Արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 ուժ

նոյեմբերի 14, 2018

Նոյեմբերի 14-ին 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք, գրանցման հայտեր են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Իշխանության ցուցակը. Առաջինը ԿԸՀ է բերվել ընտրությունների ֆավորիտ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը՝ վերջապես տալով պատասխանը հարցի, թե կլինե՞ն, արդյոք այս ցուցակում ՀՀԿ-ի «ձայն բերող» դեմքերը՝ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը: Նրանց անունները ցուցակում չկան: Այս ցուցակում ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած միայն երկու անուն կա. Շիրակ Թորոսյան ու Ֆելիքս Ցոլակյան: Ցուցակում նախկին ՀՀԿ-ական է նաև հայտնի ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանի որդի Առաքել Միրզոյանը:

ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն ասել է, թե իրենցը «հեղափոխական ցուցակ է»:

Ցուցակում կա 188 անուն՝ կուսակցականներ, անկուսակցականներ, հայտնի ու անհայտ դեմքեր: Առաջինը Նիկոլ Փաշինյանն է: «Իմ քայլը»-ի ցուցակում նաև հայտնի լրագրողնեերի անուններ կան. մեծ մասը՝ կապված «Հայկական ժամանակ» օրարթերթի հետ:

Նախկին իշխանության ցուցակը. Միակ ընդդիմադիրի տիտղոսին հավակնող ՀՀԿ-ի ցուցակը կազմված է 125 թեկնածուից: Առաջինը նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է: Առաջին տասնյակում են Ափինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Մենուա Հարությունյանն ու Արտաշես Գեղամյանը: 

«Մարտական ենք տրամադրված, որպեսզի հաղթենք, ունենանք տեղեր, կարողանանք պայքարել այն ամենի համար, ինչի մասին այս օրերին և առհասարակ խոսումենք: Կարծում եմ՝ մեր քաղաքական գործիչները, որոնք արդեն հայտնի են, թրծվածեն, երկար ճանապարհ են անցել, մեր ծրագրերն ու գաղափարները կարող են խորհրդարանում իրականացնել»,- լրագրողներին ասել է ՀՀԿ-ի գրանցման փաստաթղթերը ԿԸՀ բերած Կարինե Աճեմյանը:  

ԲՀԿ-ի ցուցակը. Քաղաքական դաշտի հնաբնակներից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր ցուցակում առանձնապես նորություն չունի. 175 հոգանոց ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, այսինքն, իշխանության բարձրաստիճան ղեկավարության հայտարարությունները, թե գործարարները չպետք է մասնակցեն ընտրություններին, շրջանցեց Ծառուկյանին: ԲՀԿ-ի ցուցակի առաջին տասնյակում են Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը, Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արման Աբովյանը, Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը, Գևորգ Պետրոսյանը և Սերգեյ Բագրատյանը:

Ցուցակը ԿԸՀ էր բերել ԲՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը: Լրագրողի հարցին՝ պատրաստվո՞ւմ են այս ընտրություններում էլ բնակչությանը դիզվառելիք ու տրակտոր բաժանել, ասաց, թե երբեք նման բան չեն արել:

Հին ընկերը՝ ՀՅԴ. ՀՅԴ նախընտրական ցուցակում 152 անուն կա: Ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Առաջին հնգյակում են Արսեն Համբարձումյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Սպարտակ Սեյրանյանը:

ՕԵԿ-ը կրկին է փորձում. 2017-ի ընտրությունների արդյունքներով խորհրդարան չանցած «Օրինաց երկիր»-ը մասնակցելու է արտահերթ ընտրություններին: Ցուցակի առաջին համարը Արթուր Բաղդասարյանն է: Գրանցման փաստաթղթերը ԿԸՀ բերած ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը լրագրողներին ասել է, որ ցուցակում ընդգրկված են Երևանի և մարզերի ներկայացուցիչներ, որոնք ունեն փորձ, կուսակցական ճանապարհ են անցել, իրենց ներդրումն են ունեցել ՀՀ քաղաքական համակարգի ձևավորման մեջ: Կան նաև երիտասարդներ:

Արևմտամետների դաշինքը՝ «Մենք». «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների կազմած «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը կազմված է 144 անձից, առաջինը Արամ Սարգսյանն է, հաջորդը՝ Խաչատուր Քոքոբելյանը, այնուհետև՝ Անժելա Խաչատրյանը, Արտակ Զեյնալյանը, Բորիս Նազարյանը, Մասիս Այվազյանը, Անահիտ Ադամյանը, Սոնա Մինասյանը, Արա Կետիկյանը, Արմեն Առաքելյանը, Մանվել Ղազարյանը: Վերջինս գործարար է, «Վեդի Ալկո» ընկերության հիմնադիրը:

«Ելք»-«Լույս»-«Լուսավոր Հայաստան».Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առանձին: Կուսակցության ցուցակում թեկնածուները 152-ն են: Ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը: Առաջին տասնյակում են Մանե Թանդիլյանը, Արման Բաբաջանյանը, Գևորգ Գորգիսյանը, Տարոն Սիմոնյանը, Արկադի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Կարեն Սիմոնյանն ու ԱննաԿոստանյանը։ Ի դեպ, Մանե Թանդիլյանն արդեն հրաժարվել է նախարարի պաշտոնակատարի լիազորություններից:

Նորերը՝ արտահերթ ընտրություններում. Ընդամենը 1-2 ամիս առաջ կուսակցություն դարձած «Սասնա ծռերի» ցուցակում 2016թվականի դեպքերից հայտնի անուններ են, որոնք մեղադրվում են մեղադրվում են ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման, զինված հարձակում իրականացնելու մեջ:

Դիտարկմանը, թե շատերը մեղադրում են այս կուսակցությանը զինված հարձակման համար, որի հետևանքով ոստիկաններ զոհվեցին, կուսակցության ներկայացուցիչ, ԿԸՀ եկած Գևորգ Սաֆարյանը ասել է. «ՊՊԾ գնդի գրավման գործը հաշվի առնելով՝ հասարակության մեծ մասը մեծ աջակցություն է ցուցաբերում մեզ, մեր կուսակցության անդամներին փողոցում տեսնելիս, մոտենում են, ոգեշնչում»: Այս կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցի ընտրություններին՝ քաղաքացիության հետ կապված խնդրի պատճառով: Ցուցակի առաջին հնգյակն այս տեսքն ունի՝ Վարուժան Ավետիսյան, Ստեփան Գրիգորյան, Գարեգին Չուքասզյան, Հերմինե Մկրտչյան, Գևորգ Սաֆարյան:

Հայտնի քաղաքագետ Լևոն Շիրինյանը գլխավորում է նորաստեղծ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը: Նա ցուցակի միակ հայտնի անունն է: Առաջին եռյակում են լրագրող Մարիամ Մանուկյանը և քաղաքագետ Գևորգ Հովսեփյանը:

«Մենք քարոզարշավը վերածելու ենք քաղաքական և գաղափարախոսական պայքարի: Ինձ թվում է՝ մեզ դա կհաջողվի: Պարտադիր է, որ մեր երկիրը թավշյա հեղափոխության երկրորդ փուլ տեղափոխվի քաղաքական պայքարի հոսանքով»,- լրագրողներին ասել էր Լևոն Շիրինյանը:

Թարմ ու երիտասարդ ուժ է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը ԿԸՀ-ում լրագրողներին ասել է, որ թեպետ ռեյտինգային ընտրակարգն իրենց համար մերժելի է, իրենք ունեն բարի համբավ վայելող ռեյտինգային թեկնածուներ, որոնք ցույց կտան դրական արդյունքներ:

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերից նորություն էր «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Վերջին օրերին մամուլում շրջանառավող հավանական մասնակիցների անունների մեջ այս կուսակցության անունը չէր նշվում ընդհանրապես, անսպասելի էր դրա գոյությունն ընդհանրապես: Սա միակ ուժն է, որի ցուցակը կին է գլխավորում: Ցուցակում կա 94 անուն, առաջին հնգյակը՝ Լուսինե Հարոյան, Սամվել Մելիքյան, Արամ Մանուկյան, Մանե Բաբայան, Հրայր Աղինյան: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ստեղծվել է «Մենք ենք տերը մեր երկրի» շարժման և ԱՄՆ-֊ում գործող «Հայոց համաժողով» կառույցի հենքով։