7-րդ գումարման խորհրդարանը՝ առանց հնաբնակների

դեկտեմբերի 10, 2018

7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայա ստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Ըստ դրանց՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացել է 884 հազար 849 ձայն կամ ընտրողների քվեների 70,43%-ը ։Երկրորդ տեղում Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որին կողմ է քվեարկել տվել103 հազար 837 ընտրող՝ 8,27 % , երրորդը Փաշինյանի նախկին թիմակից Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է, որը ստացել է 80 հազար 49 ձայն՝ 6,37%։

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ խորհդրարան անցած քաղաքական ուժերի միջև մանդատները բաշխվում են համամասնորեն ՝ կուսակցությունների կամ դաշինքների ստացած ձայների թիվը բազմապատկվում է 101 թվով, որը Սահմանադրությամբ պատգամավորների նվազագույն թիվն է, և բաժանվում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարին:

Օրենսգիրքը, սակայն, ամրագրում է նաև, որ Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնության մանդատների քանակը չի կարող գերազանցել ընդհանուրի 2/3-ը, իսկ փոքրամասնությանը՝ պակաս լինել 1/3-ից: Օրենսդրական այս պահանջը նշանակում է, որ ԲՀԿ-ն ու Լուսավոր Հայաստանը կստանան լրացուցիչ մանդատներ՝ փոքրամասնության 1/3 ներկայացվածությունն ապահովելու համար, ինչն էլ իր հերթին կավելացնի պատգամավորների ընդհանուր քանակը հաջորդ գումարման խորհրդարանում:

Նախնական հաշվարկների համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքը կստանա 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 26, «Լուսավոր Հայաստանը»՝ 18: 7-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 132 պատգամավոր:

Ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերը, ըստ նախնական արդյունքների, չեն հաղթահարել անցողիկ շեմը: Նրանց թվում են խորհրդարանական մեծ փորձառություն ունեցող Հանրապետական և Դաշնակցություն կուսկացությունները:

Նախկին իշխող ուժը, հրապարակված տվյալների համաձայն, ստացել է 59 068 քվե կամ ընտրողների ձայների 4.7 տոկոսըբ և չհաղթահարելով 5 տոկոսանոց շեմը՝ չի անցել Ազգային ժողով: Հանրապետականը խորհրդարանում է 2003 թվականից; 3-րդ , 4-րդ , 5-րդ և 6-րդ գումարման խորհրդարաներում եղել է ամենամեծ խմբակցությունը:

Դաշնակցությունը նույնպես ներկայացված է եղել Ազգային ժողովի բոլոր գումարումներում ՝ բացառությամբ առաջինի: Դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյուքնով՝ ստացել է ընտրողների ձայների հազիվ 4 տոկոսը:

Խորհրդարան անցած բոլոր ուժերը շնորհակալություն են հայտնել իրենց ընտրողներին: ԷդմոնՄարուքյանի ԼՀԿ-ն հայտարարել է, որ գործելու է որպես ընդդիմադիր խորհրդարանական ուժ՝ համագործակցելով արտախորհրդարանականների հետ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդդիմադիր դաշտում գործելու մասին ակնարկներ չի արել:

«Որպես երկրորդ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում և հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը՝շարունակելու է լինել ժողովրդի կողքին», -հայտարարել է Ծառուկյանը:

Խորհրդարան չանցնելն այդքան էլ չի մտահոգել ողջ քարոզարշավը մտահոգությունների վրա կառուցած Հանրապետականին: «Ընդհակառակը, ես ավելի ոգևորված եմ։ Դեկտեմբերի 9-ը Հանրապետական կուսակցության վերածննդի օրն է: ՀՀԿ-ն ապացուցեց, որ գաղափարական նվիրյալների բանակ է ու ունի առնվազն 60 հազար մահապարտ քաղաքացի, որոնք մերժել են Նիկոլին», - Parliamentmonitoring-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ավելի ուշ կուսակցությունը տարածեց հայտարարություն, որով դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները գնահատեց ժողովրդավարական՝ ձևով, բայց ոչ բովանդակությամբ:

ՀՀԿ-ն վստահեցնում է, որ շարունակելու է գործել որպես արտախորհրդարանական ուժ և թուլ չի տալու, որ «պոպուլիզմի աղմուկը խլացնի իր համակիրների մտահոգությունները»:

Մտահոգությունների մասին խոսում է նաև Դաշնակցությունը: Տարածած հայտարարությամբ կուսակցությունն արձանագրում է՝ ընտրողն իր ձայնը տվել է անհատին, և ոչ թե գաղափարին ու ծրագրին: Ըստ Դաշնակցության՝ ընտրության մասնակիցների մի ստվար զանգված այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին և ներքին վտանգներին նկատմամբ: «Փակվում է պատմության այս փուլը ու գալիս է նորը: Մենք մուտք ենք գործում այդ նոր պատմության մեջ համազգային կուռ կառույցով, ապագայի մեր երազանքով ու պայքարելու վճռականությամբ», -հայտարարում է ՀՅԴ-ն: