Կառավարությունը կձևավորվի 2/3-ով. մնացածը՝ կառուցվածքը փոխելուց հետո

հունվարի 18, 2019

Հունվարի 14-ից ԱԺ առաջին նիստի օրակարգում ընդգրկված կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը քառօրյայի ավարտին դեռ խորհրդարան չէր հասել։ Ավելին, այն ամբողջությամբ մշակված էլ չէ։ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի՝ Parliamentmonitoring.am-ին տված մեկնաբանությամբ՝ նախագիծն ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելը պարզապես հնարավորություն է, որ կառավարությունը մինչև կազմավորվելը հարցը ներկայացնի խորհրդարանի քննարկմանը, եթե, իհարկե, ունի նման մտադրություն։ Իսկ եթե օրենքի ուժով նման հարց է ընդգրկվել նիստերի օրակարգ, բայց կառավարությունն այն չի ներկայացնելու, պետք է համապատասխան հայտարարությամբ հանդես գա։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ի կառավարության նիստում հայտարարեց, թե կառավարությունը ձևավորելուն զուգահեռ քննարկում են նաև կառավարության կառուցվածքին վերաբերող հարցեր: Կոնկրետացրեց. «Մի բան հստակ է. նախարարությունների թիվը կրճատվելու է: Ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»։

Տեղյակ չեն ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը

Տարեվերջին հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է նախարարությունների թիվը կրճատել 5-ով և 17-ից դարձնել 12. Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները պետք է միացվեն Կրթության և գիտության նախարարությանը, Էներգետիկայի նախարարությունը՝ Տարածքային կառավարման նախարարությանը, Գյուղատնտեսության նախարարությունը՝ Տնտեսական զարգացման նախարարությանը, իսկ Սփյուռքի նախարարությունը, հավանաբար, կներառվի Արտաքին գործերի նախարարության կազմում:

2018-ի դեկտեմբերից հայտնի այս տեղեկությանը 2019-ի հունվարին դեռ ոչինչ չի ավելացել: Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատարը չմանրամասնեց, թե երբ է սկսվելու կառավարության կառուցվածքի փոփոխման գործընթացը կամ երբ է համապատասխան նախագիծը ներկայացվելու խորհրդարան՝ կառավարության կազմավորումից առա՞ջ, թե ՞ հետո։ Այդ հարցերի պատասխանները չունեն նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Նրանցից շատերը մեր հարցը լսելով՝ բացասաբար շարժում էին գլուխները, ինչն, ընդհանուր առմամբ նշանակում էր. «Եթե կառավարությունը գտնի, որ պետք է ներկայացնել, կներկայացնի, եթե ոչ` կներկայացնի հաջորդ նիստին»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան. «Չգիտեմ, չգիտեմ, այդ հարցով ինչ գիտեի՝ ասացի: Չգիտեմ»։

Հայկ Գևորգյան. «Ես տեղյակ չեմ, եթե բերվի, կքննարկվի, եթե չբերվի, չի քննարկվի»։

Կրճատվող նախարարություններից՝ Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն էլ ասաց, որ եթե փոփոխություններին վերաբերող օրինագիծն ընդունվի, միևնույնն է, որոշ ժամանակ այդ նախարարությունները կգործեն, և օրենքն անմիջապես ուժի մեջ չի մտնի, որպեսզի նախապատրաստական աշխատանքներն ավարտվեն։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հիշեցրեց գործող իշխանության ոչ վաղ անցյալի պահվածքը, երբ դեռ ընդդիմություն էր: Ասաց՝ քննադատում էին նախորդ իշխանության գործելաոճը, թե կարևոր նախագծերն ԱԺ են ներկայացնում քննարկումից ընդամենը րոպեներ առաջ, ու պատգամավորները չեն հասցնում ծանոթանալ դրանց, որ արդյունավետ քննարկում շավալեն։ «Հույս ունեմ, որ այսօրվա իշխանությունն այդ նույն ճանապարհով չի գնա, կհարգի պատգամավորի աշխատանքը, ու նախագիծը ժամանակին կտեղադրվի կայքում»,- եզրափակեց պատգամավորը:

ԲՀԿ խմբակցությունը չի շտապում մեկնաբանել այս հարցը. «Ես այս պահին իմ անձնական դիրքորոշումը չեմ ներկայացնի, ունեմ քաղաքական թիմ, իմ անձնական կարծիքը չի կարող որոշիչ լինել»,- լրագրողների հետ զրույցում ասել էր ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

Նախարարները կնշանակվեն առաջիկա 10 օրերին

ՀՀ Սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակվելուց հետո 15- օրյա ժամկետում։ Մայր օրենքը, մասնավորապես, սահմանում է. «Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»:

Նիկոլ Փաշինյանը վարչապետ է նշանակվել հունվարի 14-ին։ Երկու փոխվարչապետները՝ Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը, արդեն նշանակվել են, բայց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը»: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ կգնան հենց այդ ճանապարհով. «Կառավարության անդամների 2/3-րդը կնշանակվի, 1/3-րդը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը»։

Նախարարների 2/3-ը կնշանակվի առաջիկա 10 օրերին, իսկ կրճատվող նախարարությունները պարզապես կմնան առանց նախարար։ Կառավարության կառուցվածքի փոփոխության համար օրենքը ժամկետային սահմանափակում չի դնում, փոփոխություններ կարող են կատարվել նաև կառավարության կազմավորումից հետո: