Հայր ու որդի, փեսա-աներձագ, եղբայր ու հորեղբայր՝ ցուցակներում

նոյեմբերի 21, 2018

Նոյեմբերի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունների և 2 դաշինքների համապետական և ընտրատարածքային ընտրական ցուցակները: Պատգամավորության թեկնածուների ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքը՝ 183 անուն, ամենափոքր ցուցակը «Քաղաքացու որոշում» կուսակցությանն է՝ 81: ՀՀԿ-ի ցուցակը պայմանական կարելի է անվանել նախկինների, «Իմ քայլին»-ը՝ նորերի ցուցակ: Ամենաշատ կանայք «Ազգային առաջընթաց կուսակցության» ցուցակում են, ամենաշատ լրագրողները՝ «Իմ քայլ»-ի ցուցակում:

Ընտրություններին մասնակցող ուժերի ընտրական ցուցակներին անդրադառնում ենք նրանց քվեաթերթիկների համարների հերթականությամբ:    

1.«Հայաստանի հանրապետական կուսակցություն»

ԱԺ պատգամավոր և ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար «մահապարտների» ցուցակ է ներկայացրել: Ինքն այդ ցուցակում 5-րդն է: Ինչպես 2017-ին, այս անգամ նույնպես ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը:

Ցուցակի առաջին կինը 2-րդ հորիզոնականում է՝ Արփինե Հովհաննիսյանը: 3-րդը նախկին ՀՀՇ անդամ, նախկին ՀԱԿ անդամ, 2008-թ-ի մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում ակտիվ գործունեություն ծավալած, անկուսակցական Դավիթ Շահնազարյանն է: Ուշագրավ է, որ ՀՀԿ ցուցակի հրապարակման հենց առաջին օրը Դավիթ Շահնազարյանը հանդես եկավ մարտի 1-ին վերաբերող աղմկահարույց հայտարարություններով, որոնց արձագանքեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը: Նա ընդգրկված է «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակում:  

ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված են ներկայացուցիչներ ՍԻՄ, ԱՄ, «Ռեֆորմիստներ» կուսակցություններից: Այստեղ են ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, ԱՄ նախագահ Գալուստ Սահակյանը, «Ռեֆորմիստներ»-ի նախագահ, ԲՀԿ-ի և «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Վահան Բաբայանը:

ՀՀԿ խմբակցությունը խորհրդարանում է 1999 թվականից, Ազգային ժողովի երկրորդ գումարումից: ՀՀԿ-ն կոալիցիա է կազմել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ:

ՀՀԿ-ի համապետական ցուցակում ընդգրկված է 127 թեկնածու, 13 ընտրատարածքային ցուցակներում միասին՝ 118 թեկնածու:

ՀՀԿ-ի հայտնի «ռեյտինգայինները»

Շուշան Պետրոսյանը, Հերմինե Նաղդալյանը, Մենուա Հարությունյանը առաջադրվել են նույն՝ 12 ընտրատարածքում:

Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը առաջադրվել են թիվ 9 ընտրատարածքում:

Կարինե Աճեմյանը, Արմեն Աշոտյանը, Դավիթ Շահնազարյանը 4-րդ ընտրատարածքում են:

2-րդ ընտրատարածքում են Վիգեն Սարգսյանը, Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանը, Մարգարիտ Եսայանը, Արտակ Զաքարյանը, Արման Սահակյանը:

2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

ՔՈ ցուցակի առաջին համարը տնտեսագետ Սուրեն Սահակյանն է: Երկրորդը Արտակ Կիրակոսյանն է՝ իրավապաշտպան, երրորդը՝ Տոռոզյան Ռուզաննա՝ մանկավարժ: Քաղաքացու որոշում կուսակցությունը ձևավորվել է ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո, որպես կուսակցություն գրանցվել է հազիվ 1 ամիս առաջ:

Համապետական ցուցակը կազմված է 81 անունից: 13 ընտրատարածքային ցուցակներում ընդգրկված է 78 պատգամավորութւյան թեկնածու:

3. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորում է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Երկրորդը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն է, երրորդը՝ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը: Ցուցակի առաջին կինը 4-րդ հորիզոնականում է՝ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյան:

Նախկին իշխանությունների հետ սերտորեն համագործակցած Դավիթ Լոքյանը ցուցակում ընդգրկված չէ:

ՀՅԴ-ն խորհրդարանում է Ազգային ժողովի երկրորդ գումարումից, 1999թվականից: ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ ամենաերկար համագործակցած խորհրդարանական խմբակցությունն է: Ընտրական ցուցակը կազմված է 152 անունից: Ցուցակում ընդգրկված են խմբակցության բոլոր պատգամավորները՝ բացի Անդրանիկ Կարապետյանից:

13 ընտրատարածքներում ՀՅԴ-ն ներկայացրել է 143 պատգամավորության թեկնածու: Առաջադրվել են Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Ռուզան Առաքելյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Բագրատ Եսայանը, Արթուր Եղիազարյանը, Սուրեն Մանուկյանը, Գեղամ Մանուկյանը:  

4Իմ քայլը» դաշինք

«Իմ քայլը» դաշինքը կազմված է «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցություններից: Ցուցակի 183 անդամներից 126-ը ՔՊ-ից են: Ցուցակում կան   անկուսակցականներ, ինչպես նաև՝ ՀՀԿ խմբակցության նախկին անդամներ Ֆելիքս Ցոլակյանը և Շիրակ Թորոսյանը. վերջինս «Հզոր հայրենիք» կուսակցությունից է, նախկին ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանը: Ցուցակում ընդգրկված են բազմաթիվ նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, մարզպետների տեղակալներ, խորհրդականներ, լրագրողներ: Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը և եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, նույնպես «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են: Այստեղ է նաև Հակոբ Սիմիդյանը, նրանց տանն է թաքնվել Նիկոլ Փաշինյանը 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո:

Ցուցակի առաջին համարը Նիկոլ Փաշինյանն է, առաջին կինը՝ Լենա Նազարյանը՝ երրորդ հորիզոնականում:

6-րդ գումարման Ազգային ժողովում ՔՊ-ն ներկայացված է եղել «Ելք» դաշինքի խմբակցությունում: 13 ընտրատարածքներում «Իմ քայլը» ներկայացրել է 189 պատգամավորության թեկնածու:

«Իմ քայլը» դաշինքի հայտնի «ռեյտինգայինները»

1-ին ընտրատարածքում առաջադրվել են Զարուհի Բաթոյանը, Հայկ Կոնջորյանը, Հերիքնազ Տիգրանյանը, 2-ում են Լենա Նազարյանը, Տիգրան Ավինյանը, Լիլիթ Մակունցը, Գայանե Աբրահամյանը, Անդրանիկ Քոչարյանը, 3-րդում են Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուբեն Ռուբինյանը, 4-րդում են Դավիթ Սանասարյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը, 8-րդում են Թագուհի Թովմասյանն ու Վարազդատ Կարապետյանը: Սասուն Միքայելյանը առաջադրվել է 10, Ֆելիքս Ցոլակյանը՝ 11-րդ ընտրատարածքներում:

5.«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Նախկին «Լույս» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան»-ը ընտրություններին մասնակցելու է առանձին՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ: Նախընտրական ցուցակում երկրորդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանն է. պաշտոնը նա թողել է ընտրական փուլ մտնելուն պես: Երրորդը ցուցակում «Սկիզբ» մեդիա հոլդինգի տնօրեն, լրագրող Արման Բաբաջանյանն է: Ցուցակում են նաև պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը: Ցուցակը կազմված է 157 անունից: 6-րդ գումարման Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան»-ը «Ելք» դաշինքի խմբակցության կազմում էր:

13 ընտրատարածքներում «Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է 142 պատգամավորության թեկնածու. այդ թվում՝ Էդմոն և Քրիստը Մարուքյանները, Գևորգ Գորգիսյանը, Արման Բաբաջանյանը, Մանե Թանդիլյանը, Անի Սամսոնյանը:

6Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն

Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է «Քրիստոնեադեմոկրատական շարժման» նախագահ քաղաքագետ Լևոն Շիրինյանը, որի անվան դիմաց ԿԸՀ-ի պաշտոնական էջում ներկայացված ցուցակում գրված է «անկուսակցական»: Ցուցակում առաջին կինը երկրորդ հորիզոնականում է՝ լրագրող Մարիամ Մանուկյանը: Երրորդը «Նժդեհյան ցեղակրոն կուսակցության» նախագահ Գևորգ Հովսեփյանն է: Համապետական ցուցակը կազմված է 85, ընտրատարածքայինը՝ 78 պատգամավորության թեկնածուներից: Նախընտրական ցուցակի առաջին համարը՝ Լևոն Շիրինյանը առաջադրվել է նաև թիվ 5 ընտրատարածքում:

7.«Ազգային առաջընթաց» կուսակցություն

Ընտրություններին մասնակցող միակ կուսակցությունն է, որի ցուցակը կին է գլխավորում՝ Լուսինե Հարոյան: Ցուցակի առաջին հնգյակում կա ևս մեկ կնոջ անուն: Համապետական ցուցակում ընդգրկված է 84, ընտրատարածքային ցուցակներում՝ 65 անուն: ԱԱԿ-ի բոլոր 13 ընտրատարածքներում ներկայացված են 5-ական թեկնածուներ:

ԱԱԿ-ն ստեղծվել է 2015թվականից՝ «Մենք ենք տերը մեր երկրի» շարժման նախաձեռնողների կողմից:

8.«Մենք» դաշինք

Երևանի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստան»-ի հետ «Լույս» դաշինքով մասնակցած «Հանրապետություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Մենք» դաշինքով՝ «Ազատ դեմոկրատների» հետ: Դաշինքը գլխավորում է Արամ Սարգսյանը, երկրորդը ԱԴ-ի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն է. 2012-ի խորհրդարանական ընտրություններին ԱԴ-ն դաշինք էր կազմել Ժառանգության հետ, իսկ ընդամենը մեկուկես տարի առաջ 2017-ի խորհրդարանական ընտրություններում ԱԴ-ի ցուցակով ընտրություններին մասնակցում էին նաև Հրանտ Բագրատյանն ու Ստեփան Սաֆարյանը: Նոր ցուցակում նրանց անունները չկան: «Հանրապետությունը» 2007-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ՀԱԿ-ի, 2003-ին՝ «Արդարություն» դաշինքի հետ միասին: Ցուցակի առաջին կինը՝ 3-րդ հորիզոնականում, Անժելա Խաչատրյանն է: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 4-ն է, հնգյակը եզրափակում է նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը: Ցուցակում է նաև Արտակ Զեյնալյանի որդի Նարեկ Զեյնալյանը: «Մենք»-ի նախընտրական ցուցակը կազմված է 144 անունից:

13 ընտրատարածքներում «Մենք»-ը ներկայացրել է 122 պատգամավորության թեկնածու. այդ թվում՝ Արամ Սարգսյան, փաստաբան Հովիկ Արսենյան, գործարար Մանվել Ղազարյան, լրագրող Ալինա Օրդյան:

9Օրինաց երկիր» կուսակցություն

«Օրինաց երկիր» կուսակցության համապետական ցուցակը, ինչպես բոլոր անցած ընտրություններում, գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Առաջին եռյակում են ՕԵԿ փոխնախագահներ Մհեր Շահգելդյանը և Հեղինե Բիշարյանը: ՕԵԿ-ը խորհրդարանում ներկայացված է Ազգային ժողովի երկրորդ գումարումից, 1999թվականից: 2017թվականի ապրիլի 2-ին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, բայց չհաղթահարելով սահմանված շեմը, 5-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված չի եղել: Կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ: 2006թվականին, 2007թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ դուրս է եկել իշխող կոալիցիայից:

ՕԵԿ-ի համապետական ցուցակում ընդգրկված է 132, տարածքային 13 ցուցակներում 135 պատգամավորության թեկնածու: Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, Հ3-ի լրատվականի տնօրեն Արա Ալոյանը առաջադրվել են ընտրատարածքային ցուցակներով:

10.«Սասնա ծռեր»

Ժիրայր Սեֆիլյանը գլխավորում է «Սասնա ծռեր»-ի նախընտրական շտաբը: Ցուցակի առաջին համարը Վարուժան Ավետիսյանը, երկրորդը արևմտամետ հայացքներով հայտնի Ստեփան Գրիգորյանն է, երրորդը՝ Գևորգ Չուգասզյանը: Ցուցակի առաջին կինը՝ Հերմինե Մկրտչյանը, 4-րդ հորիզոնականում է: ՍԾ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված են 2016 թվականին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Կյուրեղյան եղբայրները, Արմեն Լամբարյանը, Գագիկ Եղիազարյանը: Այս ցուցակում են նաև փաստաբան Արայիկ Պապիկյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Արարայիկ Խանդոյանի եղբայր Արարատ Խանդոյանը: Համապետական ցուցակը կազմված է 174 անունից, տարածքայիններում ընդգրկված է 153 թեկնածու:

11Բարգավաճ Հայաստան»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը, ինչպես բոլոր նախորդ ընտրություններում, գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը բոլոր գումարումների ամենաշատ բացակայած պատգամավորն է: Առաջին հնգյակում են փոխնախագահ Միքայել Մելքումյանը, էներգետիկյաի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը: Ցուցակի առաջին կինը Նաիրա Զոհրաբյանն է՝ չորրորդ հորիզոնականում: 5-րդը Տիգրան Ուրիխանյանն է:

Պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Վահե Էնֆիաջյանը, Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը, Սերգեյ Բագրատյանը, Շաքե Իսայանը, Վարդան Ղուկասյանը, Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան, գործարար Անդրանիկ Մանուկյանի որդին ևս ցուցակում են: Ի սկզբանե ցուցակում գրված է եղել նաև մեծահարուստ Աբրահամ Մանուկյանի պատգամավոր որդու՝ Արթուր Մանուկյանի անունը, որը հետո ինքնաբացարկ է հայտնել: Դատելով ցուցակից՝ ԲՀԿ է վերադարձել նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, որը 5-րդ գումարումում խմբակցության հետ անհամաձայնություններ ուներ:

ԲՀԿ-ի ցուցակում ամենաուշագրավը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի ներկայությունն է, ում նկատմամբ կա հարուցված քրեական գործ: Բաբայանը ազատության մեջ է խափանման միջոցի փոփոխման արդյունքում:

ԲՀԿ-ն խորհրդարանում է 2007 թվականից, Ազգային ժողովի 4-րդ գումարումից: ԲՀԿ-ն կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ:

ԲՀԿ-ի համապետական ցուցակը կազմված է 175 անունից, իսկ ընտրատարածքային ցուցակներում ընդգրկված է պատգամավորության 155 թեկնածու: Առաջադրվել են պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, Հրանտ Մադաթյանը, Արագած Ախոյանը, Միքայել Մելքումյանը: