Օրենսդրական աշխատանքի ավարտը՝ տապալված օրինագծերով

նոյեմբերի 16, 2018

6-րդ գումարման Ազգային ժողովի ՝ընտրություններից առաջ թերևս վերջին հերթական նիստերն ավարտվեցին շուրջ 1 տասնյակ օրինագծերի տապալումներով։ Դրանց հիմնական մասը պատգամավորների նախաձեռնություններն էին։

Գրիգորիչի դեմարշը

Նոյեմբերի 16-ի նիստն սկսվեց շուրջ 1 ժամ ուշացումով: «Գրանցվել է 47 պատգամավոր, քվորում չկա, բայց հույս կա, որ քվորում կլինի», -հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՝ գործընկերներին հորդորելով գալ նիստերի դահլիճ:

Շուրջ 50 րոպե սպասելուց հետո պատգամավորները ծափերով դիմավորեցին Գալուստ Սահակյանին: Նրա գրանցումն ապահովեց քվորումի համար անհրաժեշտ 53 ձայնը:

Առաջինը քվեարկության դրվեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը։ Կողմ քվեարկեց 52 պատգամավոր , ընդունմանը չբավարարեց մեկ ձայն։ Դահլիճում ներկա, բայց չքվեարկած միակ պատգամավորը Գալուստ Սահակյանն էր։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցրեց. «Գրիգորիչ, կո՞ղմ եք»։ «Ոչ», -կտրուկ արձագանքեց Գալուստ Սահակյանը։ Օրինագիծը վերաբերում էր գյուղատնտեսության, մասնավորապես սննդամթերքի անվտանգության ոլորտում տեսչական մարմնի ստեղծելուն։

Նույն ճակատագրին արժանացավ նաև «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող փաթեթը։ Գալուստ Սահակյանը դարձյալ չմասնակցեց քվեարկությանը, և նախագիծը չընդունվեց։ Օրինագծերի փաթեթը գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն էր ստացել։

Երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց քվեարկության դրվող հաջորդ նախագիծը՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը խորհրդարանականներին հորդորեց մասնակցել քվեարկությանը, որպեսզի կառավարության ներկայացրած «կարևորագույն նախագծերը չձախողվեն»։

Միքայել Մելքումյանին Գալուստ Սահակյանը չլսեց. նրա՝ քվեարկությանը չմասնակցելու պատճառով 3-րդ փաթեթը ևս չընդունվեց։

Փոխարենը կառավարության մյուս նախաձեռնությունը՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն նախատեսող, միաձայն ընդունվեց. դահլիճում ներկա բոլոր 53 պատգամավորները կողմ էին։

Վիճակախաղերի դեմ պայքարը՝ ժառանգություն հաջորդ խորհրդարանին

Հանրապետական խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի օրենսդրական առաջարկը՝ «Վիճակախաղերի մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու և շուրջ մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, ևս չընդունվեց, սակայն՝ այլ պատճառներով։ ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարեցին, որ նպատակահարմար չեն համարում քվեարկությանը մասնակցելը։

«Օրինագիծը ոչ քաոս է ստեղծում, ոչ բացեր ունի։ Այն մեկ խնդիր է լուծում. ասում է՝ հարգելի ժողովուրդ, օրենքով եկեք արգելենք այդ քաղցկեղի՝ վիվարոների, տոտոների գոյությունը։ Սա է իրականությունը։ Բայց հաշվի առնելով այն, որ իմ օրինագիծը քաղաքական աջակցություն չունի, եկեք չդնենք քվեարկության՝ հույսով, որ գալիք խորհրդարանում այս խնդիրը կստանա լուծում», -հայտարարեց օրինագծի հեղինակ Ֆարմանյանը։

Մեկ անձի՝ քվեարկությանը չմասնակցելու պատճառով չընդունվեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հեղինակած «Գովազդի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը։ Հակոբյանը քվեարկությունից առաջ հատուկ Գալուստ Սահակյանին հորդորեց կողմ քվեարկել «շատ կարևոր նախագծին»։

Փաթեթով առաջարկվում էր սահմանափակել շահումով խաղերի, վիճակախաղերի  գովազդի հեռարձակումը հեռուստատեսությամբ, ռադիոյով և համացանցով ցերեկային և երեկոյան ժամերին:

Պատգամավորների նյարդերն այդ քվեարկությունից հետո տեղի տվեցին։ «Անընդունելի է այս ամենը. գալ, նստել դահլիճում և խաթարել խորհրդարանի բնականոն աշխատանքը», -վրդովված հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Նույն ընթացքն ունեցավ նաև Քրեական օրենսգրքում Էդմոն Մարուքյանի առաջարկած փոփոխությունների նախագծի քվեարկությունը։ Նա նույնպես գործընկերներին խնդրեց կողմ քվեարկել նախագծին։

«Քանի որ նախագիծը վերաբերում է մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը, կարևոր է, որ այն այսօր ընդունվի: Այս նախագիծը որևէ քաղաքական աստառ չունի, զուտ հումանիստական բնույթ է կրում»,- դիմելով պատգամավորներին, ասաց Էդմոն Մարուքյանը։ Վերջինին միացավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։Նախագծին կողմ քվեարկեց 48 պատգամավոր։ Դրանով առաջարկվում էր նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել մեկուկես օր և կարգավորմանը հետադարձ ուժ տալ:

Հանրապետականները լքեցին նիստերի դահլիճը

Խորհրդարանը չընդունեց նաև հանրապետական պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի հեղինակած «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացումներ առաջարկող նախագիծը, որով արգելվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում հավաքներ անցկացնել: «Ելք» խմբակցությունը, բացի պատգամավորներ Էդմոն Մարուքյանից և Գևորգ Գորգիսյանից (նրանք կողմ էին), չմասնակցեց քվեարկությանը։ Կողմ էին Հանրապետական, «Ծառուկյան» և Դաշնակցություն խմբակցությունները։

Հատկապես թեժ քննարկում ծավալվեց պատգամավորների նույն խմբի կողմից Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող մյուս օրենսդրական նախաձեռնության քվեարկության ժամանակ։ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի լրացմամբ առաջարկվում է երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի դեպքում: Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը գործընկերներին հորդորեց մի կողմ դնել քաղաքական հակասությունները և որպես «քրիստոնյա հայեր»՝ կողմ քվեարկել նախագծին։

Քվեարկությունից առաջ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պնդեց կառավարության դիրքորոշումը՝ եթե Կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի։

Շարմազանովը հակադարձեց՝ Կաթողիկոսն այն ինստիտուտը չէ, որի մասին եթե-ներով խոսեն «Վեհափառ հայրապետը ունի բացառիկ իրավունքներ մեր Սահմանադրությամբ։ Բոլորը պարտավոր են հարգել սահմանադրական նորմը և բացառիկության իրավունք, պետական պաշտպանության հնարավորություններ տալ Վեհափառ Հայրապետին։ Կոչ եմ անում բոլորին պարտադիր կերպով կողմ քվեարկել այս օրինագծին», -հայտարարեց Շարմազանովը։

ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ նման օրինագիծ ներկայացնելը «լավ կյանքից չէ»։ «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ոչ միայն Վեհափառը, այլ նաև եկեղեցին պաշտպանության կարիք ունեն։ Այսօր Վեհափառին դնել մի իրավիճակի մեջ, որ ինքը խնդրի իրեն պաշտպանել, կարծում եմ, ճիշտ չէ», -ասաց Ռուստամյանը։

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանը նկատեց, որ իրենք անվտանգության հարցը թեև կարևորում են, բայց օրենքով լուծելիք հարց չեն համարում։

Օրինագծին ընդդիմացող պատգամավորների հայտարարությունները նյարդայնացրին ԱԺ փոխնախագահ Շարմազանովին. «Այս քվեարկությամբ որոշվելու է՝ ո՞ւր ենք գնում, ծառայելու ենք Աստծո՞ւն, թե՞ սատանային, ծառայում ենք եկեղեցո՞ւն, թե՞ աղանդավորությանը։ Խնդրում եմ մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, ստեղ կուսակցական հարցեր չկան։ Վեհափառը և Եկեղեցին կարիք ունեն պաշտպանության, բերեք հարգենք Սահմանադրությունը և քվեարկենք»։

«Վեհափառին պետք է պաշտպանի հայ ժողովուրդը. եթե Վեհափառը չի կարում ժողովրդի մեջ շրջի, դա իրա պրոբլեմն ա», -առարկեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ «Այսինքն՝ մենք Ամենայն հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանենք ամենայն հայոց ժողովրդի՞ց: Կառավարությունն ասել է՝ եթե հարկ լինի, կպաշտպանեն կաթողիկոսի անվտանգությունը», -գործընկերոջը լրացրեց Ալեն Սիմոնյանը:

«Ելք» խմբակցության պատգամավորների այս հայտարարությունները վրդովեցրին Հանրապետական խմբակցության պատգամավորներին։ Նրանցից շատերը հայտարարեցին, որ նույն տրամաբանությամբ ժողովրդից պետք է չպաշտպանել նաև վարչապետին կամ մեկ այլ պաշտոնյայի։

«Ճիշտն ասած, երբ իմ գործընկերները հայտարարեցին, թե Վեհափառին ինչո՞ւ պետք է պաշտպանենք ժողովրդից, դա ինձ վրդովեցրեց, ուղղակի, դրա համար ձայն խնդրեցի: Իրենք էլ շատ լավ գիտեն, որ մենք Վեհափառին ժողովրդից չենք պաշտպանում, այլ պաշտպանում ենք սեռական փոքրամասնություններից, որոնք դրսից ֆինանսավորվում են և պայքարում են հայկական պետականության ու հավատքի դեմ», -բղավելով հայտարարեց հանրապետական Հակոբ Հակոբյանը, որի խոսքն ընդունվեց ծափահարություններով:

Նախագծին կողմ էր 28 պատգամավոր, ձեռնպահ՝ 10-ը: Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր՝ հայտարարեց Շարմազանովը ու լքեց նիստերի դահլիճը: Նրան հետևեցին հանրապետական մյուս պատգամավորները:

ՀՀԿ-ի բոյկոտի արդյունքում չընդունվեցին նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների 2 նախագծերը; Խորհրդարանում կատարվածը ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը որակեց «քաղաքական սաբոտաժ» և նկատեց՝ քվեարկություններին խոչընդոտած Հանրապետականը «կախվում է փրփուրներից»: