Ես արտերկրից 2 աշխատանքային առաջարկ ունեմ, բայց չեմ գնալու. Ա. Աշոտյան

նոյեմբերի 23, 2018

-Պարոն Աշոտյան, ՀՀԿ-ն քննադատում է, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությանը անփորձ է, խնդիրներ կան ՀՀ արտաքին անվտանգության, ընտանեկան արժեքների պահպանման հարցերում: Ի՞նչն է հատկապես մտահոգիչ:

-Ի տարբերություն որպես ընդդիմադիր դիրքավորվող որոշ կուսակցությունների, ՀՀԿ-ն՝ ի դեմս ինձ, Շարմազանովի, չի սպասում ընտրարշավին. մենք քննադատում ենք իշխանությանը վերջին վեց ամիսներին։ Եվ ժպիտ են առաջացնում այն ուժերը, որոնք, փորձելով ինքնադրսևորվել որպես ընդդիմադիր, թիրախավորել են բացառապես ՀՀԿ-ին։ Մի արեք այդպես, պարոնայք, դա արել է և անում է Նիկոլը, և դա նրա մոտ լավ է ստացվում։ Ով ընտրարշավի ընթացքում չի քննադատի անձամբ Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը, չի կարող արմատական ընդդիմադիր համարվել։

-Սադրում եք, որ քննադատե՞ն։

-Ես չեմ սադրում, ես ասում եմ քաղաքագիտական այբուբենային ճշմարտություն։ Իմ որոշ «շատ խելոք» գործընկերներ ասում են, թե ՀՀԿ-ն ռևանշի է ձգտում: Առնվազն ազնիվ չեն և մոլորության մեջ են գցում քաղաքացիներին, քանի որ ռևանշ նշանակում է վերադարձ, հաղթանակ։ Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն կամ որևէ այլ ուժ, բացի Նիկոլ Փաշինյանի դաշինքից, այս ընտրություններում հաղթելու շանսեր չունի։ Իսկ եթե մեզ քննադատելով՝ փորձում են կայանալ, մենք դրանց չենք արձագանքի։ Մեր քննադատության թիրախը Փաշինյանի քաղաքականությունն է, իսկ թե ինչպիսի դրսևորումներով կլինի դա, փակագծերը չեմ բացի։

-Դուք ո՞ր ուժերին նկատի ունեք. ԲՀԿ-ի՞ն, «Լուսավոր Հայաստանի՞ն», թե՞ «Մենք» դաշինքին:

-Այդպես փորձում է դիրքավորվել «Լուսավոր Հայաստանը»։ Իմ գործընկերներին պետք է խնդրեմ չտրվել գայթակղության և նորից կայանալ՝ կանգնելով ՀՀԿ-ի ուսերին։ Էդմոն Մարուքյանից և Արամ Սարգսյանից լավ՝ որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին չգիտի, բայց հրապարակավ ասում են մի բան, իրականում մտածում են այլ բան: Նման քաղաքական տեխնոլոգիաները մեր վրա կիրառելի չեն։ Հետաքրքիր չեք, տղե՛րք: Դուք մեզ մրցակից եք, բայց մեր թիրախը չեք։

-ՀՀԿ-ի նախընտրական քարոզչությանը Սերժ Սարգսյանը չի մասնակցելու, նա չընդգրկվեց նաև ընտրական ցուցակում։ Ո՞րն է պատճառը, գուցե չի՞ ցանկանում իր մասնակցությամբ վնասել կուսակցությանը։

-Սերժ Սարգսյանին հանգիստ թողեք, նա չի մասնակցել նաև 2017թ. քարոզարշավին: Սերժ Սարգսյանն իր հսկայական լուման է ունեցել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պաշտպանության գործում։ Նրա քաղաքական ռեաբիլիտացիայի ժամանակը գալու է, երբ ավարտվի այս հետհեղափոխական վակխանալիան։

-Դուք քննադատում եք իշխանություններին ու չեք խոսում ձեր ծրագրերի մասին, չեք ասում, թե ինչ լավ բաներ եք անելու: Գուցե մտածում եք, դրանց այլևս չե՞ն հավատա:

-ՀՀԿ-ն 2017թ. ապրիլին ներկայացրեց շատ լուրջ ծրագիր։ 2018թ. ապրիլյան իրադարձություններն այդ ծրագիրն ու այն իրականացնող ուժին հեռացրեցին քաղաքական օլիմպոսից։ Իհարկե, այսօր էլ ունենք զարգացման տեսլականներ բոլոր ոլորտներում։ Եվ պատահական չէ, որ շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանն իր մի հարցազրույցում ակնարկեց, թե հույս ունի, որ ՀՀԿ-ական պրոֆեսիոնալներն իր հետ կաշխատեն, և որ Սերժ Սարգսյանի իշխանության երկարակեցությունը պրոֆեսիոնալներով էր պայմանավորված։ Հիմա մենք ոչ ստանդարտ վիճակում ենք, ընտրություններից առաջ հաղթողը հայտնի է, և երկրի զարգացման հիմնական ասելիքն իրենք պետք է ներկայացնեն։ Մինչդեռ ինչ ենք տեսնում այսօր. հասունացող ճգնաժամ, պետական ապարատի գործունեության խաթարում, սոցիալական դժվարություններ՝ աշխատատեղերի կրճատման սպառնալիքով, անիմաստ օպտիմալացումներ, խոպանչիների ուղարկած գումարների հարկման ցանկություն։

-Իսկ հիշո՞ւմ եք մերժման ինչ կոչերով ՀՀԿ-ին իշխանությունից հեռացրեցին: Չե՞ք վախենում՝ քարոզչության ժամանակ էլ ձեզ այդպես դիմավորեն։

-Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է այս ընտրությունների որակի, օրենքի պահպանման, հավասար պայմաններ ստեղծելու, ատելության, ազատ խոսքի բացակայության, ինչպես նաև ՀՀԿ-ի համար։ Վայն եկել, մեզ տարել է, եթե ՀՀԿ-ի կամ որևէ այլ կուսակցության թեկնածուի նկատմամբ լինի բռնություն, ագրեսիա, սև արշավ։ Հետհեղափոխական էյֆորիան այսօր էլ կա։ Կազմակերպել խորհրդարանական ընտրություններ էյֆորիկ ժամանակահատվածում, ինչպես կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը, անթույլատրելի է, այն չի նպաստի ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանը։

-Ի՞նչ է անելու ՀՀԿ-ն, եթե չհայտնվի ԱԺ-ում։

-Մենք այս ընտրություններին չենք գնում, որովհետև աշխատանքի տեղավորման խնդիր ունենք։ Ես արդեն արտերկրից ունեմ աշխատանքային երկու առաջարկ՝ շատ ավելի բարձր աշխատավարձով, բայց չեմ գնալու երկրից։

-Ինչպես Գևորգ Կոստանյա՞նը։

-Ինձ որևէ մեկի հետ պետք չէ համեմատել: Ես և իմ կուսակցությունը առաքելություն ունենք։ Ես ինձ չեմ ների, որ այս ծանր ժամանակահատվածում չփորձեմ համոզել մարդկանց փոխել իրավիճակը, չփորձեմ արթնացնել մարդկանց գոնե մի հատվածին։ Մեզ պետք չէ 500 հազար ձայն, մեզ պետք է հայտնվել ԱԺ-ում, և ես վստահ եմ, որ ունենք այդ սոցիալական աջակցությունը։ Երկրում կա վախի մթնոլորտ, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող ընտրատարածքից, որտեղ ես եմ առաջադրվել, բազմաթիվ մարդիկ ինձ գրում են, թե վախենում ենք գալ ձեր շտաբ, մասնակցել քարոզչական միջոցառումներին, բայց վստահ եղեք, որ Ձեզ ենք ընտրելու։

-Իսկ ինչո՞ւ են ձեր ցուցակի առաջին երկու տասնյակում, հայտնի ՀՀԿ-ականների փոխարեն, ընդգրկված այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։

-Մեր ցուցակը թողեք և «Իմ քայլը» դաշինքի ցուցակը քննարկեք։ Այնտեղ, բացի մի քանի նորմալ, պատկառելի մարդկանցից՝ Արսեն Ջուլֆալակյան, Թագուհի Թովմասյան և էլի մի քանիսը,կան տարբեր ոլորտներում իրենց սնանկությունը ապացուցած գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ, Նիկոլի հետ Գյումրիից Երևան քայլած կամ պատահական սկզբունքով ընտրված մարդիկ։ Իսկ մենք ունենք ցուցակ, որտեղ մարդիկ իշխանություն դառնալու համար չեն մտել: Ի տարբերություն Նիկոլի ցուցակի, մեր ցուցակը չի դարձել պատեհապաշտ կարիերիստների կուտակման վայր: Ստեղծված իրավիճակում ՀՀԿ դրոշի տակ ընտրությունների գնալը քաղաքական խիզախություն է պահանջում: Հայաստանում բարոյական ճգնաժամ է. ճամբար լքած մարդիկ դառնում են օրվա հերոսներ, իսկ հավատարմությունն ապացուցածները՝ քննադատության թիրախ: Մի օր այս խեղաթյուրումը կվերանա մեր երկրից: