Խորհրդարանում լսում են հանձնաժողովների նախագահների թեկնածուներին

հունվարի 17, 2019

Խորհրդարանում արդեն 4 օր քննարկում են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Թեկնածուները ելույթ են ունենում, հետո պատասխանում հարցերին, հետո էլ լսում գործընկերների ելույթները:

Նորընտիր խորհրդարանում գործելու է 11 մշտական հանձնաժողով՝ 2-ով ավելի, քան նախորդ գումարման Ազգային ժողովում: Ավելացել է 2 հանձնաժողով՝ մարդու իրավունքների ոլորտն առանձնացվել է պետաիրավականից, որոշվել է ստեղծել տարածաշրջանային և եվրասիական ինտեգրացիայի հարցերով զբաղվող նոր հանձնաժողով: Բաշխումը կատարվել է քաղաքական կոնսենսուսով. 1 հանձնաժողովի նախագահ ունենալու է «Լուսավոր Հայաստանը», 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանը», 8 հանձնաժողով ղեկավարելու են «Իմ քայլ»-ի ներկայացուցիչները:

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն են . Նարեկ Զեյնալյան՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, կունենա 12 անդամ, Ռուբեն Ռուբինյան՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, կունենա 14 անդամ, Մխիթար Հայրապետյան՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), Արման Եղոյան՝ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ), Անդրանիկ Քոչարյան՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ), Վլադիմիր Վարդանյան՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ), Վարազդատ Կարապետյան՝ տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), Բաբկեն Թունյան՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ):

Նորաստեղծ հանձնաժողովների նախագահությունը վերապահվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու է Նաիրա Զոհրաբյանը, այն կունենա 10 պատգամավոր, իսկ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ՝ Միքայել Մելքումյանը (11 անդամ):

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարումն առաջին անգամ տրվել է ընդդիմությանը: Այն կգլխավորի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: Հանձնաժողովը կունենա 10 պատգամավոր:

Հարցերը շատ են , թեմաները՝ քիչ

Թեպետ նախագահների թեկնածուներն առաջադրվել են առանց մրցակիցների, բայց քննարկումներն արագ չեն ընթանում: Հարցերը շատ են, օրինակ, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին հարց տալու համար հերթագրվել էր 20 պատգամավոր: Հարցերի մեծ մասը վերաբերում էր սփյուռքի նախարարության լուծարմանը: Ի պատասխան նախկին նախարարն ասաց, որ ծրագրվում է ստեղծել հանձնաժողով կամ կառավարությանը կից վարչություն, որտեղ կաշխատեն նախարարության լավագույն աշխատակիցները:

«Սփյուռքի նախարարության կարևորության մասին խոսել ենք. եթե պահպանում ենք, հարկավոր է նրան տալ սուպեր լծակներ, եթե նախկինի նման է մնալու նախարարությունը, ապա ավելի լավ է չլինի: Սփյուռքին հաճելի լինելու համար նախարարությունը պետք չէ պահպանել: Պետք է ազնիվ լինել սփյուռքի հետ», - օպտիմալացման մասին հարցերից մեկին ի պատասխան ասաց Մխիթար Հայրապետյանը:

Նախկին դեսպանի գործունեությունը՝ ԲՀԿ-ԼՀԿ պարզաբանումների հերթական առիթ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի թեկնածության քննարկման ժամանակ նիստերի դահլիճում կրքերն այնքան թեժացան, որ ԱԺ նախագահը հորդորեց հարաբերությունները պարզել այլ վայրում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ելույթում քննադատեց նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, հայտարարեց, որ տարիներ շարունակ դեսպաններ են նշանակվել «կասկածելի անցյալ ու քրեական հեղինակություն» ունեցող անձինք: Ամենախնդրահարույցը համարեց Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեությունը: Բաբաջանյանը հայտարարեց, որ Մանուկյանը տարիներ շարունակ այդ երկրում առաջ է մղել ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահը, զբաղվել է նկարների առք ու վաճառքով: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որ 3 տարի եղել է նախկին դեսպանի խորհրդականը, զրպարտություն որակեց նշված փաստերը, ասաց, որ դրանք ադրբեջանական աղբյուրների վրա հիմնված տեղեկություններ են ու ջուր են լցնում ադրբեջանցիների ջրաղացին:

«Ես ուղղակի չեմ հասկանում՝ ի՞նչն է ստիպում Ձեզ զրպարտել», -ԱԺ ամբիոնից հարցրեց Աբովյանը:

Նախկին դեսպանին ուղղված մեղադրանքները ցավոտ էին «Բարգավաճ Հայաստան»-ի համար. այդ խմբակցության անդամ է Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը: Նա նաև Գագիկ Ծառուկյանի փեսան է: Մանուկյանը աղմուկով հեռացավ նիստերի դահլիճից: Նույն խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանն էլ նստած տեղից վեր կացավ ու գոռգոռալով մոտենում էր Էդմոն Մարուքյանին, սակայն կուսակիցները հանգստացրին նրան: «Սաղ Ուկրաինայի հայությանը հասել ա, հլը գնա հարցրա», բացականչում էր Մադաթյանը:

«Պատգամավորներին խնդրում եմ պահպանել հարգանք Ազգային ժողովի կարևոր ինստիտուտի, միմյանց և նաև նախագահության նկատմամբ: Հետայսու խնդրում եմ, էդպիսի հայտարարություններ ու ելույթներ, եթե կարիք կա, պարզել դահլիճից դուրս», -հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Միջադեպին ելույթով անդրադարձավ նաև ԼՀ խմբակցության ղեկավարը: «Ժողովուրդ, մենք էստեղ չենք եկել անձնական պատերազմներ մղելու, և ելույթն ամբողջությամբ քաղաքական ելույթ էր: Պետք է սովորենք մեկս մյուսի քաղաքական ելույթները հանգիստ լսել: Հին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած երևույթները պետք է բացառենք այս խորհրդարանում», -դիմելով գործընկերներին՝ հայտարարեց Մարուքյանը:

Մտահոգություններ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

Քննարկումը բուռն էր նաև Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի քննարկման ժամանակ: Ելույթում Էդմոն Մարուքյանը նշեց, որ երկրում մարդու իրավունքների խախտումներ կան, սակայն դրանց մասին չի խոսվում. նրանք, ովքեր պետք է խոսեն, վախենում են ֆեյսբուքյան հարձակումներից:

Որպես մարդու իրավունքների խախտում Մարուքյանը մատնանշեց փաստաբանի նկատմամբ ցուցարարների վերաբերմունքը, նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդեն իսկ մի քրեական գործով հարցադրումներ է արել կառավարությանը, իսկ գործարար Սամվել Մայրապետյանի գործով ներկայացրել պահանջներ:

«Բոլորս պետք է իմանանք, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը այնքան էլ լավ չէ: Ուզում եմ իշխանություններին շնորհավորել՝ ՄԻԵԴ-ում արդեն գործ կա կոմունիկացված՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից փնթի նախաքննության հետքերով: Տպավորություն կա, որ մարսվեց գաղտնալսումը: Բայց չէ, մեր պետությունը չի մարսելու այդ գաղտնալսումը: Դատարանների մասին՝ հասել ենք նրան, որ դատավորները խուսափում են քրեական գործը քննել: Հասել ենք նաև նրան, որ հեղափոխությանը սատարած թերթի խմբագիր է բողոքում իշխանություններից. ո՞ւր են Հայաստանի մեդիա կազմակերպությունները: Ուռա-ուռա ասելով՝ խայտառակ ենք լինելու», -մտահոգություն հայտնեց Մարուքյանը:

Իշխանական խմբակցությունից ընդդիմադիր պատգամավորին հակադարձեց նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նշեց, որ ՄԻԵԴ-ի հետ կապված իրավական բարդ պրոցեսների մեջ Հայաստանն ամենևին էլ պարտված չէ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ: Նկատենք, որ Մայրապետյանի վերաբերյալ քրեական գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը թույլ չէր տվել գործարարին մեկնել արտերկիր բուժվելու, և նրա փաստաբանները դիմել էին ՄԻԵԴ, որն էլ հօգուտ Մայրապետյանի որոշում էր կայացրել:

Անդրադառնալով Մարուքյանի «փնթի նախաքննություն» որակմանը՝ Բաղդասարյանն ասաց, որ նախաքննությունն իրականացրած քննիչներին «ժառանգություն» են նախորդ իշխանություններից ու հավելեց. «Տեղին չէր, որ պարոն Մարուքյանը սլաքն ուղղեց իշխանությանը»:

Թեկնածուների քննարկմանն այդքան լուրջ չվերաբերվել

11 մշատական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների՝ արդեն 4 օր շարունակվող քննարկումներն այլ տեսանկյունից գնահատեց տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի ու կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վարազդատ Կարապետյանը: Նա հաշվարկել էր, թե քանի օր կծախսի խորհրդարանը, եթե յուրաքանչյուր պատգամավոր որոշի բոլոր թեկնածուներին հարց ուղղել: Կարապետյանը տարակուսեց՝ արժե արդյո՞ք այդքան երկար քննարկել, երբ խմբակցություններն արդեն որոշել են իրենց թեկնածուներին ու նրանք մրցակիցներ չունեն:

«Բայց մեկ այլ հարց էլ կա՝ ի՞նչ կարևոր է, թե այս կամ այն հարցի շուրջ ես, որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու, ինչ եմ մտածում, այն դեպքում, եթե էսպես թե էնպես այդ հարցը պետք է բոլորս միասին քննարկենք, լուծենք: Հիմա եթե մենք դրել էս մարդկանց քրքրում ենք հնարավոր բոլոր հարցերի վերաբերյալ, դրա իմաստը ո՞րն է: Տպավորություն է, թե մենք ուզում ենք այս 4 օրում Հայաստանի բոլոր ռազմավարական խնդիրները լուծել, մինչդեռ ընդամենը հանձնաժողովի նախագահ ենք ընտրում: Այս հարցին այդքան լուրջ պետք չի վերաբերվել», -ժպտալով հայտարարեց Վարազդատ Կարապետյանը:

Նա հորդորեց արագ աշխատել, քանի որ ընտրողներն աշխատելու արագություն են պահանջում: Պատգամավորի անկեղծությունն արժանացավ գործընկերների բուռն ծափահարություններին: