Կառավարության վարած քաղաքականությունը չի բավարարում «Ծառուկյան» դաշինքին. Մ. Մելքումյան

հոկտեմբերի 6, 2017

-Պարոն Մելքումյան, իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, թե ԱԺ նոր կանոնակարգ օրենքով ավելացել են ընդդիմադիր խմբակցությունների իրավունքները: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

- Դեռ դժվար է ասել՝ իրավունքները ավելացել են թե ոչ. երբ սկսենք օգտվել այդ իրավունքներից, պարզ կդառնա: Նորությունը, թերևս, քննիչ հանձնաժողովի ստեղծումն է: Դրա համար պետք է լինելու խորհրդարանի ¼-ի կամ 27 պատգամավորի ստորագրությունը, նախաձեռնողն էլ ղեկավարելու է այս հանձնաժողովը: Հանձնաժողովում, սակայն, ըստ ԱԺ-ում ներկայացված համամասնության, մեծամասնություն են կազմելու կոալիցիոն խմբակցությունների անդամները: Նորամուծություն է նաև խմբակցության՝ օրենքի նախագծով հանդես գալու հնարավորությունը:

- Իշխանությունը ասում է, թե կտրուկ բարձրացել է մշտական հանձնաժողովների դերը, և ընդդիմադիր խմբակցությունները կարող են օրինագծերի լիարժեք քննարկում կազմակերպել: Բայց չէ՞ որ այս դեպքում էլ որոշում կայացնողը լինելու է մեծամասնությունը:

- Այստեղ երկու խնդիր կա՝ մեկը որոշում կայացնելու իրավունքն է, որը, բնականաբար, ձայների մեծամասնությամբ է տեղի ունենում, երկրորդը պարզապես հարցի քննարկումն է: Այսինքն բոլոր դեպքերում քննարկելու հնարավորություն կա:

- Ձևավորման և գործունեության նոր կարգ է սահմանվել նաև էթիկայի հանձնաժողովի համար: Եթե առաջ այն ստեղծվում էր օրենքի ուժով և յուրաքանչյուր նստաշրջանի առաջին քառօրիայի ժամանակ, հիմա պետք է կազմավորվի խմբակցության առաջարկով կոնկրետ դեպքի համար: Կոալիցիոն խմբակցությունները, կարող է, չընդունեն այդ որոշման նախագիծը: Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր խմբակցությունների համար սա իմիտացիոն իրավունք է:

- Բնական է, որ վերջնական որոշում ընդունելու իրավունքը վերապահված է մեծամասնությանը: Պարզապես քննարկման անհրաժեշտությունն եմ կարևորում: Հարցեր կան, որոնց դեպքում կարևորը քննարկումն է: Օրինակ, քննիչ հանձնաժողովը ԱԺ կարևոր մեխանիզմներից մեկն է, երբ գերատեսչությունները պարտավոր են տրամադրել ցանկացած փաստաթուղթ: Իսկ այդ փաստաթղթերը ենթադրում են տեղեկության վերհանում, քննարկում: Ամեն դեպքում այս և նախորդ խորհրդարաններում ընդդիմության լիազորությունները տարբեր են: Խորհրդարանական կյանքը ցույց կտա՝ նոր հնարավորությունները գործնականում կնպաստե՞ն հարցերի ավելի լիարժեք ու համակողմանի քննարկմանը թե՞ ոչ:

- Պարոն Մելքումյան, ճի՞շտ են այն կարծիքները, թե 2018թ. «Ծառուկյան» դաշինքը կմիանա գործող կոալիցիային:

- Խոսակցություններ միշտ էլ լինում են, եկեք դրանց տուրք չտանք:

- Իսկ ձեր դաշինքում կա՞ նման ցանկություն:

- Մենք նման ցանկություն չենք քննարկել: Ցանկությունները քաղաքական կատեգորիա չեն: Հակառակը, մենք այսօր քննադատում ենք կառավարության որդեգրած քաղաքականությունը, այն մեզ չի բավարարում: Այն ժողովրդի կենսամակարդակի վրա դրական ազդեցություն չի ունեցել, աշխատավարձ ու թոշակ չի բարձրացվել, նոր աշխատատեղեր չեն բացվել:

- Բայց չէ՞ որ գարնանից սկսած՝ 5-6% տնտեսական աճ է արձանագրվել:

- Այդ աճը զարգացման չի տանում: Տնտեսության իրական հատվածը արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներն են: Այդ երեքից երկուսում՝ գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում, մեծ անկում կա, մինչդեռ այդ երկուսը միասին տնտեսության իրական հատվածի կեսից ավելին է, իսկ իրական հատվածը ՀՆԱ-ի 45-47%-ն է: Արդյունաբերության ոլորտում էլ ընդամենը չորս խումբ ապրանքների արտադրություն է աճել՝ սնունդ- խմիչք, հանքագործական ապրանքներ՝ պղինձ-մոլիբդեն, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր: Այդ չորս խումբը արտադրողական ոլորտը չէ, այսինքն, ոչ բարձր տեխնոլոգիա է, ոչ էլ արտադրողական աշխատատեղեր են ստեղծվել: Ընդամենհը ծավալային ցուցանիշներ են: Դրանք շատ ռիսկային աճեր են, և մենք արձանագում ենք տնտեսական աճի դանդաղում: Չի լուծվել մենաշնորհների խնդիրը, ստվերային տնտեսության խնդիրը: Եվս մեկ խնդիր՝ մինչև տարեվերջ դեռ 480 մլրդ դրամ պետք է հավաքագրվի, որ բյուջեի հարկային մասն ապահովվի: Իսկ դա նշանակում է այսուհետ ամսական 120 մլրդ դրամ հարկ պետք է հավաքվի, մինչդեռ մինչ այժմ միջին ամսական ցուցանիշը եղել է 85-90 մլրդ դրամ:

- Կարծում եք, բյուջեի եկամտային մասը թերակատարվելո՞ւ է:

-Երբևէ ամսական 120 մլրդ դրամ հարկ չի հավաքվել: Դա միայն կարող է լինել լուրջ տնտեսական աճի դեպքում, մինչդեռ այսօր այն սկսել է դանդաղել: Տեղեր կան, որ ֆիզիկական առումով աճ կա, տեղեր կան, աճը կապահովվի գնաճի հաշվին: Բայց դա նշանակում է, որ ա՞ճ կա: Միսը և կարագը թնակացել են, դրանց վաճառքի հարկերն ավելանում են, դա նշանակում է, որ ա՞ճ է եղել: Աճը պետք է բովանդակություն ունենա, որակ, որ այն դառնա զարգացում: Այդ աճի հաշվին ոչ թոշակ ենք ավելացնում, ոչ աշխատավարձ, ոչ պետական ներդրումային ծրագրեր ենք իրականացնում: Եվ այդ աճը ինչի՞ է հանգեցնում: Ոչ մի բանի: