Կառավարության ծրագրին սպասելիս

հունվարի 28, 2019

Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը: Իսկ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ «Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը»: Հունվարի 19-ին նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նշանակել է 12 նախարարների, ինչի արդյունքում կառավարությունը երկու երրորդով կազմավովել է: Ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում կառավարությունը պետք է Ազգային ժողով ներկայացնի իր գործունեության ծրագիրը:

Ազգային ժողովում ոչ միայն ոչ իշխանական խմբակցությունները, այլև խորհրդարանական մեծամասնության` «Իմ քայլը» խմբակցության անդամները դեռ տեղյակ չեն, թե ինչ շեշտադրումներ է ունենալու կառավարության ծրագիրը, ինչ է խոստանալու, որ ուղղությունները և ինչպիսի քայլերով են զարգանալու: Տեղյակ չեն նաև, թե կոնկրետ որ օրն է այս կարևոր փաստաթուղթը ներկայացվելու խորհրդարան:

Այնուամենայնիվ, ինչպես է կառավարության ծրագրում արտացոլվելու վարչապետի հռչակած տնտեսական հեղափոխությունը, և ինչպես ենք հասնելու դրան: Խոսելով այս մասին՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը Parliamentmonitoring.am-ին ասաց, թե տնտեսական հեղափոխությունը եղել և մնում է իրենց հավատամքը, և Հայաստանը պետք է ունենա «որակյալ տնտեսություն` ամենալավ իմաստով»:

«Ես կարող եմ միայն ասել, որ կառավարության ծրագրում ուզում եմ տեսնել այն գիծը, որով Հայաստանն ունենալու է շատ տպավորիչ տնտեսություն: Դա ոչ հանքահումքային տնտեսությունն է, տնտեսական ազատություններն են, բացարձակ անվերապահ մրցակցությունը, որը հանգեցնելու է տնտեսության արագ զարգացմանը: Տնտեսություն, որտեղ արժևորվում են տեխնոլոգիաները, բարձր արտադրողականությունը: Տեխնիկական առումով սա է տնտեսական հեղափոխությունը: Ես ընդհանուր սկզբունքն եմ ասում, բայց դետալները կներկայացնի կառավարությունը»,- ասաց պատգամավորը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ակնկալում է, որ կառավարության ծրագրում հստակ արձանագրվեն գերակայությունները և առանձնացվեն տնտեսական քաղաքականության զարգացման ճյուղերը: Գործադիիրը պետք է հարկային ու մաքսային օրենսդրությունն ու վարչարարությունը փոխելու նպատակ դնի: «Կամ եթե գերակա ուղղություն ես համարում, օրինակ, տուրիզմը, բարձր տեխնոլոգիաները, ուրեմն, պետք է համարժեք իրավական հարթություն ապահովես: Գերակա ուղղությունը պետք է որևէ կերպ առանձնացվի մյուսներից: Պետք է գտնել այն ուղղությունները, որոնք մեր տնտեսությանը, մեր աշխարհաքաղաքական դիրքին, մեր հնարավորություններին համապատասխան կլինեն: Այսինքն, պետք է գերակա համարենք այն ճյուղերը, որոնք տրանսպորտային խնդրներ չեն առաջացնում, որոնց զարգացումը չի դանդաղի` պայմանավորված Լարսի անցակետով: Տեղեկատվական տեխնոլոգիաների համար ամենևին պարտադիր չէ ունենալ տրանսպորտային հարմարավետություն»,- հավելում է Սերգեյ Բագրատյանը:

ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանն էլ կարևորում է, որ կառավարության ծրագրում չափելի նպատակներ լինեն՝ իրականացման կոնկրետ ժամկետներով: «Հակառակ պարագայում դա կլինի ոչ թե ծրագիր, այլ բարի ցանկությունների ժողովածու»,- նշեց պատգամավորը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ցանկանում է, որ կառավարությունը նախ կառուցվածքային փոփոխության մասին նախագիծը ներկայացնի, քանի որ հենց դրանով պարզ կդառնա, թե ինչ ռազմավարությամբ են ապահովելու Հայաստանի զարգացումը: Պատգամավորի խոսքով` անտրամաբանական կլինի, եթե կառավարության կառուցվածքի փոփոխությունը ԱԺ ներկայացվի ծրագրից հետո:

«Ամեն դեպքում, կառավարության ծրագիրը պիտի լինի ագրեսիվ, որովհետև իշխանությունները շատ են խոսել տնտեսական հեղափոխություն, տնտեսական հրաշք կատարելու մասին: Մենք ցանկանում ենք դրանց նախանշանները տեսնել ծրագրում: Մենք, բնական է, կուզեինք, որ երկիրը զարգանար մեր ծրագրին համապատասխան, բայց վստահ չեմ, որ կառավարությունն իր ծրագրում ընդգրկելու է մեր մոտեցումները: Ուրախ կլինեմ տեսնել թեկուզ դրանցից տարբերվող, բայց նույն նպատակին տանող մոտեցումներ»,- եզրափակեց ԼՀԿ պատգամավորը: