Կառավարության հնգամյա ծրագիրը պատրաստ է. ծրագրվում է տնտեսական հեղափոություն

փետրվարի 7, 2019

Ինչպես և սպասվում էր՝ կառավարությունը առաջիկա 5 տարիների համար գրած իր ծրագրով պատրաստվում է Հայաստանում իրականացնել տնտեսական հեղափոխություն: Գործադիրի ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է: Հեղափոխությունը կառավարությունն անելու է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության, խորհրդարանական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության, հանրության հետ համագործակցության և երկխոսության միջոցով:

Կառավարությունը փետրվարի 6-ին հաստատել և մինչև փետրվարի 8-ը Ազգային ժողով կուղարկի առաջիկա հինգ տարիների իր գործունեության ծրագիրը: Սա գործադիրի երկրորդ ծագիրն է, որ ներկայացվում է Նիկոլ Փաշինյանի վարաչպետության 9 ամիսների ընթացքում:

Փաստաթուղթը բաղկացած է 69 էջից և անդրադառնում է Հայաստանի բոլոր խնդիրներին` անվտանգությունից մինչև սոցիալական ապահովություն, տնտեսության զարգացումից մինչև արտաքին քաղաքականություն, մշակույթից մինչև բնապահպանություն և շրջակա միջավայրի պահպանություն:

«Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտա­հանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն»,- այսպիսի ձևակերպումներով է սկսվում կառավարության ծրագիրը:

Իր նպատակներին հասնելու համար կառավարությունը կարևորում է ՀՀ և Արցախի արտաքին ու ներքին անվտանգությունը, օրենքի գերակայությունը, ժողովրդավարության զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը, հայության ներուժի համախմբումը, կառավարության հաշվետվողականության բարձրացումը, քաղաքականության ու բիզնեսի տարանջատումը, կրթության և առողջապահության զարգացումը, պետական ծախսերի արդյունավետությունը, կոռուպցիայի մերժումը, դեմոգրաֆիկ և մարդկային ներուժի զարգացումը:

Զարգացած տնտեսություն՝ բոլորի համար

Կառավարության ծրագրի ընդամենը մի քանի թվային նպատակադրումները զետեղված են հենց տնտեսության զարգացմանը վերաբերող հատվածում: Առաջիկա 5 տարում, յուրաքանչյուր տարի, գործադիրը խոստանում է ՀՆԱ-ի աճ՝ առնվազն 5%-ով: «Միաժամանակ, տնտեսական զարգացմանը պետք է մասնակցեն զգալիորեն ավելի մեծ թվով քաղաքացիներ, իսկ նրանց աշխատանքի շնորհիվ ստեղծվող տնտեսական արդյունքը պետք է բաշխվի առավել հավասարաչափ»,- շեշտվում է ծրագրում:

Թվեր են նշված նաև արտահանմանը վերաբերող հատվածում. հնգամյակի ավարտին արտահանումը հասնելու է ՀՆԱ-ի 43-45%-ին: Այս ցուցանիշներն ապահովելու համար գործադիրն տնտեսական զարգացման անկյունաքար է համարում մրցակցային առավելությունների ընդլայնմամբ գլոբալ մրցունակության բարձրացումը, գիտելիքների և նորարարությունների վրա հիմնված տնտեսական համակարգի ձևավորումը:

Արտահանման թիրախային շուկաներում` ԵԱՏՄ և ԵՄ երկրներում առավել նպաստավոր պայմանների ստեղծումը կհամարվի գերակա քաղաքականություններից մեկը: Իսկ տնտեսական աճի ապահովման կարևորագույն գրավական են համարվել ազատ մրցակցությունը և արհեստական մենաշնորհների բացառումը, շուկայում կենտրոնացվածության նվազումը և ստվերի կրճատումը:

Վստահություն՝ անվտանգության ապահովման համար

Արտաքին ու ներքին անվտանգության ապահովման համար,ըստ ծրագրի, արդեն իսկ առկա է իրավունքի գերակայություն և ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, ինչը թույլ է տալիս ազգային ամբողջ ներուժը համախմբել ԶՈւ զագացման ու մարտունակության բարձրացման, սահմանների անձեռնմխելիության ամրապնդման, ներքին անվտանգության ապահովման և արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացման շուրջ:

Կառավարությունը խոստանում է վերանայել պաշտպանության ռազմավարությունը, ինչպես նաև՝ առաջիկա 5 տարիներին պահպանել բնակչության ու ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժեր:

Ներքին անվտանգության բարձրացման համար կարևորվում է իրավապահ և դատական մարմինների նկատմամբ վստահության և հասարակական վերահսկողության բարձրացումը:

ԵՏՄ-ից ԵՄ և ԱՄՆ

Կառավարությունը ՀՀ-ի համար գերակա է համարում Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը: Վերահաստանում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն ու ներգրավվածություն ունենա իրական խաղաղության հաստատման գործում: Կառավարությունը շարունակական է համարում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Արտաքին քաղաքական վեկտորների առումով ծրագրում առաջին հերթին կարևորվել է ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ ու նախաձեռնողական մասնակցությունը, ինչը կնպաստի այդ կառույցների արդյունավետության բարձրացմանը: Առաջնահերթությունների թվում է Ռուսաստանի հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների զարգացումը, և դա կառավարությունը համարում է ՀՀ անվտանգության համակարգի կարևոր մասը: Այնուհետև նպատակ է դնում խորացնել ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ԵՄ երկրների հետ բարեկամական հարաբերությունները:

Օպտիմալացումից մինչև կենսաթոշակների բարձրացում

Ծրագրում կառավարությունը ներկայացնում է Հայաստանում օրինականություն հաստատելու, զարգացում ապահովելու և կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման իր տեսլականը: Անդրադառնալով հնարավոր օպտիմալացման գործընթացին` նշում է, որ կառավարման ուռճացված համակարգն իր մարմինների չարդարացված ճոխությամբ, գործառույթների կրկնողությամբ և պատասխանատվության մեխանիզմների անորոշությամբ հիմնազուրկ բեռ է հարկատուների համար, ինչը խոչընդոտում է Հայաստանի մրցունակության բարձրացմանը»: «Մեզ պետք է ծախսարդյունավետ, դինամիկ, ճկուն և մրցունակ պետական կառավարման համակարգ»,- եզրակացնում է կառավարությունը:

Կառավարությունը խոստանում է նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների շարունակական բարձրացում, սակայն չի նշում, թե մինչև հնգամյակի ավարտը քանի տոկոս է կազմելու բարձրացումը: Բարեփոխվելու է կուտակային կենսաթոշակային համակարգը` խրախուսելով կուտակված միջոցների ներդրումը: Բարձրացվելու է աշխատողների իրավունքների պաշտպանության մակարդակը, և մինչև 2023թ. Էականորեն կրճատվելու են աղքատությունն ու գործազրկությունը:

Զբոսաշրջության զարգացման շրջանակում խթանվելու է էկո, գաստրո, էթնո, էքստրիմ տուրիզմը, ՀՀ մուտքի վիզայի ազատականացման և ավիատոմսերի էժանացմանն ուղղված քայլեր են ձեռնարկվելու: Գործուն քայլեր են ձեռնարկվելու չօգտագործված գյուղատնտեսական նշանակության հողերը նպատակային օգտագործելու ուղղությամբ, ծրագրեր են իրականացվելու ծնելիության խթանման, կրթության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Չկան նախկին խոստումները

Կառավարության ծրագրում խոսք չկա սուպերվարչապետության համակարգից հրաժարվելու և վարչապետի լիազորությունները կրճատելու մասին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից առաջ և հետո բազմից հայտարարել է, որ պետք է հրաժարվել այդ համակարգից:

Հնգամյա ծրագրում ոչինչ գրված չէ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: Առաջին նստաշրջանի օրակարգում կառավարությունը նաև այս հարցն է ընդգրկել, բայց առայժմ դեռ հայտնի չէ՝ գործադիրն այն կներկայացնի՞ խորհրդարան թե՞ ոչ:

Ընտրական օրենսգրքի փոփոխության ու հատկապես ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մասին նույնպես ծրագրում ոչինչ չկա: Հիշեցնենք, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները կառավարությունը ԸՕ փոփոխությունների փաթեթ էր ներկայացրել ԱԺ, բայց այն չընդունվեց: