Նախարարությունների թիվը կկրճատվի, իսկ վարչապետի լիազորություննե՞րը

դեկտեմբերի 16, 2018

Կառավարությունը որոշել է կրճատել նախարարությունների թիվը: Այդ մասին արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այսօր մեր նախարարությունների թիվը շատ ավելին է, քան մենք օբյեկտիվորեն ունենք դրա անհրաժեշտությունը: Այո, մեր քաղաքական ընկալումն այն է, որ մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի»,- դեռևս հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում հայտարարել էր նա:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, ԱԺ կանոնակարգ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, այլ հարցերի հետ միասին կառավարության առաջարկությամբ կարող է քննարկվել նաև կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը։

«Բայց եթե կառավարությունն այս փուլում չի ցանկանում կառուցվածքային փոփոխություններ իրականացնել, ապա այդ մասին պետք է առաջին նիստում հայտարարի»,- Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը։

Կառավարությունում դեռ չեն հստակեցրել, թե երբ են ներկայացնելու կառուցվածքային փոփոխության վերաբերյալ նախագիծը՝ դա կլինի առաջի՞ն նիստում` մինչև նոր կառավարության կազմավորումը, որպեսզի հետո նորից փոփոխություններ չանեն, թե՞ նախ կկազմավորվի կառավարությունը, իսկ ավելի ուշ կքննարվի նախարարությունների կամ այլ գերատեսչությունների կրճատման հարցը։ «Մի քանի տարբերակ է քննարկվում, բայց դեռ որոշում չունենք»,- փոխանցեց Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանը։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Գևորգյանն էլ հավելեց, թե ԾԻԳ-երը շատ կարճ ժամանակում կդառնան նախարարությունների ստորաբաժանումներ, իսկ նախարարությունների թիվն էականորեն կկրճատվի միավորման ճանապարհով։

Շրջանառվում է նախարարությունների թիվը 17-ից 11-ին հասցնելու տարբերակը:

Խոստումներ ընտրվելուց առաջ

Կառավարության կառուցվածքի վերջին փոփոխությունը տեղի է ունեցել այս տարվա մարտի 24-ին: Կառավարությունը ներկայացրել էր մի քանի տասնյակ նախագծերից բաղկացած օրենսդրական մեծ փաթեթ, որը խորհրդարանական ընդդիմության գնահատականով ուժեղացնում էր վարչապետի լիազորությունները և ապահովում սուպերվարչապետական համակարգ: Այդ նույն փաթեթով ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը կառավարության առընթեր մարմնի կարգավիճակից անցան վարչապետի անմիջական վերահսկողության ներքո: Նախագծերի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե այդ մարմինները կոլեգիալ պատասխանատվության ենթակայությունից տեղափոխվում են մեկ անձի պատասխանատվության ներքո, ինչն իրենց համար ընդունելի չէ:

Հեղափոխությունից հետո` մայիսի 1-ին, վարչապետի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե սուպերվարչապետական համակարգն օրենսդրության առումով արդեն իսկ ստեղծված է։ «Ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ՝ այդ խնդիրը շտկելու եւ իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում: Ես կարծում եմ, այո, չափից ավելի լիազորություններ են կենտրոնացած վարչապետի ձեռքում եւ, ընդհակառակը, այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ»,- ասել էր նա`հավելելով, թե ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ։

Արդյո՞ք նախարարությունների թվի կրճատումից բացի՝ կառավարությունը կներկայացնի փոփոխություններ, որոնցով ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը կդառնան նախարարություններ, կամ, հօգուտ այլ ինստիտուտների, կկրճատվեն վարչապետի լիազորությունները, դեռ հայտնի չէ:

Ե՞րբ կհրավիրվի նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը

Մինչև նոր կառավարության կազմավորումն ու վարչապետի լիազորությունների կրճատման հարցը, պետք է ձևավորվի նորընտիր խորհրդարանը, և հրավիրվի 7-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը, բայց դեռ պարզ չէ, թե երբ կլինի դա: Սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ առաջին նիստը գումարվում է նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը։

ԱԺ կազմավորման հարցը լուծվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկությունից յոթ օր հետո, դեկտեմբերի 16-ին, ԿԸՀ-ն հրապարակելու է քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Եվս մեկ շաբաթ, մինչև դեկտեմբերի 21-ը, քաղաքական ուժերը կարող են բողոքարկել ընտրությունների արդյունքները: Բողոքարկման ժամկետի ավարտին հաջորդում է ինքնաբացարկների համար նախատեսված ժամկետը։ Միայն այս գործընթացից հետո ԿԸՀ-ն մանդատները հանձնելու մասին որոշումը կընդունի և կհայտարարի 7-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի օրը:

Հիշեցնենք, որ նախորդ` 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արձանագրությունը հրապարակվել էր ապրիլի 9-ին, մանդատների բաշխման մասին որոշումը կայացվել է մեկ ամիս հետո` մայիսի 3-ին, իսկ առաջին նստաշրջանը գումարվել է մայիսի 18-ին: Այսինքն, դեռևս պարզ չէ, թե երբ կգումարվի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը` ընթացիկ 2018-ի տարեվերջին թե՞ գալիք 2019-ի հունվարին:

Խոստումներն իրականացնելու ժամանակը

Նոր խորհրդարանի առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ, բայց հայտնի է դրա օրակարգը, որը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով: Հենց առաջին նիստում պատգամավորները ընտրելու են ԱԺ նախագահ, փոխնախագահներ, ձևավորվելու են հանձնաժողովները: Կարող է ավելացվել հանձնաժողովների թիվը՝ եղած 9-ի փոխարեն՝ 12: Խմբակցությունների առաջարկով ընտրվելու են նաև հանձնաժողովների նախագահներ ու փոխնախագահներ:

Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների մեկնարկի հետ կլուծվի վարչապետի  նշանակման հարցը: Այս անգամ ԱԺ-ն վարչապետ չի ընտրի, քանի որ նորընտիր խորհրդարանի պարագայում, օրենքի համաձայն, հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում կկազմավորվի կառավարություն, իսկ դրան հաջորդող 20 օրյա ժամկետում նոր կառավարությունը կներկայացնի իր գործունեության ծրագիրը:

Այն խորհրդարան ներկայացվելուց հետո 24 ժամվա ընթացքում ԱԺ նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը և ժամը: Կառավարության ծրագրի հաստատումից հետո ԱԺ առաջին նստաշրջանը համարվում է ավարտված: