Ինչո՞վ են նման ու տարբեր նախընտրական ծրագրերը

դեկտեմբերի 3, 2018

parliamentmonitoring.am-ի վերլուծությունը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի բնույթի և բովանդակային շեշտադրումների վրա մեծ ազդեցություն են ունեցել դրանք ներկայացնող ուժերի քաղաքական կենսագրությունը և հավակնությունները: Ըստ այդմ՝ ծրագրերը կարելի է երեք հիմնական խմբի բաժանել.

 * քաղաքական դաշտի հնաբնակների կամ «վետերանների» դոգմատիկ ծրագրեր. այդպիսին են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի ծրագրերը

*  աճող ժողովրդականությամբ, քաղաքականպես հասունացող ուժերի նորարական ծրագրեր, որոնց թվում են «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Լուսավոր Հայաստանը»

* հանրային ճանաչելության խնդիր լուծող, որոշ դեպքերում էլ ամբիցիոզ նորահայտ ուժերի օրիգինալ ծրագրեր. դրանք են ԱԱԿ-ն, ՔՈ-ն, «Սասնա ծռեր»-ը և ՔԺՎ-ն: 

2018թ. դեկտեմբերին կայացող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 կուսակցություն. («Ազգային առաջընթաց կուսակցություն» (ԱԱԿ), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ), «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (ՔՈՍԴԿ), «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (ԼՀԿ), «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն (ՔԺՎԿ), «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (ՀՀԿ), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ), «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն (ՍԾՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուակցություն) և կուսակցությունների 2 դաշինք («Իմ քայլը», «Մենք»):

Նախընտրական ծրագրերի համեմատությունը ցույց է տալիս, որ կառուցվածքային և բովանդակային իմաստով դրանց վրա ահռելի ազդեցություն է գործել ապրիլ-մայիս ամիսներին կատարված հեղափոխական գործընթացների արդյունքում ստեղծված հանրային-քաղաքական նոր իրավիճակը, քաղաքական ուժերի վերադասավորվածությունը և դրանցով պայմանավորված՝ ընտրությունների ելքի կանխորոշվածության մեջ անխտիր բոլոր խաղացող, մասնակից ուժերի համոզվածությունը: Մասնակից ուժերից 10-ի ծրագիրը մշակվել է պարտվողականության կանխավարկածով, ընդամենը այլընտրանքային դառնալու մաքսիմալ հավակնությամբ: Այդ ուժերի նախընտրական ծրագրերն իրենց էությամբ ևս վերահաստատում են, որ մրցապայքարն ընթանում է ընդամենը երկրորդ տեղի համար: Դա է պատճառը, որ որոշ ծրագրեր պարունակում են տեսական կամ խիստ անիրատեսական, գործնականում իրենց կիրառականությունը չգտած նույնիսկ ծայրահեղական գաղափարներ, ինչպես օրինակ «Քաղաքացու որոշում» և «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» (խիստ տեսական) և «Սասնա ծռեր», «Ազգային առաջադիմական»՝ (ծայրահեղական) կուսակցությունների դեպքում:

Ծրագրերի մի մասի պարագայում ակնառու է ինքնանպատակ ներկայացված լինելու, այսինքն, նախընտրական ատրիբուտիկայի լիարժեքությունն այդ մասով ապահովելու տրամաբանությունը: Ընդ որում՝ վերջինը բնորոշ է հատկապես քաղաքական դաշտի հնաբնակներին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և ՕԵԿ-ին, որոնց համար ակնհայտորեն նախընտրական ծրագրերը քարոզչական, տակտիկական ամենակարևոր գործիքները չեն: ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ծրագրերը վիզուալ և բովանդակային առումով չափազանց նման են 2017թ. ԱԺ ընտրությոններում ներկայացրած ծրագրերին, իսկ ՀՀԿ-ի, այսպես կոչված, նախընտրական ծրագիրը հիշեցնում է ընտրություններին իրենց մասնակցելու կարիքը հիմնավորելու, մրցակցային առավելություններն ընդգծելու մանիֆեստ:

Ի տարբերություն վերոնշյալների՝ «Իմ քայլը» դաշինքի ծրագիրն ակնառու կերպով արտացոլում է ոչ միայն իշխանական հավակնությունների, այլև իշխանական ուժ լինելու կնիքը: Վերջինս արտահայտվում է ոչ այնքան ծրագրային խոստումների նկատելի հավասարակշռվածությամբ, այլև ընդգրկունությամբ ու դետալայնությամբ: Ակնհայտ է ծրագրի մշակման վրա ըստ ոլորտների պետական կառավարման օղակների լայն ներգրավվածության ազդեցությունը: Արդյունքում ստացվել է 56 էջից կազմված, գործնականում հանրային կյանքի բոլոր ասպեկտները պարունակող համապարփակ ծրագիր: Այս հանգամանքը կարևոր է նրանով, որ ենթատեքստում արտահայտում է ընտրողի նկատմամբ որոշակի պատասխանատու վերաբերմունք. ունենալով մրցակցային մեծ առավելություն տվող քաղաքական այլ ռեսուրսներ՝ հանրային ահռելի աջակցությունը և լիդերի՝ վարչապետի պաշտոնակատարի հռետորական խարիզման, «Իմ քայլը» դաշինքը չուներ, այսպես կոչված, մրցունակ ծրագիր ներկայացնելու օբյեկտիվ անհրաժեշտություն: Եվ հանրության ու փորձագետների սեղանին դնելով նման ծավալուն ծրագիր՝ քաղաքական ուժը ցուցադրում է հաշվետու լինելու պատրաստակամությունը: Կարելի է ենթադրել, որ «Իմ քայլի»՝ կասկած չհարուցող հաղթանակի դեպքում հենց այս քաղաքական ծրագիրն է կազմելու ապագա Կառավարության ծրագրի հենքը:

Միևնույն ժամանակ, «Իմ քայլը» դաշինքը, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ի տարբերություն նախորդ ընտրություններին ներկայացրած՝ ընդդիմադիր լինելու մտապատկերով կառուցված ծրագրի՝ գտնվել են շատ ավելի զգուշավոր՝ փորձելով որքան էլ նորարական, այնուամենայնիվ, հանդես գալ առավել իրատեսական կոնցեպտներով: Դա նկատելի է, օրինակ արտաքին քաղաքականությանը, սոցիալական ոլորտին վերաբերող հայեցակետերի պարագայում: Ընդ որում՝ Հայաստանի մասնակցությամբ միջազգային ինտեգրացիոն ծրագրերի, անվտանգության համակարգերի, արտաքին քաղաքական օրիենտացիաների հարցում ունեցած նախկին դիրքորոշումների ֆոնին նրանց ներկայիս հայացքները գրեթե շրջադարձային են:                         

Նկատելի է ծրագրերը մշակելու հարուցոմ հապճեպության դրոշմը: Փաստաթղթերի մեծ մասը գիտական, փորձագիտական մտքի վրա չեն խարսխված, կամ համենայնդեպս այդ հենքերը զգալի չեն: Հիմնականում բացակայում են ներքին տրամաբանական կապերը, ընդ որում՝ ոչ միայն միմյանց անմիջականորեն փոխկապակցված ոլորտներին վերաբերող ծրագրային դրույթների միջև, այլ նաև՝ ներոլորտային: Ավելի պարզ ասած՝ ծրագրերի հիմքում դրված է ոչ թե հայեցակարգայնությունն ու համակարգվածությունը, այլև առանձին-առանձին խնդիրների՝ լուծում-քայլերի հախուռն ամբողջականության ապահովման մոտեցումը: Դա է պատճառը, որ թեև ծրագրերի մեծ մասում քայլերի ու գործիքակազմերի որոշակի ամբողջություն կա, սակայն հնարավոր չէ տեսնել դրանց հավաքական վերջնարդյունքը, այսինքն, պատկերացումը Հայաստանի վերաբերյալ առնվազն 5 տարվա հեռանկարով: Պարզ չէ՝ Հայաստանի համար ինչպիսի իրավաքաղաքական, սոցիալ-տնտեսական անվտանգային ու մշակութային մոդելներ են առաջարկում: Այդպիսիք կարելի է համարել տրամագծորեն տարբեր գաղափարական հենքերի վրա կազմված «ԲՀԿ»-ի, «Մենք» դաշինքի, ՕԵԿ-ի, ԱԱԿ-ի, «Սասնա ծռեր»-ի նախընտրական ծրագրերը: Մյուսների պարագայում առկա են տեսլականները, սակայն տեսանելի, շոշափելի և որոշակի չեն կառուցակարգերը, ճանապարհները, գործիքակազմը (ՀՀԿ, ՔՈ, ԼՀ, ՔԺՎ):

Ծրագրերի մեծ մասում բացակայում է առկա իրավիճակի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ վերլուծությունը, ոլորտային հիմնահարցերի ախտորոշումը, չկա իրավիճակ-մեխանիզմներ-արդյունք սխեման: Նույնիսկ ամենաուշագրավ առաջարկություններն ու կոնցետուալ մոտեցումները թվում են եթերային:

Սա բնորոշ է առավելապես պոստսովետական կրթական համակարգում աշխարհայացք ձևավորած, համաշխարհային տեխնոլոգիական և մտակազմակերչական զարգացման տենդենցներին տեսական մակարդակով տիրապետող երիտասարդական ակտիվ, նախաձեռնողական շրջանակներից կազմված նորահայտ կուսացկությունների ծրագրերին: Վերջիններիս առավել հատուկ են օրիգինալ երևալու ընդգծված հակումը, ինչը ծրագրերը դարձնում է առավելապես հայաստանյան իրականությունից, սովորական, շարքային քաղաքացու, հասարակության իրական պարզ պահանջմունքներից ու ակնկալիքներից կտրված: Առանձին դեպքերում, ինչպես օրինակ «Սասնա ծռեր», «Ազգային առաջընթաց» կուսակցությունների պարագայում, դրանք ինչ-որ իմաստով նույնիսկ արկածախնդրային են և լուրջ ռիսկեր են պարունակում:

Ծրագրերի փիլիսոփայությունը հուշում է, որ հայաստանյան քաղաքական միտքը զարգանում է լիբերալ մտածողությունը մերժելու ճանապարհով: Ծրագրերը փաստում են, որ Հայաստանում լիբերալ գաղափարախոսությունը լուրջ ճգնաժամի մեջ է, քանի որ գրեթե բոլոր ծրագրերն ունեն սոցիալական գաղափարական առանցք: Նաև դրանով է բացատրվում աջ ուժերի միջև կոնսոլիդացիայի ձգտման բացակայությունը, և ընտրություններում այս ուժերի պերմանենտ պարտությունը: Անգամ այն կուսակցությունները, որոնք հիմա կամ երբևէ իրենց հռչակել են աջ գաղափարախոսության և արժեքների կրող, նախընտրական ծրագրերում ավելի սոցիալական ուղղվածություն են դրել՝ բոլոր, հատկապես տնտեսական հարաբերություններում պետության քիչ թե շատ կարգավորիչ, ուղղորդիչ, վերահսկիչ ու մասնակցային դերակատարությամբ: Բացառություն է կազմում «Մենք» դաշինքը: Քանի որ իր տեսակի մեջ համեստ պոտենցիալով դաշինքը ներկայումս ակտիվ քաղաքականության մեջ միայնակ է, նրա վրա է ընկած այդ գաղափարախոսության առավելություններն ընտրողին հասցնելու, ընտրողին գաղափարախոսական այլընտրանք առաջարկելու պատասխանատվությունը: