Յոթանիշ պարգևավճարների հարցը հասավ Ազգային ժողով

հունվարի 29, 2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 29-ին հրավիրվել էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցություն: Պաշտոնական վարկածով՝ եկել էր աշխատանքային քննարկման՝ պարգևավճարների ու Հարկային օրենսգրքում փոփոխությունների շուրջ, սակայն ակնհայտ էր, որ ՊԵԿ նախագահը Ազգային ժողովում էր՝ խորհրդարանական մեծամասնությանը բացատրություն տալու, թե ինչո՞ւ են աստղաբաշխական թվերով պարգևավճարներ դուրս գրվել պետբյուջեից: 

Ըստ մամուլի հրապարակումների՝ ՊԵԿ-ում տոնական օրերից առաջ յոթանիշ թվերի հասնող պարգևավճարներ են փոխանցվել ՊԵԿ նախագահին, նրա գործավարուհուն, բարձրաստիճան պաշտոնյաներին: Մասնավորապես, Դավիթ Անանյանը ինքն իրեն պարգևատրել է 8 մլն 55 հազար դրամով, իսկ իր տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին՝ 9 մլն 60 հազար դրամ: ՊԵԿ-ը, սակայն, հերքել էր այդ տեղեկությունը և ընդգծել, որ պարգևատրումների նման չափեր կոմիտեում չկան: Նշենք, որ ՊԵԿ նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 793 680 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը):

Որ պարգևավճարների չափը մտահոգել էր իշխող ուժին, չհերքեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼիլիթՄակունցը: «Մենք կարծում ենք, որ պարգևավճարների հետ կապված հարցը վերանայելու կարիք ունի: Առաջիկայում կառավարության հետ կքննարկենք, կհասկանանք, թե ինչ ձևաչափով լուծենք այն: Մի կողմից մենք ասում ենք, որ կա օրենք, որի շրջանակներում կատարվում են այդ պարգևատրումները, մյուս կողմից էլ մենք ունենք այն արձագանքը, որը ունեցանք», -լրագրողներին ասաց Մակունցը:

Իշխանական ուժի ներկայացուցիչը կարևոր է համարում խնդրի լուծումը, որպեսզի մարդիկ անարդարության զգացում չունենան: Սակայն նա կարևորում է նաև պետական համակարգում կադրեր պահելու հարցը: «Խնդիրը երկակի է՝ չենք կարող ունենալ ցածր վարձատրվող կադրեր, որոնք կիրականացնեն որակյալ աշխատանք, որպիսին ուզում ենք», -բացատրեց խմբակցության ղեկավարը:

Հարցին՝ հնարավո՞ր է առաջացած աղմուկի հետևանքով ՊԵԿ նախագահի պաշտոնանկության հարց բարձրացվի, Մակունցը պատասխանեց. «Ամեն հարց, որ մենք բարձրացնում ենք, ինքնանպատակ չէ: Ինքնանպատակ չեն նաև հանրության կողմից բարձրացված հարցերը: Այս պահին չեմ կարող ձեր հարցին պատասխանել, այս պահին նման խնդիր չենք դնում։ Մենք խնդիր ենք դնում լուծել այս պահին մեր առջև դրած խնդիրները»:

«Իմ քայլը»-Դավիթ Անանյան հանդիպումը դռնփակ էր, մասնակցում էին միայն խմբակցության պատգամավորներն ու ՊԵԿ նախագահը: Հանդիպումից հետո վերջինս լրագրողներին տեղեկացրեց, որ մանրամասն պարզաբանումներ է տվել աշխատավարձերի մասին: Հնչել է 15-20 հարց՝ առանց քննադատող շեշտադրումների: Այլ մանրամասներ քննարկումից նա չփոխանցեց, բայց լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ ասաց, որ պարգևատրումները տրվել են «օրենքի տառին համապատասխան», պնդեց, որ 9 մլն-ի հասնող պարգևավճար իրենց ՊԵԿ-ում չի եղել:

«9 մլն, 8 մլն, 7 մլն, 6 մլն դրամի պարգևավճար մեզ մոտ չկա, ուղղակի չկա», -հայտարարեց Անանյանը: Ասաց, որ իր ներկայացրած հայտարարագրում նշված 23 մլն դրամից 4,8 մլնը ստացել է ֆինանսների նախարարությունից, 18,5 մլն դրամը՝ ՊԵԿ-ից: Ամսական եկամուտը 2,3 մլն-ը չի գերազանցում՝ աշխատավարձով, հավելավճարով, պարգևատրումներով, իսկ պարգևատրումների տարեկան գումարը ՊԵԿ-ից, 8 ամսվա համար եղել է 14 մլն դրամ:

Քննարկումից հետո Լիլիթ Մակունցը հայտնեց, որ ՊԵԿ նախագահը առաջին, բայց ոչ վերջին պաշտոնյան էր, որ հրավիրվել է ԱԺ քննարկման: Օրենսդիրը այսպես փորձում է հասկանալ, թե ինչ փոփոխություններ պետք է կատարել օրենքներում:

«Իմ քայլից» տնտեսագետ Արտակ Մանուկյանը կողմ է պարգևավճարներին, սակայն դրանք պիտի լինեն արդյունքային ցուցանիշների հիման վրա։

«
Պետական համակարգում աշխատավարձային քաղաքականության էական վերանայումներ պետք է լինեն։ Կարևոր է նաև, թե ով ում է պարգևատրում, ինչ ցուցանիշների դիմաց։ Իմկարծիքով, պարգևատրումները պետք է հստակ կանոնակարգված լինեն», -ասաց Մանուկյանը: