Վիճահարույց փոփոխություններ Հարկային օրենսգրքում

փետրվարի 4, 2019

Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հարկային օրենսգրքում և մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը: Փոփոխություններից մի քանիսը արդեն դարձել են քննարկման թեմա: Մեկով, օրինակ, առաջարկվում է համահարթեցնել եկամտային հարկը, չեղյալ համարել 150 հազար դրամից բարձր աշխատավարձերի վրա կիրառվող 28 և 36% դրույքաչափերն ու կիրառել մեկ միասնական` 23% դրույքաչափը: Նախատեսվում է 4 տարվա ընթացքում այն հասցնել 20%-ի և սահմանել աշխատավարձի չհարկվող շեմ:

Համապատասխան շրջանակներում դժգոհություն է առաջացրել փաստաբանական և հաշվապահական ծառայությունների ավելացրած արժեքի հարկի բարձրացումը. նախատեսվում է ԱԱՀ-ն դարձնել 20%` այսօրվա 5%-ի փոխարեն: Առաջարկվում է բարձրացնել նաև կոնյակի, սպիրտի, գինու, գազավորված ըմպելիքների, դիզվառելիքի, սեղմած գազի և մի շարք ապրանքների ակցիզային հարկը: Այս դեպքում ակցիզային հարկը կավելանա ամեն տարի` մինչև 2022թ., և դա պայմանավորված է ԵԱՏՄ-ում ՀՀ ստանձնած պարտավորություններով: Կառավարությունը նաև նախատեսում է միկրոբիզնեսն ազատել հարկումից:

Ոչ թե սոցիալական, այլ տնտեսական զարգացում

Հարկային փոփոխությունների փաթեթի նախագծի մշակմանը մասնակցել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: Վերջինս Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց, որ եկամտային հարկի համահարթեցումն ունի ոչ թե սոցիալական, այլև տնտեսական զարգացման նպատակ. գումարները, որոնք աշխատողի մոտ կմնան դրույքաչափերը նվազեցնելու արդյունքում, կդառնան ներդրում և սպառում ու կնպաստեն տնտեսության զարգացմանը:

Ընկերությունները, պատգամավորի դիտարկմամբ, հաշվապահություն իրականացնում են ոչ թե հաշվապահներ գործի ընդունելով, այլև պայմանագիր են կնքում այդ ծառայությունն իրականացնող ընկերությունների հետ: Նպատակը սեփական աշխատողին վճարած աշխատավարձի համար 23, 28 կամ 36% բարձր եկամտային հարկ վճարելու փոխարեն ընդամենը 5% վճարելն է: Նրա խոսքով՝ այդ ընկերությունները խուսափում են հարկ վճարելուց կամ հարկերն օրինական ճանապարհով թաքցնում են: «Նույնը վերաբերում է նաև փաստաբանական ծառայությանը: Դեպքեր գիտեմ, որ փաստաբանը կնոջը ձևակերպել է որպես իր աշխատող և ծառայությունը դարձրել է ընտանեկան ձեռնարկություն` խուսափելով հարկերից, քանի որ մեզ մոտ ընտանեկան ձեռնարկություններն ազատված են հարկից»,- ասում է պատգամավորը:

Եթե եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման կամ միկրոբիզնեսը հարկումից ազատելու դեպքում պետական բյուջեն փողեր է կորցնում, ապա ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման կամ մյուս փոփոխություններով ստանում է: Առանց թվեր նշելու՝ Կարապետյանը հավատացնում է, որ կորցրածն ավելի շատ է, քան բերածը: Իսկ հաշվապահներն ու փաստաբաններն ահազանգում են, որ այդպիսով իրենց ոլորտի փոքր ընկերությունները կհայտնվեն խոշորների հետ անհավասար պայմաններում, ինչի արդյունքում դրանք դուրս կմղվեն շուկայից կամ կսկսեն գործել ստվերում:

Վարազդատ Կարապետյանը լավատեսորեն կարծում է, որ ամեն դեպքում կառավարությունը կփորձի այնպիսի մեխանիզմներ գտնել, որ փոքրերը չտուժեն:

Զարգացման քայլեր՝ կենացների փոխարեն

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը չցանկացավ անդրադառնալ փաթեթի բովանդակությանը, քանի դեռ այն ԱԺ չի ուղարկվել: Այնուամենայնիվ, նկատեց, որ փաթեթում ՓՄՁ-ների համար որոշ բարելափոխումներ կան, բայց առանց մեխանիզմների, որոնք թույլ չեն տա, որ տնտեսվարողը հարկերից խուսափելու համար իր խոշոր բիզնեսը մի քանի փոքրի չտրոհի: «Հարկային բեռի փոփոխությունները պետք է ուղղված լինեն սոցիալական վատ վիճակում գտնվող խավի կարիքների բավարարմանը: Աշխարհում ընդունված է, որ հարուստները հարկային գործիքակազմի շնորհիվ ստիպված են լինում մաս հանել նաև անապահով խավերի համար»,- ասում է Սերգեյ Բագրատյանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ անդամ Մանե Թանդիլյանն էլ շեշտում է, որ եկամտահարկի համահարթեցումը ոչ միայն չի թեթևացնի մոտ 360 հազար աշխատողների հարկային բեռը, այլև ակցիզային հարկի բարձրացմամբ նրանք եկամուտներ են կորցնելու: Նրա խոսքով՝ համահարթեցման մոդելը պետք է միտված լիներ սոցիալական վիճակի բարելավմանը՝ քաղաքացիների սպառմանը թողնելով իրենց եկամուտները, մինչդեռ այդ խնդիրը չի լուծվում: Պատգամավորը կիսում է կարծիքը, թե հաշվապահական և փաստաբանական ծառայությունները ԱԱՀ-ով հարկելու հետևանքը լինելու է ստվերը՝ ակնկալվող հարկային եկամուտների ավելացման փոխարեն: «Հետևաբար, իրենց ծառայությունների հարկման ռեժիմի փոփոխության արդյունքում թանկացող ծառայությունը բացասական հետևանք է ունենալու ՓՄՁ-ների վրա: Պետք է հասկանալ, որ ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված քայլեր են պետք, ոչ թե՝ կենացներ: Այս դեպքում նպատակահարմար էր նույնիսկ ոչինչ չանելը՝ խոչընդոտելու փոխարեն»,- հավելում է պատգամավորը:

Մանե Թանդիլյանը զարմանում է, թե ինչպես կարելի է բարձրացնել գինու ակցիզային հարկը, երբ այն գերակա ճյուղ է համարվում: Համեմատության համար նշում է, որ հարևան Վրաստանը տարեկան արտահանում է մոտ 90 մլն շիշ, մինչդեռ Հայաստանը՝ 2-3 մլն: «Ինչպե՞ս կարելի է բարձրացնել սեղմված գազի, վառելիքի ակցիզային հարկը, եթե ամբողջ տնտեսությունը և ապրանքների գնագոյացումը մեծ կախում ունի վառելիքից: Դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը բոլոր ապրանքատեսակների թանկացումն է»,- ասում է պատգամավորը` եզրակացնելով, թե կառավարությունը ներկայացրել է հակահեղափոխական Հարկային օրենսգրքի նախագիծ: