Չեմ կարծում, որ ԱԺ-ում գլոբալ փոփոխություններ կլինեն. Ս. Նիկոյան

- «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում կատարված փոփոխությամբ իշխանությունը սահմանափակեց ընդդիմության՝ հանրաքվեի նախաձեռնություն ներկայացնելու իրավունքը: Ինչո՞ւ:
- Հարցրեք ընդդիմությանը, թե քանի անգամ է օգտվել իր այդ հնարավորությունից: Ցանկացած հարցի քննարկման կամ որոշում ընդունելու համար անհրաժեշտ է մեծամասնության աջակցությունը՝ լինի ավագանու կազմում թե ներկայացուցչական մարմնում: Ստացվում է, որ այդ իրավունքը ձևական էր, չէին օգտագործում կամ ավելի շատ օգտագործում էին պոպուլիզմի համար, որպես ականջահաճո հարց: Դրա փոխարեն կարելի էր քաղաքին վերաբերող շատ ավելի լուրջ խնդիրներ առաջ քաշել ու լուծում պահանջել: Կարծում եմ՝ ճիշտ որոշում է, որ հանրաքվե հրավիրելու իրավունքը տրվում է ավագանու 1/3-ին: Չափանիշ, որը գործում է նաև շատ խորհրդարաններում:
- Եթե այդ իրավունքը ձևական էր, և ընդդիմադիր խմբակցությունը առանց մեծամասնության չէր կարող հանրաքվե հրավիրել, ուրեմն, ինչո՞վ էր իշխանությանը խանգարում այդ գրեթե չկիրառելի նորմը:
- Իսկ ինչո՞ւ եք ուզում, որ ձևական իրավունքը պահպանվեր: Նման նորմի գոյության իմաստը ո՞րն է: Ավելի ճիշտ չէ՞ օրենսդրական դաշտը բերել շատ ավելի կիրառելի վիճակի:
- Նման մի իրավունք էլ ԱԺ-ում է սահմանափակվել: Խոսքը էթիկայի հանձնաժողովի մասին է, որը Աժ նոր կանոնակարգ օրենքով կարող է ստեղծվել խմբակցության նախաձեռնությամբ, կոնկրետ դեպքի առիթով և ԱԺ որոշմամբ: Այս փոփոխությունը ընդդիմության լիազորությունների սահմանափակում չէ՞. ընդդիմադիր խմբակցությունը կարող է հանդես գալ նախաձեռնությամբ, բայց հարցը կարող է մեծամասնությանը դուր չգալ, ու քվեարկելով՝ մերժի հանձնաժով ստեղծելու նախագիծը:
- Իսկ նախկինում օրենքի ուժով ստեղծվող էթիկայի հանձնաժողովը ցանկացած հարց քննարկման առարկա՞ էր դարձնում:
- Մեծամասամբ՝ այո:
- Համաձայնեք, քաղաքական մեծամասնությունից է կախված ցանկացած հարցի քննարկում, ցանկացած որոշման բովանդակություն:
- Այո, բայց գոնը հարցը բարձրացնելու հնարավորություն էր լինում:
- Բայց ավելի լավ չէ՞, որ հարցը տեղափոխվի լիագումար նիստ, ու տրվեն այն չընդունելու հիմնավորումները: Չէ՞ որ հանձնաժողովն իր հրապարակայնությամբ զիջում է լիագումար նիստին: Կարծում եմ, խորհրդարանական ընդդիմության համար էլ է լավ, որ քննարկումը լինի լիագումար նիստում:
- «Ելք» խմբակցությունը Արտաշես Գեղամյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի առիթով առաջարկել է ստեղծել էթիկայի հանձնաժողով: Հավանաբար դա ձեր խմբակցությանը դուր չի գա, կմերժեք նախագիծը, ու հարցը չի քննարկվի:
- Եկեք առաջ չընկնենք և չասենք, թե ինչ տեղի կունենա: Իսկ եթե քաղաքական մեծամասնությունը որևէ հարցում ուզում է դիրքորոշում ունենալ, դա կարող է արտահայտել թե հանձնաժողովում, թե լիագումար նիստում:
- Խորհրդարանում ընդդիմության հնարավորությունների հաջորդ ոչ լիարժեք դրսևորումը Սահմանադրության ուժով ԱԺ ձևավորման փուլում նրանց մանդատների 1/3-ը հատկացնելն է: Բայց ինչ-որ պահի ընդդիմադիր խմբակցություններից մեկը կարող է միանալ կոալիցիային՝ իր հետ տանելով 33%-ի կամ 33 մանդատի հնարավորությունը: Չե՞ք կարծում, որ այդ իրավունքն էլ ինչ-որ պահի կարող է լիարժեք չլինել:
- Ոչ: Այդ իրավունքը չի կարող գործել խորհրդարանական գործունեության ողջ ընթացքում, hակառակ պարագայում անվերջ կարող ես պատգամավորների թիվը մեծացնել: Այդ պատճառով էլ ընդդիմությանն այդ hնարավորությունը տրված է ԱԺ-ի ձևավորման փուլում:
- Տպավորություն է, թե այդ նորմը ներդրվել է իշխանությունների համար ցանկալի կազմով ԱԺ ձևավորելու, անգամ խորհրդարանական ընդդիմությանը վերահսկելու համար: Կան քննարկումներ, թե «Ծառուկյան» դաշինքն ի վերջո կմիանա կոալիցիային, ու այս դեպքում «Ելքը» չի ունենա այդ 1/3-ը ձևավորելու հնարավորությունը:
- Երբ մշակվում էր Սահմանադրության նախագիծը, մենք գիտեի՞նք, թե մի քանի տարի հետո ովքեր են հայտնվելու ԱԺ-ում, կամ որ քաղաքական ուժը քանի տոկոս է ստանալու: Ոչ: Ես չեմ կարծում, որ ԱԺ-ում գլոբալ փոփոխություններ կլինեն, և խորհրդարանն իր գործունեությունը կշարունակի այս համաչափությամբ: