Անդրանիկ Մարգարյանից Նիկոլ Փաշինյան. ի՞նչ է փոխվել բյուջետային համակարգում

նոյեմբերի 11, 2018

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ավարտվել են 2019թ. պետական բյուջեի քննարկումները: Նոյեմբերի 13-17-ի հերթական նիստերի ընթացքում այն կքննարկվի նաև լիագումար նիստում:

Առավել չափելի արդյունքներ

2019թ. բյուջեն, ի տարբերություն նախորդների, ծրագրային է, այսինքն, 2019թ. Հայաստանն անցել է ծրագրային բյուջետավորման:

Ծրագրային բյուջետավորումը բյուջետավորման եղանակ է, որի ժամանակ հիմնական ուշադրությունը սևեռված է բյուջետային ծախսերի արդյունքին կամ բյուջետային ծախսերի արդյունավետությանը: Հենց այս տեսանկյունից է նշված մեթոդը տարբերվում ավանդական կամ «մուտքային» բյուջետավորման մեթոդից։ Ծրագրային բյուջետավորումը ի սկզբանե սահմանում է, թե որքան գումար է հատկացվելու տվյալ ծրագրին, ինչ նպատակով և ինչ արդյունք է ակնկալում: Ակնկալվում է, որ այս մեթոդը, նախորդի համեմատ, առավել թափանցիկ է դարձնելու բյուջետային ծախսերը և, կոռուպցիոն տեսանկույնից՝ ավելի պաշտպանված:

Հայաստանում ծրագրային բյուջետավորմանն ուղղված բարեփոխումները սկսվել են 2002թ., երբ վարչապետ էր ՀՀԿ ղեկավար Անդրանիկ Մարգարյանը: Հետագա տարիներին այդ բարեփոխումներն ամրագրվել են տարբեր իրավական ակտերով՝ կառավարության որոշումներով, օրենքներով կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելով: Իսկ այդ ուղղությամբ ընդունված հիմնական փաստաթուղթը «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում 2013թ. կատարված լրացումներն ու փոփոխություններն էին , որոնք ամրագրեցին ծրագրային բյուջետավորման իրականացումը և կառավարության կողմից խորհրդարան այդ ձևաչափով տեղեկատվության ներկայացումը:

Եվս մեկ հանգամանք՝ ծրագրային բյուջետավորումն իրականացվելու է ոչ թե այն ներդրողների, այլև հեղափոխությունից հետո իշխանության եկած կառավարության կողմից: Նաև այս մեթոդի ներդրման արդյունքում նոր կառավարությունը ստիպված է լինելու առավել հաշվետու լինել հանրությանն ու խորհրդարանին՝ ներկայացնելով, թե հավաքագրած եկամուտները և դրանց ծախսումը ինչ արդյունք են ապահովել: Այդպիսով Հայաստանում քաղաքական փոփոխությունների տնտեսական արդյունքները առավել չափելի կդառնան:

Իներցիոն և նախկին բյուջեների ուրվականը

2019թ. բյուջեի հաջորդ առանձնահատկությունն այնն է, որ պլանավորվել է 2019-2021թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագիր փաստաթղթի շրջանակներում՝ այն փաստաթղթի շրջանակներում, որը մշակվել էր ՀՀԿ-ի կառավարության և հաստատվել Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից: Նիկոլ Փաշինյանի գնահատմամաբ՝ այն իներցիոն և նախկին կառավարության բյուջեի ուրվականն է: «Սա դեռևս մեր կառավարության բյուջեն չէ: Ինչ-որ առումով նախկինից եկած իներցիայի բյուջեն է, և մեր տրամադրվածությունն այն է, որ նաև հընթացս այս բյուջեն պետք է շատ լրջագույն փոփոխությունների ենթարկվի: Մենք դեռ այդ բյուջեի վրա աշխատելու ենք»,- նշել էր վարչապետը:

Կընդունվի՞ 2019թ. բյուջեն

Ուշագրավ է, որ 2019թ. բյուջեի նախագիծը քննարկվելու է լուծարված Ազգային ժողովի կողմից, ինչն աննախադեպ երևույթ է անկախ Հայաստանի 27- ամյա պատմության մեջ: Ընդ որում, հրաժարական է ներկայացրել նաև կառավարությունը: Հայաստանում ԱԺ ընտրությունները միշտ տեղի են ունեցել գարնանը, իսկ բյուջեն քննարկվել և ընդունվել է աշնան վերջին:

Մինչև նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումը այս խորհրդարանի և կառավարության լիազորություններն ուժի մեջ են: Այդպիսով, բյուջեի նախագծի քննարկումներն ու ընդունումը կարող են համընկնել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հետ, որը նախատեսված է նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը: Այսինքն, կա մտահոգություն, որ 2019թ. բյուջեի նախագիծը կարող է նաև չընդունվել: Խմբակցությունները տարված քարոզարշավով՝ կարող են նիստերին, քննարկումներին չմասնակցել ու քվորում չապահովել:

Պաշտոնակատարներով, բայց առաջին դեմքերով

Ի տարբերություն վերջին մի քանի տարիների՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019-ի բյուջեի նախագծի քննարկումներին գերատեսչությունները հիմնականում ներկայանում էին առաջին դեմքերի՝ նախարարների, առընթեր մարմինների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և մարզպետների մակարդակով, թեև նրանցից շատերը պաշտոնակատար էին: Չէին ներկայանում միայն այն ղեկավարները, որոնք գործուղման էին կամ չներկայանալու այլ լուրջ պատճառ ունեին:

Հատկապես վերջին 4-5 տարիներին ընդդիմադիր պատգամավորները, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը դժգոհում էին, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենց տեղակալներին կամ օգնականներին են ուղարկում Ազգային ժողով: