Քաղաքականությունը պետք էպաշտպանված լինի քաղաքացիների ներգրավվածությամբ

հունվարի 14, 2019

Հարցազրույց ԱԺ փոխնախագահի թեկնածու Լենա Նազարյանի հետ

-Տիկին Նազարյան, համաձա՞յն եք, որ այս ԱԺ-ում արմատական ընդդիմություն չկա։

-Դա մեծ հաշվով ընդդիմադիրների հոգսն է, բայց նաև կարծում եմ, որ ընդդիմախոսներ կլինեն։

-Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտարարել էր, թե իրական ընդդիմությունը ձեր խմբակցությունից կլինի: Կարո՞ղ եք ձեր կառավարությանը հակակշիռ լինել:

-Մենք մեծ խմբակցություն ենք, ունենք պատգամավորներ, որոնք նաև հանրային, քաղաքացիական դաշտից են և, բնականաբար, տարբեր հարցերի շուրջ ունեն տարաձայնություններ։ Բայց դա դրսևորվելու է խմբակցության նիստերում, ինչպես նախկինում եղել է մեծամասնություն կազմող խմբակցությունում: Մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ նիստերի դահլիճում մեր քվեարկությունը խմբակցությունում կորոշվի: Եվ եթե խմբակցությունը որոշի ինչ-որ մի նախագծի կողմ քվեարկել, բայց լինեն մարդիկ, որոնք դեմ են, պիտի ընդունեն, որ իրենց որոշումն ընդհանուրի մեջ է:

-«Իմ քայլը» խմբակցությունն ինչո՞ւ է որոշել ԱԺ փոխնախագահի պաշտոնում քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուի օգտին: Դա առիթ է տվել մեկնաբանությունների, թե ԲՀԿ-ն ձեզ համար ընդունելի ընդդիմություն է:

-Մեզ համար ընդունելի սկզբունքն այն է, որ այդ հարցի պատասխանը տվել է ընտրողն իր քվեարկությամբ: Դա անգամ մեր ընտրությունը չէ, մենք դա չենք որոշել անձնական նախասիրություններով կամ ցանկություններով: ԱԺ կանոնակարգով այդ հարցը որոշված չէ, թողնվել է, որ մեծամասնությունը պայմանավորվածության գալով ընդդիմադիր խմբակցություններից մեկի հետ` առավելությունը մեկին տալու հնարավորություն ունենա: Մենք չենք ուզում այդ ճանապարհով գնալ և ունենալ «սիրելի» ընդդիմություն:

-Դուք ունեք աննախադեպ մեծ խմբակցություն, այդ մեծությունը ձեզ օգնելո՞ւ է արդյունավետ աշխատել:

-Իսկապես, նախորդ ԱԺ-ի ընդունած Ընտրական օրենսգրքի պատճառով հիմա պատգամավորների թիվը 27-ով ավելին է, բայց ես կարծում եմ՝ մենք կարող ենք դա դարձնել առավելություն, եթե ԱԺ-ում և այլ հարթակներում ներկայացնենք երկրի, ժողովրդի շահը։

-Ձեր ընդդիմախոսները ձեզ անփորձ են համարում և կարծում են, որ անցած 6-7 ամիսներին լուրջ արդյունք չեք գրանցել հենց այդ պատճառով։

-Իհարկե, լինելով երիտասարդ քաղաքական գործիչներ՝ մենք պետական կառավարման համակարգում մասնակցություն չենք ունեցել։ Ճիշտ է, մեզանից շատերը պետական համակարգում աշխատել են, բայց չեն կառավարել։ Մենք ունենք տարբերվող փորձ: Մենք ունենք անանցանելի թվացող խոչընդոտները հաղթահարելու փորձ, մենք ունենք սեփական ուժերին ապավինելու, բայց նաև փոխօգնությամբ գործելու փորձ, մենք ունենք չընկրկելու փորձ, մենք ունենք սեփական օրակարգերին ու գաղափարներին հավատարիմ մնալու փորձ։ Իսկ դա շատ կարևոր փորձ է։ Եվ եթե ինչ-որ բան նոր է մեզ համար, և միանգամից չենք կարող ճիշտ կոճակները սեղմել, դա ճակատագրական սխալ չէ, հաջորդ անգամ կստացվի:

-Ո՞րն էր այս ամիսներին իշխանության ամենամեծ ձեռքբերումը։

-Թեև դեռ խնդիրներ տեսնում եմ, բայց քաղաքական զարգացման առումով մեր հասարակությունը մի քայլ առաջ գնաց։ Տեսանք, որ տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, որոնց վրա մենք ազդեցություն ունենք և որոնց մասնակցում ենք։ Այս միտումը պետք է պահպանվի, որովհետև քաղաքականությունը միշտ պետք է պաշտպանված լինի քաղաքացիների ներգրավվածությամբ։ Որ պահին մարդիկ չմասնակցեն, քաղաքականությունը խոցելի կդառնա։ Սա մեզ համար դաս էր։

-Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը այս նիստի օրակարգում է, բայց դեռ չի ուղարկվել Ազգային ժողով, որ պատգամավորները հասցնեն ծանոթանան. ինչո՞ւ:

-Նախագծին ես էլ ծանոթ չեմ, բայց որևէ խնդիր չեմ տեսնում։ Կառավարությունը դեռ քննարկում է, կառավարության մարմինները դեռ առաջարկություններ են ներկայացնում, ներքին քննարկումներ են տեղի ունենում։ Նախագիծը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ: Վարչապետը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ սփյուռքի մեր հայրենակիցների հետ պետք է քննարկեն այդ հարցը։

-Կառավարության ծրագիրը նույնպես օրակարգում է, բայց դարձյալ ԱԺ չի ներկայացվել:

-Ծրագիրը կմշակեն կառավարության կազմավորումից հետո, 20 օր է նախատեսվում դրա համար։

-Այդ ծրագրից ամենամեծ ակնկալիքը քաղաքական հեղափոխությունը տնտեսության մեջ տեղափոխելն է, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել։ Այս առումով ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում։

-Մեր հենքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է։ Դրա հիման վրա կառավարությունն ավելի մանրամասն կներկայացնի, թե ինչ գործիքներ է կիրառելու այդ հնարավորությունը ստեղծելու համար։ Ինչպե՞ս տեղի ունեցավ քաղաքական հեղափոխությունը, ո՞րն էր դրա բանաձևը.մարդկանց մասնակցությունը։ Տնտեսական հեղափոխությունը պիտի լինի նույն մասնակցությամբ։ Եթե մարդիկ մտածում են, որ ՀԴՄ չտպելով, աշխատողներին չգրանցելով, հարկերից խուսափելով՝ կարող են հասնել տնտեսական հեղափոխության, ապա հավաստիացնում եմ, որ որևէ կառավարություն, որևէ ԱԺ, որևէ վարչապետ չի կարողանա դա անել։ Կառավարությունն ընդամենը պայմաններ է ստեղծում, և վստահեցնում եմ, որ հավաքված միջոցները չեն հայտնվի պաշտոնյաների գրպաններում և չեն հոսի անհայտ ուղղություններով։