Մենք գիտենք իշխանության թույլ կողմերը. Ա. Սամսոնյան

փետրվարի 7, 2019

Հարցազրույց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ

-Երևանի ավագանուց՝ խորհրդարան։ Դուք 7-րդ գումարման Ազգային Ժողովի նորեկներից եք։ Կասեք՝ ի՞նչ ծրագրեր ունեք և ի՞նչ նոր մտքերով եք եկել խորհրդարան։

-Այո, նորընտիր պատգամավոր եմ։ Եղել եմ Երևանի ավագանու անդամ և աշխատանքի ընթացքում բարձրաձայնել եմ մի շարք խնդիրների մասին: Օրինակ՝ ՏԻՄ համակարգի վերջնական կայացման համար պետք է լրացնել օրենսդրական որոշ բացեր: Բարեփոխումների կարիք ունի նաև Երևանի մասին օրենքը։ Պետք է, օրինակ, Երևանի քաղաքապետի լիազորությունները նեղացնել ու դրանք տալ Երևանի ավագանուն։

-Մասնավորապես, ո՞ր լիազորությունները։

-Օրինակ, շինթույլտվությունների լիազորությունը: Այսօր քաղաքապետը միանձնյա ընդունում է որոշումներ, որոնք ժամանակի ընթացքում հարուցում են դժգոհություններ, խնդիրներ: Ավագանին պետք է ունենա այնպիսի լծակներ, որ կարողանա լիարժեքորեն վերահսկել քաղաքապետի աշխատանքը։

-Չեք վստահո՞ւմ ընտրված լեգիտիմ քաղաքապետին։

-Հարցը դա չէ։ Մենք միշտ խոսել ենք պետական կառավարման ինստիտուցիոնալացման մասին՝ անկախ քաղաքապետի ով լինելուց և իշխանության կամքից։ Այսօրվա իշխանությունն ունի քաղաքական կամք, և հետահայաց դիտարկելով այս իշխանության ոչ վաղ անցյալի ընդդիմադիր հռետորաբանությունը, կարծում եմ՝ կարող ենք գնալ ինստիտուցիոնալացման ճանապարհով: Մենք ուզում ենք այնպես անել, որ որևէ գործընթաց պետության կառավարման հարցում չմնա անձի որոշումների հույսին, և աշխատեն պետական մեխանիզմները։

-«Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ ընդդիմադիր ուժ է, բայց շատ է խոսվում այն մասին, որ դուք իրական ընդդիմություն չեք։ Օրերս էլ Էդուարդ Շարմազանովն էր հայտարարել, որ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս կասկածներին:

-Կասկածները բխում են իշխանության հետ նախկին գործընկերային հարաբերություններից։ Բոլորը կարծում են, որ մենք չենք կարող հավասարակշռել ու զսպել գործող իշխանություններին։ Բայց մենք ասում ենք, որ «Լուսավոր Հայաստան»-ի արժեհամակարգի հիմքում փոխզսպումների ու հավասարակշռման ամրապնդումն է։ Այո, մենք գործող իշխանության հետ նույն ճանապարհով ենք քայլել, բայց սա ոչ թե թերություն է, այլ առավելություն,  ու պետք չէ կասկածի տակ դնել մեր ընդդիմադիր լինելը: Մենք ճանաչում ենք մեր գործընկերներին, գիտենք նրանց առավելությունները, թերությունները, կարող ենք կանխատեսել նրանց գործողությունները:

-Այսինքն՝ գիտեք նաև թույլ տեղերը:

-Այո, և՛ ուժեղ, և՛ թույլ տեղերը գիտենք ու, հարկ եղած դեպքում, պիտի բարձրաձայնենք: Մենք ապացուցել ենք, որ իսկապես, կարող ենք զսպել։

-ԱԺ նախագահի ընտրություն ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դուք «կրեդիտ» ենք տալիս նրան: Ո՞ր դեպքում ձեր այդ քայլը կհամարեք չարդարացված:

-ԱԺ նախագահը իր գործունեությամբ պետք է արդարացնի այդ «կրեդիտը». որպես օրենսդիր մարմնի ղեկավար՝ ապահովել գործադիրին վերահսկելու ֆունկցիան, ներկայացնել մոտեցումներ, որոնք մենք կհամարենք միտված Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Հակառակը կնշանակի «կրեդիտը» չարդարացնել:

-Վերջերս շատ քննարկվող պարգևավճարների հարցում ի՞նչ դիրքորոշում ունեք։

-Մեզ համար անընդունելի են կամայական պարգևավճարները, հատկապես, երբ դրանք, օրենքի խախտմամբ, չեն հրապարակվում: Պարգևատրումներն արվել են օրենքի խախտումներով. պարգևավճար է տրվել 2-3 ամիս աշխատած պաշտոնյային, դրույքաչափի գերազանցմամբ։ Մեխանիզմը պետք է վերանայվի, որովհետև մենք չգիտենք՝ ովքեր են ստանում պարգևավճարներ։ Կարծում եմ, որ բարձրացված աղմուկը բավարար էր, որ գործադիրում հետևություններ անեն։ Վստահ եմ, որ պարգևավճարների համակարգը կվերանայվի։

-Ինչո՞ւ աղմուկն այսքան մեծ եղավ. ի վերջո, նախկինում ևս աստղաբաշխական թվերով պարգևավճարներ են տրվել:

-Նախկինում ժողովուրդը իշխանությունից մեծ սպասելիքներ չուներ, իսկ այսօր սպասելիքները մեծ են. ընտրվել է լեգիտիմ իշխանություն, որից ակնկալվում է նաև պետական միջոցների արդարացի բաշխում։

-Ձեր խմբակցությունը իշխանության հետ հակասություններ ունի նաև սուպերվարչապետական համակարգի հարցում։ Պնդում եք, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, իսկ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ նախարարություն դառնալով դրանք կքաղաքականացվեն։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Կասեմ, որ պարոն Փաշինյանի և քաղաքական էլիտայի սկզբունքները փոխվել են: Մենք այս հարցով բարձրաձայնում էինք 2017-ին՝ մեկ նպատակով. այդ ուժային կառույցները պետք է վերադառնան խորհրդարանական վերահսկողության դաշտ: Փաշինյանի դիտարկմանը ես հակադարձեմ Պաշտպանության նախարարության օրինակով, որը ևս ուժային կառույց է և խորհրդարանական վերահսկողության ներքո է։ Սա նշանակում է, որ բանակը քաղաքականացվա՞ծ է։ Եթե կառավարության ղեկավարի դիրքորոշումը փոխվել է, ուրեմն, պետք էր ավելի ազնիվ լինել ու հայտարարել այդ մասին: Մենք մինչև վերջ տեր ենք լինելու մեր դիրքորոշմանը, որ կարողանանք խուսափել անցյալի պրակտիկայից: Ի վերջո, 2008-ից հետո այս ուժային կառույցների՝ խորհրդարանական վերահսկողությունից դուրս լինելը շատ խնդրահարույց է եղել։