Արտահերթ ընտրություններ. ով ով է

նոյեմբերի 26, 2018

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Բայց ընտրություններին մասնակցող կուսակցությունների թիվն իրականում ավելի մեծ է. «Իմ քայլը» դաշինքում ընդգրկված են 2 կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը և «Առաքելություն»-ը: «Մենք դաշինքը» ձևավորել են «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված են ներկայացուցիչներ «Ազգային միաբանություն», «Սահմանադրական իրավունք և միություն» և «Ռեֆորմիստական» կուսակցություններիվ, իսկ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»  կուսակցության ցուցակում կան «Ժողովրդավարական հայրենիք»-ի  և «Նժդեհյան ցեղակրոն կուսակցության»  ներկայացուցիչներ: Այսպիսով, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 18 կուսակցություններ:

7 ուժ՝ «Լուսավոր հայաստան», «Իմ քայլը» դաշինք, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Քաղաքացու որոշում», «Մենք» դաշինք, «Ազգային առաջընթաց կուսակցություն», «Սասնա ծռեր», ընտրություններին մասնակցում են առաջին անգամ:

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններն առաջինն են Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո:

Ամենահինը և ընդդիմադիրներից ամենաիշխանականը

Կուսակցություններից ամենատարեցը «Հայ հեղափոխական դաշնակցությունն» է՝ 128 տարեկան:

ՀՅԴ-ն ներկայացված է եղել ԱԺ գրեթե բոլոր գումարումներում: 1995թ. խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն չի մասնակցել, բայց 1-ին գումարման ԱԺ-ում ունեցել է մեծամասնական ընտրակարգով ընտրված մեկ պատգամավոր: Ամենաշատ՝ 18 պատգամավոր ունեցել է 4-րդ գումարման ԱԺ-ում: 2003թ. խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն բոլոր գումարումներում տարբեր ձևաչափերով կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի հետ: 2009թ. հայ-թուրքական արձանագրությունների պատճառով դուրս է եկել կոալիցիայից և դարձել ընդդիմություն:

2012թ. ընտրություններից հետո կոալիցիային չի միացել, բայց 2016թ. ՀՀԿ-ի հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր և ստացել նախարարական պորտֆելներ: 2017թ. ընտրություններից հետո դարձյալ կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ:

ՀՅԴ-ն 2018թ. ապրիլի 17-ին վարչապետի պաշտոնում ընտրել է Սերժ Սարգսյանին, ապրիլի 23-ին դադարեցրել կոալիցիոն համագործակցությունը՝ իրավիճակի փոփոխությունից ելնելով: Կողմ է քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությանը, մաս կազմել նրա կառավարությանը: Հոկտեմբերի 2-ին, հայտնի իրադարձությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ նախարարներին ազատում է պաշտոններից: Դեկտեմբերի 9-ին ՀՅԴ-ն 6-րդ անգամ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

ՀՀԿ-ի 3 տասնամյակը. ընդդիմություն-իշխանություն-ընդդիմություն

1990թ. ստեղծված «Հանրապետական»-ը իրեն համարում է 1967-1987թթ.ընդհատակում գործող ԱՄԿ-ի ժառանգորդը: ՀՀԿ-ն մասնակցել է անկախ Հայաստանում տեղի ունեցած բոլոր խորհրդարանական ընտրություններին և ներկայացված է եղել բոլոր՝ 6 գումարման խորհրդարաններում: Ամենաքիչ ներկայացվածություն՝ 6 պատգամավոր. ունեցել է առաջին գումարման ԱԺ-ում, ամենաշատ՝ 69 պատգամավոր ունեցել է 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերրորդ գումարման ԱԺ-ում: 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո մինչև 2018թ. մայիս ամիսը ՀՀ վարչապետի թեկնածու ներկայացրել է ՀՀԿ-ն:

2003թ. խորհրդարանական ընտրություններից սկսած՝ ՀՀԿ-ն եղել է ԱԺ ամենամեծ խմբակցությունը: Կոալիցիոն կառավարություն է ձևավորել ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի հետ: Վերջին՝ 2017թ. ընտրությունների արդյունքում ձևավորված վեցերրորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ն նորից ստանում է բացարձակ մեծամասնություն՝ 58 մանդատ: Մեկ տարի անց 19 տարի իշխանության կազմում եղած կամ միայնակ իշխանություն ձևավորած կուսակցությունն առաջին անգամ կորցնում է վարչապետի պաշտոնը: Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն 5 տոկոսանոց անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի:

«Օրինաց երկրի» վերելքն ու վայրեջքը

«Օրինաց երկիր»-ը հիմնադրվել է 1998թ.: Ստեղծվելուց մեկ տարի անց մասնակցել է 1999թ. խորհրդարանական ընտրություններին, հաղթահարել 5 տոկոսանոց նվազագույն շեմը և 2-րդ գումարման ԱԺ-ում ունեցել 4 պատգամավոր: ՕԵԿ-ը ներկայացված է եղել ԱԺ բոլոր գումարումներում՝ 6-րդից բացի:

ՕԵԿ-ը 2003թ. միացել է Ռոբերտ Քոչարյանի ձևավորած կոալիցիային: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ընտրվել է ԱԺ նախագահ: Սա ՕԵԿ-ի զբաղեցրած ամենաբարձր պաշտոնն էր: 2006թ. Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տվել, կուսակցությունը դուրս է եկել կոալիցիայից: 2008թ. նախագահական ընտրություններից հետո դարձյալ միացել է կոալիցիային: 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո միակն էր, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմել, բայց 2014թ. ապրիլին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո չի միացել Հովիկ Աբրահամյանի կառավարությանը:

«Բարգավաճ Հայաստան»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է 2004թ., հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է: Այս կուսակցության ստեղծումը վերագրվում է Ռոբերտ Քոչարյանին: 2007թ. մասնակցել է խորհրդարանական ընտրություններին ու զբաղեցրել երկրորդ տեղը՝ ԱԺ-ում ունենալով 25 պատգամավոր: Հետագա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն ավելացրել է մանդատների քանակը, բայց շարունակել է մնալ 2-րդ ուժը՝ ՀՀԿ-ից հետո: 2012թ. ԲՀԿ-ն, 37 մանդատով, չի միացել կոալիցիային:

2014թ. ԲՀԿ-ն ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգություն» կուսակցության հետ միասին ձևավորել է, այսպես կոչված, «Հրաշալի քառյակ»-ը: 2015թ. փետրվարի 12-ի Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությանը, թե «Գագիկ Ծառուկյան դերակատարը երկրի համար չարիք է դարձել», Գագիկ Ծառուկյանը հակադարձել է. «Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»: Կարճ ժամանակ անց՝ 2015թ. մարտի 5-ին, հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից և իր համար փակում այդ էջը: 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Ծառուկյանը հայտարարել է փակած էջը բացելու և քաղաքականություն վերադառնալու մասին, ինչից հետո վերընտրվել է կուսակցության նախագահ:

2018թ. ապրիլի 17-ին ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնում ընտրել է Սերժ Սարգսյանին, օրեր անց միացել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժմանն ու պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրել է Նիկոլ Փաշինյանին և կառավարությունում պաշտոններ ստացե;, բայց հոկտեմբերի 2-ի իրադարձությունների արդյունքում զրկվել դրանցից: