Ովքե՞ր խորհրդարան կգնան ռեյտինգային ցուցակներից

դեկտեմբերի 13, 2018

Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ քվեները հավաքել են «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները: Դրա կապակցությամբ արդեն իսկ հետընտրական կատակ է շրջում. «Իմ քայլ»-ի յուրաքանչյուր թեկնածուի ձայներից պետք է հանել 5000՝ Փաշինյանի ձայները:

ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի թեկնածուների ձայները «Իմ քայլի» թեկնածուների ձայների կեսն են կամ, լավագոււյն դեպքում, մեկ երրորդը:

«Իմ քայլի» «ամենաների» հնգյակը

«Իմ քայլը» դաշինքի բացարձակ ռեկորդակիրը Կոտայքի մարզում առաջադրված Սասուն Միքայելյանն է՝ 31 հազար 739 ձայնով։ 2-րդը փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է՝ 25 հազար 550 ձայնով, երրորդը՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ 24 հազար 172 ձայնով։ Հնգյակում են նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ 22 հազար 604 ձայն, Ալեն Սիմոնյանը՝ 21 հազար 812 ձայն։ 

Թեժ պայքար 2-րդ տեղի համար

ԱԺ-ում մեծությամբ 2-րդ խմբակցությունը լինելու է ԲՀԿ-ն, բայց ԼՀԿ շատ թեկնածուներ ԲՀԿ-ականներից ավելի շատ ձայն են հավաքել: ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանի ձայները, օրինակ, մոտ 3 անգամ ավելի շատ են, քան ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանինը: Թիվ 1-ում ևս քվեների քանակով ԼՀԿ-ն հաղթել է ԲՀԿ-ին։ Իսկ թիվ 6 ընտրատարածքում ԲՀԿ-ից Քաջիկ Գևորգյանը 3371 ձայնով հաղթել է 1915 ձայն հավաքած Էդվարդ Անդրեասյանին ԼՀԿ-ից։

Հատուկ բանաձևով հատուկ հաշվարկ՝ խորհրդարանական ընդդիմությանը լրացուցիչ տեղեր տրամադրելու նպատակով

Գործող Ընտրական օրենսգրքով՝ ԱԺ անցած ուժի խմբակցության առաջին կեսը պետք է լինի համապետական, երկրորդ կեսը՝ տարածքային ցուցակներից: ԿԸՀ-ն կիրակի կներկայացնի տարածքային թեկնածուների տվյալները։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոննիսյանի խոսքով՝ տարածքների քվեարկությունը ներկուսակցական մրցակցություն և քվեարկություն է: ԱԺ են գնում կուսակցության ներսում ամենաշտ ձայն հավաքած թեկնածուները, բայց քանի որ «Իմ քայլի» քվեները երկու երրորդից շատ են, սահմանադրական պահանջը ապահովելու համար ընդդիմությանը՝ ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին տրվելու են լրացուցիչ տեղեր՝ գոնե մեկ երրորդ ունենալու համար։ Իսկ տեղերում քվեարկության արդյունքները կարևոր են միայն այն ժամանակ, թե ովքեր են լինելու տեղերում։ Հետևաբար, անցնելու են ամենաշատ քվե ստացած թեկնածուները՝ մեկ ընտրատարածքից 1 կամ 2 թեկնածու, պայմանավորված, թե ԿԸՀ-ն յուրաքանչյուր տարածքից քանի ռեյտինգային տեղ կհաշվարկի։

ԿԸՀ-ն դեռ հատուկ հաշվարկ չի արել, սակայն կուսակցություններն արդեն արել են ներքին հաշվարկները։

«Բարգավաճ Հայաստան»-ը 7-րդ գումարման ԱԺ-ում կունենա 26 մանդատ, 13-ը՝ ընտրատարածքային ցուցակներից: Շիրակից ռեյտինգային թեկնածու Վարդևան Գրիգորյանի փոխանցմամաբ՝ թիվ 1 ընտրատարածքից կանցնի մանդատ կստանա Արտյոմ Ծառուկյանը, թիվ 5-ից՝ Տիգրան Ստեփանյանը, թիվ  6-ից 2 թեկնածու՝ Քաջիկ Գևորգյանը, Արայիկ Աղաբաբյանը, թիվ 7-ից՝ Նորա Առուստամյանը, թիվ 8-ից՝ Հրանտ Մադաթյանը, թիվ 9-ից՝ Արթուր Դալլաքյանը, թիվ 10-ից՝ 3 թեկնածու՝ Էդուարդ Բաբայան, Դավիթ Մանուկյան, Ջանիբեկ Հայրապետյան։ Թիվ 11-ից՝ 2 թեկնածու՝Վարդան Ղուկասյան, Վարդևան Գրիգորյան։ Թիվ 12-ից՝ Նաիրա Զոհրաբյան։

ԼՀԿ-ն կունենա 18 մանդատ, 9-ը՝ ռեյտինգային։ Ոչ պաշտոնական հաշվարկներով՝ թիվ 1 ընտրատարածքից մանդատ կստանա Գուրգեն Բաղդասարյանը, թիվ 2-ից՝ Գևորգ Գորգիսյանը, թիվ 3-ից՝ Էդմոն Մարուքյանը, 4-ից՝ Մանե Թանդիլյանը, 6-ից՝ Էդվարդ Անդրեասյանը, 8-ից՝ Ռուբիկ Ստեփանյանը, 9-ից՝ երկու թեկնածու՝ Քրիստ Մարուքյանն ու Տարոն Սիմոնյանը, 11-ից՝ Սարիկ Մինասյանը։

«Իմ քայլը» ներքին հաշվարկներ դեռ չի ներկայացնում: Կգործի հետևյալ սկզբունքը. նախ կանցնեն ամենաշատ ձայն հավաքածները, եթե նրանցից մեկը գնա գործադիր, ինքնաբացարկ ներկայացնի, ԱԺ կանցնի հաջորդ ամենաշատ ձայն հավաքածը։

Ներկայացնում ենք բոլոր 13 ընտրատարածքներում «Իմ քայլը» դաշինքի ամենաշատ ձայներ հավաքած եռյակներին։    

Թիվ 1 ընտրատարածք-Հայկ Կոնջորյանը ստացել է 12 784, Երջանիկ Հակոբյանը՝ 11 հազար 178, Մխիթար Հակոբյանը՝ 6257 քվե:

Թիվ 2  փոխվարչապետ Տիգրան Ավինյան՝ 14 հազար 314, ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյան՝ 11 հազար 300, փաստաբան, վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյան 9092 ձայն։

Թիվ 3 - փոխվարչապետ Արարատ Միրզոյան՝ 25 հազար 550, ԿՀ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյան՝ 13 հազար 810 և ՔՊ անդամ, Նիկոլ Փաշինանի աներորդի Հրաչյա Հակոբյան՝ 8920 քվե։

ԹիվԱլեն Սիմոնյան՝ 21 հազար 812, Դավիթ Սանասարյան՝ 14 հազար 316, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան՝ 5597 ձայն։

ԹիվԱրարատի մարզպետ Գարիկ Սարգսյան՝ 22 հազար 604, Սեդրակ Թևոնյան՝ 11 հազար 401, Տաթևիկ Գասպարյան՝ 9390 ձայն։

 Թիվ 6 - Վիկտոր Ենգիբարյան՝ 7995, Նարեկ Մկրտչյան՝ 6441 և Կարեն Գրիգորյան՝ 6290 ձայն։ 

Թիվ 7 - Դավիթ Գևորգյան՝ 16 հազար 508, Սերգեյ Մովսիսյան՝ 5380, Անդրանիկ Մալխասյան՝ 3188 ձայն։ 

Թիվ 8 - Վարազդատ Կարապետյան՝ 14 հազար 616, Գնել Սանոսյան՝ 12 հազար 96 և Հայկ Սարգսյան՝11 հազար 563 ձայն։

Թիվ 9 - Արամ Խաչատրյան՝ 15 հազար 38 ձայն, Սուրեն Պապիկյան՝ 14 հազար 885 և Արեն Մկրտչյան՝ 8179 ձայն։

Թիվ 10 - Սասուն Միքայելյան՝ 31 հազար 739 քվե, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան՝ 20 հազար 934 և Լիլիթ Ստեփանյան՝ 3847 ձայն։ 

Թիվ 11 - Ֆելիքս Ցոլակյան՝ 24 հազար 172, Կարեն Սարուխանյան՝ 6271, Սոֆիա Հովսեփյան՝ 5981 ձայն։ 

Թիվ 12 - Տրդատ Սարգսյան՝ 10 հազար 42, Տիգրան Կարապետյան՝ 9922 ևՆարեկ Բաբայան՝ 9657 ձայն։

 Թիվ 13 - Սիփան Փաշինյան՝ 17 հազար 155, Վահե Ղալումյան՝ 8985 և Հայկ Չոբանյան՝ 5269 ձայն։

13 ընտրատարածքներում ԱԺ չանցած ուժերի քվեներն ու «ամենաները»-ները

Կուսակցությունը ԱԺ չի անցել, բայց առանձին ռեյտինգայիններ ապահովել են բարձր ձայներ՝ ԱԺ չանցած և անգամ՝ անցած 2 մյուս ուժերի համեմատությամբ։ Նման բարձր ցուցանիշներ են ապահովել, օրինակ, հանրապետականները՝ մայրաքաղաքի 2-րդ և Լոռու 9-րդ ընտրատարածքներում։

Թիվ 2-ում, ՀՀԿ-ն համեմատաբար շատ ձայն է ստացել՝ շուրջ 7000, որից 4087-ը հավաքել է ցուցակի 1-ին համար Վիգեն Սարգսյանը,1961՝ Պետգույքի վարչության նախկին ղեկավար Արման Սարգսյանը։ Իսկ Արտաշես Գեղամյանը ստացել է 146 ձայն։

Լոռիում ևս ՀՀԿ-ականները համեմատաբար շատ ձայն են ստացել։ Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը ստացել է այս ընտրատարածքում ՀՀԿ-ի ամենաշատ ձայերը՝ 2583, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երկրորդն է՝ 2660 քվեով, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նույն ընտրատեղամասում ստացել է 1663 ձայն։ 4-րդ ում ևս ՀՀԿ-ն համեմատաբար շատ ձայներ է ստացել՝ Արմեն Աշոտյանը՝ 2396, 2-րդ համար Դավիթ Շահնազարյանը՝ 836 ձայն։

«Մենք» դաշինքի ցուցակից «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը դաշինքի ամենաշատ քվե ստացած թեկնածուներից է՝ 1647, 5-րդ ընտրատարածքում։

Թիվ 6-ում դաշնակցական ռեյտինգային թեկնածուներից համեմատաբար շատ ձայներ է ստացել ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ 1499 ձայն, թիվ 8-ում՝ Իշխան Սաղաթելյանը՝2967 քվե։ Իսկ Շիրակում բարձր ձայներ են ստացել Ռոմիկ Մանուկյանն ու Համոբ Մաթիլյանը՝ 1554 և 1201։ ՕեԿ-ից բարձր քվե է ստացել Հեղինե Բիշարյանը՝ 534 ձայն:

1-ին համարներից ամենաքիչ քվե ստացողները

4-րդ ընտրատարածքում «Ազգային առաջընթաց» կուսակցության 1-ին համար Լուսինե Հարոյանն ստացել է 80 ձայն։ ՔԺՎ-ի 1–ին համար Լևոն Շիրինյանը՝ թիվ 5-ից՝ 183։

Շատ են ընտրատատարածքները, որտեղ թեկնածուները բոլոր տեղամասերից ստացել են մինչև 20-30 քվե։ Այս առումով ռեկորդը գրանցել է ՕԵԿ-ական թեկնածու Կոլյա Խաչատրյանն՝ 6 քվեով։

ՀՀԿ-ն շատ ցածր քվե է ստացել թիվ 13 և 10՝ Տավուշի և Կոտայքի մարզերն ընդգրկող ընտրատարածքներում։ Ամենաշատ ձայները Տավուշից ստացել է նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը՝ 778։