Բրենդային գյուղատնտեսությունից մինչև 4-րդ սերնդի արդյունաբերական հեղափոխություն

դեկտեմբերի 4, 2018

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում տնտեսական խոստումներն առավելապես ընդհանուր ձևակերպումներով են ամրագրվել` մենաշնորհների վերացում, ազատ տնտեսական մրցակցության, բիզնեսի և ներդրումների համար բարենպաստ դաշտի ապահովում, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացում, աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում: Նախընտրական ծրագրերում քիչ են չափելի նպատակներն և ժամկետները, ընդ որում՝ նպատակները հաճախ կրկնվում են:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի տնտեսական հատվածում զարգացմանը վերաբերող կոնկրետ ժամկետներ և նպատակային ցուցանիշներ չկան: Նշվում է, որ տնտեսական միջավայրը պետք է ձևավորվի գործարար հմտությունների անաչառ մրցակցության, հովանավորչության բացառման պայմաններում: «Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, մասնավորապես՝ նոսր բնակեցված մարզերի, սահմանամերձ տարածաշրջանների և ընդհանրապես Հայաստանի բնակչության թվի աճը»,- նշված է իշխող ուժի նախընտրական ծրագրում:

Թվերից ու ժամկետներից խուսափել են նաև նախկին իշխանությունները: Հանրապետական կուսակցությունն իր ծրագրի տնտեսական հատվածում կարևորել է արտահանման խթանումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացումը, փոքր և միջին ձեռնարկատիրության խրախուսումը: ՀՀԿ-ն հարկ է համարել շեշտել նաև նախորդ տարիների աշխատանքի արդյունքը: «ՀՀ-ն ունի մեծ և իր արտադրողի համար տեխնոլոգիապես համարժեք շուկաների հասանելիություն, կայուն և բարելավվող էներգետիկ համակարգ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար շոշափելի նախադրյալներ։ Այս հնարավորությունները ստեղծվել են տնտեսական քաղաքականությունից բխող էական ինտեգրացիոն և ենթակառուցվածքային ծրագրերի հետևողական իրացմամբ, և մենք ամեն ինչ անելու ենք, որ հետևենք ներառական գործարարության և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման խթանմանն ուղղված մեր քաղաքականությանը»,- նշված է Հանրապետականի ծրագրում։

«Քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական և տեխնոլոգիական հեղափոխությունը»,- գրված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 36 կետից բաղկացած ծրագրում: ԲՀԿ-ն առաջարկում է արդյունաբերական ու տեխնոլոգիական խելացի քաղաքների ստեղծել՝ հարկային հատուկ ընթացակարգերի ներդրմամբ: Խոստանում է էապես իջեցնել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը, մատչելի դարձնել վարկային ռեսուրսները, 2019թ. փետրվարի 1-ից վերացնել արագաչափերն ու կարմիր գծերը, 2 տարվա ընթացքում աղետի գոտում ժամանակավոր կացարաններում բնակվող բոլոր քաղաքացիներին ապահովել բնակարաններով և դեպի արաբական երկրներ պտուղ-բանջարեղենի ու մսամթերքի արտահանում կազմակերպել:

Որպես սոցիալիստական ուժ՝ «Դաշնակցությունը» խոստանում է բացառել այն իրավիճակը, որ օրնիբուն աշխատող մարդը չկարողանա հոգալ իր կարիքները: Հայտարարում է, որ աշխատանքի նվազագույն վարձատրությունը չի կարող ցածր լինել կենսաապահովման նվազագույն զամբյուղից: «Երբեմն առաջարկվող վարձատրությունն այնքան ցածր է, որ աշխատունակ և ինքնասիրություն ունեցող մարդը գերադասում է նպաստը, այլ ոչ թե ազնիվ աշխատանքը»,- նշված է ՀՅԴ նախընտրական ծրագրում: Կուսակցությունը խոստանում է հավասար բաշխել տնտեսական աճի արդյունքը:

«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է շքեղության ներդնել: Կարևորում է փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությունը` խոստանալով ֆինանսական աջակցություն, գազի և էլեկտրաէներգիայի սակագների տարբերակված կիրառում: Թոշակներին ԼՀԿ-ն պարտադիր բժշկական ապահովագրություն է խոստանում՝ թոշակների բարձրացմանը զուգահեռ:

«Մենք» դաշինքն այն փոքրաթիվ ուժերից է, որ նախընտրական ծրագրում չափելի արդյունքներ է ամրագրել: Նախատեսում է մենաշնորհների դեմ պայքարի արդյունքում բյուջետային եկամուտները ավելացնել մոտ 1 մլրդ դոլարով: Խոստանում է նվազագույնը 25 տոկոսով բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, էականորեն ՝ երեխայի ծննդի միանվագ նպաստները (1-ին երեխայի համար` 1,5 մլն, 2-րդի համար` 2 մլն, 3-րդ և 4-րդ երեխաների համար 2,5 մլն դրամ): «Մենքը» համոզված է, որ ստվերի կրճատումը թույլ կտա էականորեն ավելացնել բյուջեի եկամուտները :

50 քայլ, որ կփոխի Հայաստանը. ՕԵԿ-ը ծրագրի 50 քայլերից մեկով պատրաստվում է Հայաստանը դարձնել «զանգվածային ձեռներեցության երկիր` բացահայտելով բնակչության նախաձեռնողական ոգին»: Փոքր ու միջին ձեռնարկություններին օգնելու համար նախատեսում է ձևավորել «Գործարար շտապ օգնության» համապետական համակարգը:  Խոստանում է ստեղծել 20 խոշոր արդյունաբերական ձեռնարկություն, զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ռազմական արդյունաբերությունը՝ սահմանելով հարկային ու մաքսային արտոնությունների քաղաքակիրթ մեխանիզմներ: Նաև` կասեցնել Նաիրիտ» ու «Վանաձորի քիմպրոմ» գործարանների սնանկացման գործընթացը՝ դրանց համար վերագործարկման ռազմավարական ծրագիր մշակելով և միջազգային ներդրումային մրցույթ հայտարարելով:

Համաշխարհային չորրորդ արդյունաբերական հեղափոխության պահանջներին համապատասխան տնտեսական զարգացում է պատկերացնում նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը: Խոստանում է պետության աջակցությունը կրիպտոտնտեսության, բիոտեխնոլոգիաների, մեդիատեխնոլոգիաների, ռոբոտային և արհեստական բանականության լաբորատոր հարթակների ստեղծման համար։ Նաև կարևոր է համարում բյուջետային ազգային ավիափոխադրողի ստեղծումը, Իրան-Հայաստան մեծ տրամաչափի գազատարի կառուցումը և հանքավայրերի շահագործման լիցենզիաների օրինականության ուսումնասիրությունը:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իրեն համարում է ազգային հենքի վրա ստեղծված սոցիալական ուղղվածության բարեփոխիչ քաղաքական ուժ: Ծրագրում էլ գերակա է սոցիալական ուղղվածությունը: Կուսակցությունը կարծում է, որ կրթությունը պետք է դառնա տնտեսության գերակա ճյուղ: Որպես տնտեսական զարգացման հեռանկարային ոլորտներ է դիտարկում արդյունաբերությունը (բացառությամբ հանքարդյունաբերության), գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ծառայությունների ոլորտն ու զբոսաշրջությունը։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը ծրագրային նպատակ է համարում պատասխանատու և արդյունավետ հար­կաբյուջետային քաղաքականության միջոցով պետական պարտքի կրճատումը:  Կուսակցությունը գյուղատնտեսության ոլորտում կարևորում է բրենդային քաղաքականությունը: «Գյուղատնտեսությունը պետք է միտված լինի բնական, էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծելուն։ Գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը պետք է հասցնել նվազագույնի՝ այն փոխարինելով տե­ղում արտադրված որակյալ արտադրանք»,-նշված է կուսակցության ծրագրում։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը տնտեսությունն իր էությամբ սոցիալական ոլորտ է համարում: «Ցանկացած ժողովրդի հզորության չափման միավորը թույլերի բարեկեցությունն է, հետևաբար սոցիալական ու տնտեսական զարգացման հավասարակշռումը, կոորդինացումն ու միասնությունը սոցիալական և տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման հիմքը պետք է լինեն»,- նշվում է նորաստեղծ կուսակցության ծրագրում: