2019թ. բյուջեին կողմ կքվեարկեն բոլոր խմբակցությունները

նոյեմբերի 14, 2018

«Առիթ ունեցել եմ ասելու, որ սա համարում եմ իներցիոն բյուջե, որովհետև այն հիմնված է այն պարամետրերի վրա, որոնք մենք ժառանգություն ենք ստացել նախորդ իշխանություններից»,- Ազգային ժողովում 2019թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նոր կառավարության բյուջետային քաղաքականությունը, սակայն, ըստ վարչապետի, տրամագծորեն տարբերվում է նախորդից. «Մեր գործունեության հիմքում ոչ թե աղքատության, այլ աշխատանքի խրախուսման տրամաբանությունն է»։

Կառավարությունը նախատեսում է համահարթեցնել եկամտահարկը և 23, 28, 36 % դրույքաչափերի փոխարեն սահմանել միասնական դրույքաչափ՝ 23 տոկոս: Փաշինյանն այս փոփոխությունը համարում է եկամուտների բարձրացում այն բացատրությամբ, որ գործող դրույքաչափերը համապատասխանաբար 5 և 13 տոկոսով իջեցնելը նշանակում է շուրջ 50 մլրդ դրամով քիչ հարկ հավաքել և այդքան գումար թողնել մարդկանց ձեռքին կամ շրջանառության մեջ: : «Սա աշխատանք է երկու ուղղությամբ՝ խրախուսում ենք բարձր աշխատավարձով նոր աշխատատեղերի ստեղծումը, և հավելյալ 50 մլրդ դրամ ենք ներարկում տնտեսության մեջ»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

Գործադիրը մտադիր է նաև տարեկան 20-24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսն ազատել հարկերից, իսկ եկամտահարկի փոխարեն կիրառել 5000 դրամ հաստատագրված վճար:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև Աստանայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր արած հայտարարությանը, թե Հայաստանում 350 հազար աշխատող  պահում է չաշխատող 800 հազար հոգու: Այս հայտարարությունը Հայաստանում քննադատության ենթարկվեց, թե Փաշինյանը մարդկանց մեղադրում է ծուլության մեջ: «Մենք ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ նրանք աշխատանքը խրախուսելու փոխարեն՝խրախուսել են աղքատությունը»,- արդեն բյուջեի քննարկման ժամանակ հակադարձեց նա։  

Իներցիոն, փոխանցիկ, հեղափոխական սպասումներին ոչ համարժեք բյուջե

ԱԺ լիագումար նիստում 2019թ. բյուջեի  քննարկումն անցավ կիսադատարկ դահլիճում և տևեց ընդամենը մեկուկես օր։ Հարցերը շատ չէին, ավելի շատ ելույթներ ունեցան կառավարության ներկայացուցիչները, քան պատգամավորները։

Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները տարակուսեցին՝ եթե բյուջեն պետք է իներցիոն և ոչ թե հեղափոխական լիներ, «ի՞նչ իմաստ ուներ ափալ-թափալ ընտրությունների կազմակերպումը»: «Ներկայիս ԱԺ-ն ավելի լավ կարող էր իրականացնել այս եռամսյա ծրագիրը: Ինչո՞վ է տարբերվում ձեր ներկայացրած բյուջեն և ձեր վարած քաղաքականությունը նախորդ իշխանությունից. դուք ընդամենը նախորդ իշխանության շարունակությունն եք, և սա ոչ թե մեկ քայլ առաջ է, այլ մեկ քայլ հետ »,- նկատեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նաև հավելեց, որ հավատարիմ կմնան կառավարության գործունեությանը չխոչընդոտելու մոտեցմանը և կողմ կքվեարկեն բյուջեի նախագծին:

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տարօրինակ համարեց այն իրավիճակը, երբ «ամենակարևոր փաստաթուղթը՝ բյուջեն, ներկայացնում են պաշտոնանկ նախարարներըայն պետք է հաստատի դե յուրե արձակված խորհրդարանը»: Ռուստամյանի կարծիքով՝ ներկայացվել է ոչ թե իներցիոն, այլև փոխանցիկ բյուջե, որի երկու ծնողներն էլ պաշտոնանկ են։ ՀՅԴ-ն բյուջեին կողմ է քվեարկելու՝ «վերջին շնչում խնդիրներ չստեղծելու» մոտեցմամբ առաջնորդվելով:

Ներկայացված բյուջեն համարժեք չէ հեղափոխական սպասումներին, պետք է հաջորդեն այլ քայլեր՝ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։ «Այն ստատուս քվոն, որ մենք ունեցել ենք նախկինում՝ արտոնությունների համակարգ, մոնոպոլիաներ և դրանցից բխող հետևանքներ, չեն վերացել, վերացել են դրանք ստեղծող պայմանները։ Հիմա ներկրումների անօրինական քվոտաներ չկան, բայց կան ցանցեր, որոնք ձևավորվել են այդ ներկրողների գործունեության հետևանքով։Հիմա ի՞նչ ենք անելու այդ ցանցերի հետ»,- հարցրեց Մելքումյանը՝ հավելելով, որ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

Հիշեցնենք, որ բյուջեի նախագծով 2019թ. նախատեսվում է հավաքագրել 1 տրլն 490 մլրդ դրամ եկամուտ, որը  կազմում է ՀՆԱ-ի 20,7%-ը։ Ծախսերը նախատեսվում են 1 տրլն 642 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 24,3%-ի չափով։ Բյուջեի դեֆիցիտը 151,6 մլրդ դրամ է։ Կառավարությունը հաջորդ տարվա ընթացքում 4,9% տնտեսական աճ է նախատեսում։

Բյուջեի նախագիծը քվեարկության կդրվի նոյեմբերի 21-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվելիք արտահերթ նիստում։