Պայքար 3-րդ տեղի համար. նորընտիր խորհրդարանը սկսեց աշխատանքը

հունվարի 14, 2019

Հունվարի 14-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնանքով, հանրապետության նախագահի ողջույնի խոսքով, Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը:

Նիստի մեկնարկին խորհրդարանում չէր «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Նա Ազգային ժողով եկավ նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո, բայց նիստերի դահլիճում երկար չմնաց:

Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը և սկսվում խոստումների իրականացման, ամենօրյա հետևողական աշխատանքի փուլը՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նորընտիր պատգամավորներին հորդորեց. «Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց ոչ երբեք հակառակորդներ: Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին: Իմ խորհուրդն է՝ այսօր հաջողության հասնելու համար սևեռենք մեր ուշադրությունը և գործունեությունը ապագայի վրա: Աշխատենք բոլորս միասին և բոլորս բոլորի համար սկզբունքով»:

ԱԺ անդրանիկ նիստը, ինչպես 6-րդ գումարման խորհրդարանում, վարում էր Հայաստանի քրդական համայնքը ներկայացնող Կնյազ Հասանովը: Նա այս անգամ էլ պատգամավորներից ամենաավագն էր, բայց ի տարբերություն նախորդ գումարման՝ արդեն ոչ թե Հանրապետական, այլ «Իմ քայլը» խմբակցության անդամ: Հասանովն ընթերցեց «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ներկայացնող 132 պատգամավորների անունները, և բոլորը երդվեցին, ինչպես սահմանում է ԱԺ կանոնակարգ օրենքը:

Նորընտիր խորհրդարանի առաջին քայլը ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ձևավորումն էր: Այն կնախագահի «Իմ քայլ»-ից Վահագն Հովակիմյանը: Հանձնաժողովում 5 անդամ կունենա խորհրդարանական մեծամասնությունը, 1-ական անդամ՝ ընդդիմադիր խմբակցությունները:

ԱԺ նախագահի ընտրությունը՝ առանց մրցակցության

Ինչպես նախապես հայտարարվել էր, «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Նրան ներկայացրեց խմբակցության անդամ Լիլիթ Մակունցը: Արարատ Միրզոյանը ելույթում նշեց, որ լինելու է բոլոր պատգամավորների ու ինստիտուտի նախագահը, փորձելու է ավելի ակտիվ ու նախաձեռնող դարձնել խորհրդարանը, հրաժարվել կառավարությանն արձագանքողի կարգավիճակից:

ԱԺ նախագահի թեկնածուին հարցեր ուղղեցին հիմնականում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները: Մասնավորապես, Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է Միրզոյանը հակադրվել կառավարությանը՝ բարձրացնելու ԱԺ-ի դերը և խորհրդարանն իրապես դարձնելու թիվ մեկ քաղաքական ամբիոնը, ինչին Միրզոյանը պատասխանեց. «Տրամաբանական է, որ մեծամասնությունը կառավարության հենարանն է խորհրդարանում, և բնական կլինի, որ գործադիրի նախաձեռնությունների գերակշիռ մասն աջակցություն ստանա այստեղ, բայց Ազգային ժողովը պետք է հանդես գա օրենսդրական նախաձեռնություններով, պետք է փորձի փոխել համամասնությունը, կառավարության հետ աշխատի ոչ թե ինքնանպատակ հակադրվելու, այլ երկրի ու հասարակության համար առավել լավ իրավական դաշտ ունենալու տրամաբանությամբ:

Խախտելով նախորդ գումարումներում ձևավորված ավանդույթը՝ խորհրդարանական փոքրամասնությունը այլընտրանքային թեկնածու չառաջադրեց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, որ մեծամասնության թեկնածուին պաշտպանում են կրեդիտով , որը դեռ պետք է վաստակել: Ի դեպ, նախորդ գումարման խորհրդարանում ԱԺ նախագահի փոքրամասնության թեկնածուն հենց Էդմոն Մարուքյանն էր՝ առաջադրված «Ելք» դաշինքի կողմից:

Արարատ Միրզոյանը ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվեց քվեարկության աննախադեպ արդյունքով: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 132 պատգամավորից 131-ը: 1 քվեաթերթիկ համարվել էր անվավեր:

Թեժ պայքար՝ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնի համար

Ազգային ժողովի երկու փոխնախագահների պաշտոններում «Իմ քայլն» առաջադրեց Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի թեկնածությունները: Առաջադրումներն անցան հանգիստ մթնոլորտում, քննարկում գրեթե չեղավ: Փոխարենը թեժ էր ԱԺ նախագահի 3-րդ տեղակալի ընտրությունը, այս պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն, ըստ ԱԺ կանոնակարգի, ընդդիմադիր խմբակցություններինն է: «Լուսավոր Հայաստանն» առաջադրեց Մանե Թանդիլյանի, իսկ «Բարգավաճ Հայաստանը»՝ Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը:

Առաջադրումներից առաջ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն հայտարարել էր, որ պաշտպանելու է ԲՀԿ-ի թեկնածուին: «Ընտրելու ենք այն ընդդիմությանը, որին Հայաստանի Հանրապետության քաղաքացին տվել է ավելի շատ մանդատ: Ուզում եմ իսկապես ընդգծել, որ մեր որոշումը քաղաքական է, պայմանավորված չէ անձերով», -խորհրդարանում լրագրողներին բացատրեց Լիլիթ Մակունցը։

Մինչդեռ «Լուսավոր Հայաստանը» որոշել էր «կռիվ տալ» մինչև վերջ, և այդ կռիվն, ինչպես Էդմոն Մարուքյանն ասաց, ԲՀԿ-ի հետ չէր; «Մենք չենք վիճարկում, որ ԲՀԿ-ն Ազգային ժողովի երկրորդ քաղաքական ուժն է: Դա փաստ է: Մենք վիճարկում ենք այն, թե արդյոք ԱԺ 3-րդ փոխնախագահը պետք է լինի ԲՀԿ-ի՞ց, թե՞ ԼՀԿ-ից: Մենք ասում ենք՝մենք ենք այդ տեղի հավակնորդը, որովհետև մեր փոխխոսնակը որպես ընդդիմադիր, կլինի ավելի լավը: Որևէ անձնական բան կա, մենք ձեր հետ կռիվ չունենք, որովհետև դուք չեք որոշելու, լինի՞տիկին Թանդիլյանը փոխնախագահ, թե՞ոչ: Մեր կռիվը իրանց հետ է, իրանք պետք է պատասխան տան»:

Մարուքյանի ակնարկն ուղղված էր խորհրդարանական մեծամասնությանը և տեղից դժգոհելու առիթ տվեց Սասուն Միքայելյանին:

«Պարո՛ն Միքայելյան, եթե ուզում եք, գրանցվեք, ելույթ ունեցեք, խնդրում եմ, տեղից մյուս անգամ իմ ելույթի ժամանակ չմիջամտեք, եղա՞վ: Դուք բանախոսի հետ բանավեճի մեջ եք մտել, ինձ լավ ճանաչում եք, ես էլ ձեզ»,- դիմելով Միքայելյանին՝ ասաց Մարուքյանը:

Ազգային ժողովի փոխնախագահներին խորհրդարանը կընտրի հունվարի 15-ի նիստում: Դրան կհաջորդի ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորումն ու դրանց նախագահների ընտրությունը: