Նախընտրական կարգախոսների ուղերձներն ու ալգորիթմները

նոյեմբերի 27, 2018

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 11 քաղաքական ուժերն   ներկայացրել են իրենց նախընտրական կարգախոսները ու տարբերանշանները։ Դրանց բովանդակությանը, ձևին, թիրախներին անդրադառնում են քաղտեխնոլոգն ու հոգեբանը։

Հայաստանի Հանրապետական կուսակցություն. «Եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին »

Նախկին իշխող կուսակցության նախընտրական կարգախոսը՝ իր սև ու սպիտակ ձևավորմամբ, PR մասնագետ Վիգեն Հակոբյանի խոսքով՝քաղաքական դաշտում հստակ դիրքավորում է ՀՀԿ-ին՝ որպես արմատական ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ին։

«Հասարակության այն հատվածին, որը ռադիկալ դեմ է Նիկոլ Փաշինյանին, ՀՀԿ-ն ասում է՝ եթե նիկոլենք «սպիտակ » են, մենք «սև» ենք, իրե՞նք են սև, մենք սպիտակ, մենք տարբե՛ր ենք»,-մեկնաբանում է քաղտեխնոլոգը։

Հակոբյանը կարգախոսում նաև թաքնված ալգորիթմ է տեսնում, որը «ստուգաբանում է» որպես՝ «եթե հեղափոխական էյֆորիայի մեջ չես, ուրեմն՝ մտածում ես, եթե մտածում ես, չես կարող չտեսնել, իսկ եթե տեսնում ես, չես կարող մտահոգ չլինել» ։

Հոգեբան Գագիկ Պետրոսյանը համամիտ է, միայն լրացմամբ, որ եթե մտահոգ եք, ուրեմն՝ փոխեք։

«Քաղաքացու որոշում» սոցիալ -դեմոկրատական կուսակցություն. «Ապագան քոնն է»

Քաղտեխնոլոգը հաջողված է համարում կուսակցության անվանումը  (հատկապես ՔՈ-ի՝ հեշտ հիշվող լինելը), բայց կարգախոսը՝ ոչ։ Այն գնահատում է ծեծված և կուսակցության տարիքին ու «բրենդին» ոչ համարժեք։ Հիշեցնենք, որ ՔՈ-ի անդամների գերակշիռ մասը քաղաքացիական նախաձեռնություններից է, և այս առումով նրանցից շատ ավելի հետաքրքիր ու հիշվող կարգախոս էր ակնկալվում։

Ինչ վերաբերում է տարբերանշանի կանաչ ֆոնին, ապա Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ կանաչի ընտրությունը նպատակ ունի ընդգծելու, որ երիտասարդ են։

«Հայ հեղափոխական դաշնակցություն». «Հավատարիմ հային ու հողին»

Ծայրահեղ պահպանողական, բայց տիպիկ դաշնակցական կարգախոս է՝ «հայրենիք» ու «հայ»՝ կուսակցության համար կոդային բառերով, որոնք, ըստ Վիգեն Հակոբյանի, պետք է Դաշնակցության ավանդական ընտրազանգվածին ցույց տան, որ ինչպես 128 տարի առաջ, ՀՅԴ-ն շարունակում է կրել իր արժեհամակարգը։

Ըստ քաղտեխնոլոգի՝ Դաշնակցությունը նախկինում հանդես է եկել նորարարական մոտեցումներով, հետաքրքիր ու թեթև կարգախոսներով, որոնք անգամ  «մեմերի» ու կատակների առարկա են դառնալու գնով հիշվել են։ Այս իմաստով՝ լավագույններից մեկը «Հին ընկերները չեն դավաճանում»-ն էր։

«Իմ քայլը» դաշինք . «Երջանիկ անհատ, hոգատար հանրություն, hզոր պետություն»

Հոգեբան Գագիկ Պետրոսյանի գնահատմամբ՝ ցանկացած քաղաքացու 3 հիմնական ցանկությունների արտացոլումն է՝ ծրագրի տեսքով։

Վիգեն Հակոբյանի տպավորությամբ՝ կարգախոսը չի հիշվում, կրեատիվ չէ և պարունակում է որոշակի չինովնիկական ոգի։

«Եթե չիմանայի, որ ՔՊ-ի կարգախոսն է, կասեի՝ գործող իշխանության կարգախոսն է, ինչը ցույց է տալիս, թե որքան արագ կրեատիվ ու մոբիլ ուժը, որն ընդամենը 1 տարի առաջ «Ելքի» կազմում հանդես եկավ «Ելք կա» հաջողված կարգախոսով, իշխանությունից 6 ամիս անց սկսել է տառապել իշխանության հիվանդությամբ՝ «լրջամանիայով »,-հավելեց Վիգեն Հակոբյանը։

Ինչ վերաբերում է չհաստատված «Նիկոլ վարչապետ» կարգախոսին, ապա քաղտեխնոլոգի գնահատմամբ՝այն շատ ավելի լավն է, քանի որ ունի այն 2 բառերը, որոնք մոգական ազդեցություն ունեն հեղափոխական ընտրազանգվածի վրա։

«Մենք » դաշինք. «Առաջինը Հայաստանն է»

Վիգեն Հակոբյանն ասում է, որ կարգախոսը Դոնալդ Թրամփի՝ America first կարգախոսի հայկականացված տարբերակն է ու նորաստեղծ դաշինքին հստակ տարբերակում է որպես ընդգծված արևմտամետ լիբերալ արժեքներ կրող, ու անգամ ամերիկամետ ուժ։

«Իրենց լոգոյում տեսնում ենք, որ այդ «Մենք»-ը շրջապատված է ԵՄ աստղերով։ Շարքային քաղաքացին այդ լոգոն տեսնելով՝ միանգամից հասկանում է, որ սա արևմտամետ ֆորմատ է։Բայց քանի որ կա հարցի նաև հակառակ կողմը՝ բա Հայաստա՞նը, կարգախոսի բառերն են՝ «Առաջինը Հայաստանն է»։ Եվ սա պետք է ընդգծի, որ այդ ամենն ընդամենը միջոց է Հայաստանն ավելի ուժեղ դարձնելու համար»,-նկատում է քաղտեխնոլոգը։

Հոգեբան Գագիկ Պետրոսյանն էլ այստեղ տեսնում է հայկական առանձնահատկություն. «Ունենք, չէ՞, հայերս, որ առաջին տեղը գրավենք, Եվրատեսիլում՝ առաջինը, ծանրամարտում՝ առաջինը Հայաստանը»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն . «Լուսավորիր Հայաստանը»

Վիգեն Հակոբյանի ձևակերպմամբ՝ նման է էլցանցերի կարգախոսի, բայց հիշվող է, ինչը քաղաքական տեխնոլոգիաների առումով կարևոր է։

« Կարող են ծամծմել, անգամ՝ ձեռք առնել, բայց այն աննկատ չի անցի։Եվ թիմը, հասկանալի է, խաղացել է դրա վրա»,-հավելում է Հակոբյանը։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն. «Այլընտրանք՝ այո, ընդդիմություն՝ ոչ», «Բարեկեցիկ հայրենիքի հիմքում ընկած է աղքատության վերացումը»

Ըստ Հակոբյանի՝ բավականին ճիշտ, բայց տրիվիալ ու չհիշվող բառակապակցություններ են, որոնք որևէ ասոցիացիա, էմոցիա և հիշողություն չեն առաջացնում։

«Ազգային առաջընթաց»  կուսակցություն. «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»

Հիշվող է, բայց օրիգինալ չէ։ Վիգեն Հակոբյանը հավելեց. «Չնայած ակնարկներին, որ ամեն ինչը թարմ է լինելու՝ նոր սերունդ , նոր մոտեցում, բայց ամեն ինչ տրիվիալ է»։

«Բարգավաճ Հայաստան». «Մեր խոսքը գործ է», «Հավատա, վստահիր, պահանջիր»։

Թեև ԲՀԿ-ի հին՝ առնվազն 2-3 ընտրությունների կարգախոսների կրկնությունն է, բայց քաղտեխնոլոգն այն արդարացված է համարում. « Սա անփորձ մածունի ու փորձված թանի պատմությունն է, քանի որ գրեթե ամեն օր հնչում է իրենց լիդերի շուրթերից։ Ու այնքան է հնչել, որ եթե ոչ մեկին չասես էլ՝ումն է, անմիջապես կասոցացվի Ծառուկյանի հետ»,-հավելվեց։

«Օրինաց երկիր». «Օրինականություն, արդարություն և ապահովություն»

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ անվանումից բխող կարգախոս է, ոչ հետաքրքիր, բայց ամեն ինչ կուսակցության քայլերի տրամաբանության մեջ է։

ՕԵԿ-ի տարբերանշանի աստղերն էլ բացատրվեց ՕԵԿ-ի՝ արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումները միմյանց հետ համադրելու ունակությամբ՝ «Ռուսաստան, Պատրուշև»-ից մինչև ամենն, ինչ ասոցացվում է ֆրանսիականի հետ։

«Սասնա ծռեր». «Ժամանակն է»

Որ «Սասնա ծռեր» -ը պետք է ասեն՝ «Ժամանակն է», հոգեբան Գագիկ Պետրոսյանը բնական է համարում։ Նախ, որովհետև հայկական էպոսում կա ժամանակի գաղափար՝ Ագռավաքարից դուրս գալու ժամանակ, երբ ցորենի հասկը դառնալու է ընկույզի չափ և այլն։

«Թե ի՞նչի ժամանակն է, ամեն մեկն արդեն յուրովի կարող է ընկալել, բայց սա նաև ակտիվության կոչ է»,-մեկնաբանում է Գագիկ Պետրոսյանը։

Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ այս ուժը դաշտ է մտնում որպես իրավական ու փաստացի ժառանգորդը 2016 թվականին ՊՊԾ դունդը գրաված խմբի ու դրանով իրեն վերագրում է հեղափոխությամ նախահոր դերը։

Իսկ ընտրած կարգախոսով իրեն դիրքավորում է որպես գերռադիկալ ազգայնական թև, որը բոլոր հարցերում ունի ծայրահեղ մոտեցումներ՝արտաքինից մինչև կադրային քաղաքականություն։ Հաշվարկի թիրախը սոցիալտնտեսական ահռելի խնդիրներ ունեցող Հայաստանում հասարակության՝ առավել ռադիկալ տրամադրություններ ունեցող հատվածի ձայները շահելն է: