Միջոցներն ավելի արդյունավետ ծախսելու խնդիր կա. Ս. Բագրատյան

հունվարի 25, 2019

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ 

-Պարոն Բագրատյան, ինչպե՞ս եք վերաբերում մարզպետների կողմից իրենց և իրենց աշխատողներին պարգևատրելու փաստին։

-Եթե կառավարությունը որոշել է պարգևատրել, թող պարգևատրվեն։ Պարզապես գոյություն ունի հանրային կարծիք, որի առաջ պատասխանատու է ցանկացած իշխանություն։

-Կարծում եք՝ կառավարությա՞ն որոշումն է, որ մարզպետներն իրենք իրենց պարգևատրեն։

-Այո, որովհետև մարզպետն իր գործողությունները համաձայնեցնում է կառավարության հետ։ Հղում անելով այս օրերին արտահայտվող հանրային կարծիքին՝ կարող ենք ասել, որ սոցիալ-տնտեսական վիճակը, ֆինանսների սղությունը պահանջում են, որ եղած միջոցները հնարավորինս զուսպ օգտագործվեն։ Նոր Հայաստանի օրակարգը խնայողության ռեժիմն է։

-Այդ պարգևատրումները ներկայացվեցին որպես 13-րդ աշխատավարձ, բայց ՀՀ մարզպետները 12 ամիս չեն պաշտոնավարել. կարծում եք՝ այստեղ խնդիր կա՞:

-Եթե 6 ամսից պակաս են աշխատել, պարգևատրումների մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։ Նախկին իշխանության օրոք էլ, այո, եղել են պարգևատրումներ, բայց 30% աղքատության պայմաններում միջոցները ավելի արդյունավետ ծախսելու հարց է առաջանում։

-Իսկ այդ պարգևատրումների մեջ կոռուպցիոն ռիսկեր տեսնո՞ւմ եք, եթե նկատի ունենանք, որ հավելավճարները տրվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո։

-Ավելի շատ արդյունավետ կառավարման խնդիր եմ տեսնում և ոչ թե՝ կոռուպցիոն ռիսկ։

-Կո՞ղմ եք, որ Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին նախարարության կարգավիճակ տրվի, որպեսզի այդ կառույցները նույնպես հաշվետու լինեն Ազգային ժողովին։

-Այդ կառույցները կարող են միավորվել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, եթե կառավարությունը նախարարությունները կրճատելու խնդիր է դրել։ Ամեն դեպքում, խորհրդարանի նկատմամբ հաշվետվողականությունը կարևոր եմ համարում, որևէ կառույց չպետք է խուսափի դրանից։ Նույնը վերաբերում է նաև ՊԵԿ-ին։

-«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություն դարձնելով՝ դրանք կարող են քաղաքականացնել։ Կա՞ նման վտանգ։

-Ոչ, կառավարման համակարգը քաղաքականության արդյունքում է ձևավորվում, և բոլոր մարմիններն էլ քաղաքական են։

-Իսկ երբ այդ մարմիններն անմիջապես վարչապետին են ենթարկվում կամ կառավարությանն առընթեր կառույցներ են, զե՞րծ են քաղաքականությունից։

-Այդ դեպքում այդ մարմինների հաշվետվողականությունն ավելի ցածր է, քան եթե հաշվետու լինեն խորհրդարանին։

-Կիսո՞ւմ եք իշխանությունների կարծիքը, որ պետական համակարգը ուռճացված է, և օպտիմալացման անհրաժեշտություն կա։

-Այո, պետական ապարատը խիստ ուռճացված է։ Ավելին՝ պետական ապարատը չպետք է դիտարկել որպես աշխատատեղ։ Այն պետք է ֆունկցիոնալ գործառույթներ իրականացնի՝ համապատասխան կադրեր ընտրելով, և ոչ թե մարդը նշանակվի, ու հետո որոշեն, թե ինչ գործառույթ պետք է իրականացնի։

-ԲՀԿ-ն առաջարկեց ԱԺ-ում ստեղծել Եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողով և հայտարարեց, որ այդ առիթով խորհրդակցել է Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ։ ՀՀ խորհրդարանում ինչ-որ կառույց ստեղծելու հարցով ինչո՞ւ պետք է այլ երկրի հետ քննարկում արվի:

-2009թ. ԲՀԿ-ն «Եդինայա Ռոսիայի» հետ համաձայնագիր է ունեցել, որի կետերից մեկով տնտեսական քաղաքականության զարգացման խնդիր էր դրվել։ Եվ կուսակցությունն իր քաղաքական առաքելությունը պետք է իրականացնի կոնկրետ ծրագրերով։

-Ազգային ժողովի վերջին երեք գումարումներում ձեր խմբակցության ներկայացուցիչը ղեկավարում էր Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։ Այստեղ չկա՞ դիրքորոշումների հակասություն։

-Ոչ, դա նշանակում է բազմաբևեռ հարաբերություններ, բազմաբևեռ տնտեսական քաղաքականություն։ Եթե նախորդ ԱԺ-ում մեզ վստահել են Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, մենք այդ ուղղությամբ ենք աշխատել, բայց քանի որ մենք Եվրասիական տնտեսական համակարգում ենք գործում և քվեարկել ենք Եվրասիական միության հետ համատեղ աշխատելու օգտին, պետք է այդ ուղղությունը զարգացնել։ Եվ այդ ուղղությունները ոչ թե պետք է հակադրել, այլ համադրել։

-ԲՀԿ-ն կարծես թե խուսափում իշխանություններին քննադատելուց, չե՞ք ցանկանում սուր ընդդիմություն լինել։

-Համաձայն չեմ այդ տեսակետի հետ։ Գործող իշխանությունը 70% քվե ունի, դա նշանակում է, որ ժողովրդի մեծամասնությունը վստահում է «Իմ քայլը» դաշինքին։ Հարցերին, որոնք հանրության մեծամասնության հավանությանն են արժանացել, հակադրվելու խնդիր չունենք։ Հակադրվելու խնդիր կունենանք, եթե դրանք չիրականացվեն։ Տվյալ դեպքում ընդդիմության համար առաջնային է դառնում վերահսկողության գործառույթը:

-Իսկ նոր խորհրդարանը կարո՞ղ է կառավարությանը հակակշիռ լինել, թե՞ նախորդի նման կընդունի գործադիրի բոլոր նախաձեռնությունները։

-Միանշանակ, շատ ավելի ուժեղ կլինի, բայց մենք չենք կարող դեմ լինել նախագծերին, որոնք կներկայացվեն ժողովրդին տրված խոստումները կատարելու համար: Ընդդիմությունը չպետք է այնքան պարզունակ լինի, որ իշխանության բոլոր նախաձեռնություններին դեմ քվեարկի: