7-րդ գումարման Ազգային ժողովն ընտրվեց

դեկտեմբերի 9, 2018

Դեկտեմբերի 9-ին ընտրվեց 7-րդ գումարման Ազգային ժողովը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները առաջին համապետական ընտրություններն էին ապրիլյան հեղափոխությունից հետո, նաև ԱԺ առաջին ընտրությունները՝ կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում։

«Իմ քայլը» դաշինքը հաղթել է

Ժամը 24-ի դրությամբ ընտրատեղամասերից փոքր մասից՝ 185-ից ստացված նախնական տվյալների համաձայն՝ բացարձակ առավելությամբ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ շուրջ 70 % ձայներով։ Կեսգիշերվա տվյալներով՝ ԱԺ անցողիկ շեմը հաղթահարում են ևս երեք ուժեր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Դաշնակցությունը» ։ Նախնական տվյալներով՝ չորրորդ տեղում «Լուսավոր Հայաստանն » է։

Հանրապետական կուսակցությունը ձգտում է, բայց դեռ չի հաղթահարում անցողիկ 5 տոկոսի շեմը՝ ժամը 24-ի դրությամբ ունի քվեների 4,08 տոկոսը։ Ընտրությունների մասնակից մյուս ուժերը չեն հաղթահարել 2 տոկոսի սահմանը։

Մասնակցության ցուցանիշը ցածր է

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1 260 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը։ Ցուցանիշը 12 տոկոսով կամ 314 հազար ձայնով պակաս է նախորդ ընտրությունների նույն ցուցանիշից՝ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցել է 1 574 947 ընտրող կամ ընտրողների 60,8 տոկոսը։

Նախնական տվյալներով՝ մասնակցության ամենաբարձր ցուցանիշը՝ 55,9 տոկոս, գրանցվել է թիվ 12 ընտրատարածքում կամ Տավուշի մարզում։Ամենացածր ցուցանիշը՝ 44,35 տոկոս, արձանագրվել է Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում։ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչության պատասխանատու, պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ ցածր ցուցանիշներն ապացուցում են, որ «դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչ թե համաժողովրդական պահանջ էր, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական, քաղաքական հաշվարկների և շահերի արդյունք»:

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը հակադարձում է՝ 48,63 տոկոսը մասնակցության բարձր ցուցանիշ է, քանի որ ընտրողները քվեարկության գնացել են իրենց կամքով։ «Մենք ընտրակաշառք չենք բաժանել, գազելներով ու տաքսիներով ընտրողներին չենք հասցրել ընտրատեղամասեր, ընտրատեղամասերում չենք վերահսկել նրանց քվեարկությունը»,-հավելում է նա։

Ահազանգեր կան, ընտրակեղծիքներ՝ ոչ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գծի հեռախոսահամարներին քվեարկության 12 ժամերի ընթացքում ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ: Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները նույն ժամանակահատվածում ստացել են ընտրախախտումների վերաբերյալ 38  , ոստիկանությունը ՝144 , գլխավոր դատախազությունը ՝ 108 հաղորդում: Ահազանգերի մի մասը հերքվել է, մյուս մասով իրավապահները շարունակում են զբաղվել: Միակ քրեական գործը հարուցվել է նախընտրական շրջանում ՝ Հրազդանում ընտրությունների նախօրեին արձանագրված ընտրակաշառքի դեպքի առիթով: Գործով կա ձերբակալված անձ:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի գնահատմամբ` ընտրական օրվա ամենալուրջ ահազանգը 22/26 տեղամասում արձանագրված միջադեպն էր, երբ քվեարկությունը սկսվելուն պես պարզվեց, որ «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկներն ընդհանուր փաթեթից բացակայում են։ Քվեարկությունը ընդհատվել է ու վերսկսվել ՝ընտրատեղամաս նոր քվեաթերթիկներ հասցնելուց հետո։

Հետաքրքիր թվեր և փաստեր

ԿԸՀ ներկայացված տվյալների ամփոփմամբ՝ դեկտեմբերի 8-֊ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերը միասին ծախսել են 671 518 545 դրամ։ Կուսակցությունների և դաշինքների նախընտրական հիմնադրամներ մուտք է արվել 680 332 005 դրամ։ Այսինքն՝ընտրարշավին մասնակցած ուժերը չեն ծախսել 8 813 459 դրամ։ Նախնական տվյալներով ամենաշատ գումարը՝  268 մլն դրամ, ծախսել է «Իմ քայլը» դաշինքը։ Հաջորդում է ՀՀԿ-ն՝ 127 մլն դրամ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ծախսել է 102 մլն դրամ։ Ամենաքիչ գումարը ծախսել է «Ազգային առաջընթաց կուսակցությունը՝ 490 հազար դրամ։

ԿԸՀ տվյալներով այս ընտրություններում տպագրվել է 30 մլն քվեաթերթիկ, որոնց և իրազեկման նյութերի տպագրության համար ծախսվել է շուրջ 50 տոննա թուղթ և մի քանի մլն դոլար։ Նախընտրական գումարի մեծ մասը հատկացրել են միջազգային դոնոր կազմակերպությունները։

Հայաստանի նախկին նախագահներից ընտրություններին մասնակցել են Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը։ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններից 2 օր առաջ Վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանավորվեց, և ընտրություններին պետք է մասնակցեր քրեակատարողական հիմնարկից։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղեկացմամբ՝ երկրորդ նախագահը քվեարկությանը չի մասնակցել։