Ազգային ժողովի իրական կլասիկը՝ Գագիկ Ծառուկյանը

հունվարի 15, 2019

Հունվարի 15-ին, պատգամավորական գործունեության 16 տարիների ընթացքում առաջին անգամ Գագիկ Ծառուկյանը մոտեցավ Ազգային ժողովի ամբիոնին և ելույթ ունեցավ: Նպատակը, իր իսկ բնորոշմամբ, «կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանին մի քանի բան ասելն էր»: Դեկտեմբերի 5-ի նախընտրական դեբատներից սկսած Գագիկ Ծառուկյանը Էդմոն Մարուքյանին «կնքել է» «կլասիկ» ածականով, բայց իրականում Ծառուկյանն ինքն է այս խորհրդարանի միակ «կլասիկը»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի ամենափորձառու պատգամավորն է. նա պատգամավորական գործունեության ամենահարուստ փորձն ունի՝ 16 տարի. 2003-ին պատգամավոր է ընտրվել մենակ՝ մեծամասնական ընտրակարգով, 2007-ից՝ դարձյալ մեծամասնականով, բայց ԲՀԿ-ի հետ միասին: Ու ամեն անգամ, երբ լրագրողները «տեղի-անտեղի» հիշեցնում են Ծառուկյանին տարիներով ԱԺ նիստերից բացակայելու մասին, նա կարող է սեփական «փորձով» վկայել, որ 5 գումարում անընդմեջ պատգամավոր ընտրվելու լավագույն միջոցը նիստերից մշտապես բացակայելն է:

Պատահական չէ, որ 16 տարի շարունակ պատգամավոր լինելով՝ միայն այսօր Գագիկ Ծառուկյանը մոտցավ ամբիոնին: Իր ամենաստաժավոր լինելու պահը նա գուցե դեռ չի գիտակցել, բայց նայել է դահլիճում կողքին նստածներին ու տեսել, որ այնտեղ չեն ո՛չ Գալուստ Սահակյանը, ո՛չ 127-ամյա ՀՅԴ-ն, ո՛չ առավել ևս ՕԵԿ-ը, որոնք կային դեռ իրենից առաջ: Նրանք այլևս խորհրդարանում չեն, բայց այստեղ են ինքն ու իր ստեղծած ԲՀԿ-ն՝ աննախադեպ լավ պայմաններով՝ վարչապետի ձեռքով ինքն այլևս մաքրված է օլիգարխի պիտակից, ժողովրդի քվեով ԲՀԿ-ն ընտրվել է երկրորդ ուժ, իսկ իշխանության քվեով ԲՀԿ խմբակցությունը ընտրվել է ընդդիմություն խորհրդարանում:

Գագիկ Ծառուկյանի ելույթի բովանդակությունը, իհարկե, հարուստ չէր և քննարկվող հարցին՝ ԱԺ փոխնախագահի ընտրությանը առնչվում էր ընդամենը մեկ-երկու նախադասությամբ: Իր անդրանիկ ելույթում Գագիկ Ծառուկյանը գրեթե նույնությամբ ասաց այն, ինչ ասում է հանրահավաքներում և գուցե նաև շեյխերի ու լորդերի հետ հանդիպումներում: Եթե պատահի, որ նորից առիթ ունենանք ԲՀԿ առաջնորդին ԱԺ ամբիոնի մոտ տեսնելու, նա կարող է դարձյալ նույն տեքստը կրկնել՝ ներդրումներ, բանկեր, տոկոսներ, Չինաստան, Ռուսաստան, տնտեսական հեղափոխություն: Կարևորն այս դեպքում արդեն նրա ելույթի բովանդակությունը չէ, կարևորը ելույթի գոյությունն է, ինչը նշանակում է, որ երկրում իրավիճակ է փոխվել, և ԲՀԿ-ն այսօրվա քաղաքական դաշտում մնացել է միակ «կլասիկ» ուժն ու գիտակցում է դա: