո՞վ ունի այնքան հեղինակություն, որ վայելի ժողովրդի վստահությունը և նրան հուսախաբ չանի: Ես անցել եմ այդ ճանապարհը, իսկ այսօր փորձում եմ օգտվել առիթից ու ի շահ քաղաքի նորից փորձել: