Հեղափոխական կառավարության իներցիոն բյուջեն ընդունվեց

նոյեմբերի 22, 2018

Նոյեմբերի 22-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը ձայների 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց 2019թ. պետական բյուջեի նախագիծը։

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը բյուջեի նախագծի վերջնական տարբերակը ներկայացրեց հակիրճ՝ նշելով, որ առիթներ ունեցել է դրան մանրամասն անդրադառնալու։ Ասաց, որ ԱԺ պատգամավորներից ստացվել է 146 առաջարկ։

Հիշեցնենք՝ բյուջեի նախագծով 2019թ. նախատեսվում է հավաքագրել շուրջ 1 տրլն 490 մլրդ դրամ եկամուտ, որը  կազմում է ՀՆԱ-ի 20,7%-ը։ Ծախսերը նախատեսվում են 1 տրլն 642 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 24,3%-ի չափով։ Բյուջեիդ եֆիցիտը 151,6 մլրդ դրամ է։ Կառավարությունը հաջորդ տարվա ընթացքում 4,9% տնտեսական աճ է նախատեսում։

Նախագծի նախնական տարբերակի համեմատ բյուջեի ծախսային հատվածը որոշակիորեն փոխվել է՝ 1 տրիլիոն 642 մլրդ-ից դառնալով 1 տրիլիոն 648 մլրդ դրամ։ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ կատարվել են նաև վերաբաշխումներ, որոնք չեզոք ազդեցություն են ունեցել բյուջեի վերջնական մեծության վրա։

Կառավարությունը այս բյուջեն համարել էր իներցիոն, քանի որ դրանում արտահայտված պարամետրերը ժառանգություն են նախորդ իշխանություններից։ Վարչապետը հայտարարել էր, որ բյուջետային քաղաքականության հիմքում լինելու է աշխատանքի և ոչ թե աղքատության խրախուսումը։

Խորհրդարանական խմբակցություններն ընդհանուր առմամբ կողմ էին հաջորդ տարվա բյուջեի նախագծին՝ որոշ վերապահումներով։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ դրական են գնահատում նախագիծը, թեպետ կարծում են, որ այն պետք է իներցիոն չլիներ, այլ արտահայտեր հանրության, գործարարների հետհեղափոխական սպասումները ։

«Ակնհայտ է, որ սպասումները գերազանցում են արձանագրված արդյունքները և դա շատ տրամաբանական է։ Ենթադրվում է, որ մենք մշտապես պետք է համակերպված լինենք այն վիճակի հետ, որ սպասումները պետք է լինեն ավելին, քան մենք կարողանում ենք ապահովել, որովհետև դա է այն նախադրյալը, որ մենք մեր զգոնությունը չկորցնենք։ Թույլ տվեք ասել, որ արվել է առավելագույնը և ընտրված ուղղությունը չի կարող քննադատվել»,- Մելքումյանին արձագանքեց Ատոմ Ջանջուղազյանը։

Հանրապետականների ֆլեշմոբը

Հանրապետական խմբակցությունը հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին, քանի որ երկրին բյուջե է անհրաժեշտ։ Սակայն  քվեարկության ժամանակ խմբակցության մի քանի գործիչներ, որոնք ներկայացնում  են կուսակցության քաղաքական թևը, հայտարարեցին, որ դեմ են ֆինանսական գլխավոր փաստաթղթի ընդունմանը։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ ներկայացվել է ոչ թե իներցիոն, այլ հետընթացի բյուջե։ «Չնայած այն հանգամանքին, որ իմ հարազատ Հանրապետական խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին, բայց հաշվի առնելով բյուջեի բովանդակային մասը՝ ես դեմ եմ քվեարկելու։ Սա հետընդթացի բյուջե է, սրանով տնտեսությունը ոչ թե զարգանալու, այլ հետընթաց է ապրելու», -հայտարարեց Շարմազանովը։

ԱԺ մյուս փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ևս հայտարարեց, որ դեմ է նախագծին՝ նշելով, որ այն ոչ թե 100 տոկոսով խոստումների կատարաման, այլ չկատարման բյուջե է։

Նույն դիրքորոշումը հայտնեց նաև Արմեն Աշոտյանը՝ միանալով գործընկերների ֆլեշմոբին.

«Հարգելով խմբակցության որոշումը՝ ուզում եմ հայտարարել, որ դեմ եմ քվեարկելու՝ արտահայտելով այն մարդկանց կարծիքը, որոնք հիասթափվել են ժամանակին տրված ու չկատարած խոստումներից։ Երկրում իրավիճակն այնպիսին է, որ տնտեսական զարգացման որևէ հեռանկարի հիմք չկա»։

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ իրենք խմբակցության որոշ անդամներին տվել են ազատություն՝ արտահայտելու իրենց դիրքորոշումը։ «Մեր խմբակցությունը պատգամավորների անձնական կարծիքների վրա չի բռնանում», -ասաց Բաղդասարյանը։