Տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ Ազգային ժողովից

փետրվարի 12, 2019

Վարչապետը ներկայացրեց կառավարության ծրագիրը

Ազգային ժողովը փետրվարի 12-ին սկսեց կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը: Ծրագիրը առաջիկա 5 տարվա համար նախատեսում է առնվազն 5% տնտեսական աճ տոկոս, արտահանումը ծրագրային ժամկետի ավարտին պիտի կազմի ՀՆԱ-ի 43-45%-ը, էականորեն պետք է նվազի աղքատությունը, իսկ ծայրահեղ աղքատներ Հայաստանում չպետք է լինեն: Եկամուտների ավելացմանը զուգահեռ կառավարությունը նախատեսում է աշխատավարձերի պարբերական բարձրացում և գնաճի համեմատ առաջանցիկ տեմպերով կենսաթոշակների բարձրացում:

Այս ծրագրով կառավարությունը պատրաստվում է իրականացնել տնտեսական հեղափոխություն, և ծրագիրը խորհրդարանին ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե այդպիսով ազդարարվում է համաժողովրդական տնտեսական հեղափոխությունը:

Ըստ վարչապետի՝ տնտեսական հեղափոխությունը կդառնա իրականություն ու կհաղթի, երբ ՀՀ քաղաքացին փոխի իր տնտեսական վարքագիծը և արձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու իրենց կոչին:

Տեխնոլոգիական հեղափոխությունից մինչև Արցախի հակամարտություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը ներկայացրեց աննախադեպ երկար՝ ավելի քան երկու ժամ: Ելույթի սկիզբը քաղաքական էր: Վարչապետը խոսեց իշխանությունների բարձր լեգիտիմության և արտահերթ ընտրությունների մասին՝ հիշեցնելով, որ այդպես ավարտվեց հեղափոխության քաղաքական փուլը, և երկրում տեղի ունեցած փոփոխությունները դարձան անշրջելի: «Ազդարարում եմ ՀՀ-ում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը: Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի, ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում, և հայ ժողովուրդը հաղթելու է աղքատության, գործազրկության, խեղճության ու անգործության դեմ պայքարում», -հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Առաջիկա 5 տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսության կառուցմանը: Համախառն ներքին արդյունքի կառուցվածքը պետք է փոխվի այնպես, որ մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաները և տեխնոլոգիական նորարարությունները:

Տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար վարչապետը կարևորեց ոչ միայն շարքային քաղաքացու, այլև պետական ծառայողի հոգեբանության փոփոխությունը, որ նա ոչ թե «նալոգ» հավաքի բիզնեսից, այլև իր որակյալ աշխատավարձի համար բարձր աշխատավարձ պահանջի: Այդ տեսանկյունից ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր են կոռուպցիայի դեմ պայքարը, անկախ դատական համակարգի ստեղծումը: Եվ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար պետք է հարկային դաշտը փոխվի, բիզնեսի համար հավասար պայմաններ ստեղծվի, ներդրումներ ներգրավվի, երկրի միջազգային վարկը բարձրացվի ոչ թե միջազգային առաջատար լրատվամիջոցներին գովազդներ պատվիրելով, այլև դրական փոփոխություններով: Պետք է սփյուռքի հետ ընդլայնել հարաբերությունները` տնտեսական նոր մշակույթ ներգրավելու նպատակով:

Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորմանը` վարչապետը կրկնեց, որ ինքը Արցախի հանրապետության անունից բանակցելու իրավունք չունի, որ մեր կարևորագույն խնդիրներից մեկն Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում: «Ես տեսնում եմ շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ, թե ինչպես կարող է ԼՂՀ-ն ներգրավվել բանակցային գործընթացում: Մենք հիմա այդ ձևերի և մեթոդների քննարկման մեջ ենք, այդ մեթոդները կքննարկենք նաև միջազգային մեր գործընկերների հետ»,- հայտարարեց նա: 

Աղքատության հաղթահարման մաթևոսյանական բանաձևն ու սևակյան հակադարձումը

Փետրվարիր 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն էր, և մինչև խորհրդարան գալը Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ընթերցել էր գրողի «Ծառերը» ստեղծագործությունից հետևյալ տողերը. «Լա՛վը չես, խե՛ղճ ես, լա՛վը չես, զավա՛կս, որդի՛ս, առաջնե՛կս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել: Ասում է՝ չարությունից պայթում էր, որ մի ձի իրենից առաջ էր ընկնում….»:

Խեղճ չլինելու կարևորությունը վարչապետը ընդգծեց նաև ամբիոնից՝ ասելով, թե քաղաքացին պետք է հաղթահարի տնտեսական խեղճությունն այնպես, ինչպես հաղթահարեց քաղաքական խեղճությունը:

Մինչ Նիկոլ Փաշինյանը Մաթևոսյանի օգնությամբ «պայքարում էր» խեղճության դեմ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշել էր Պարույր Սևակին՝ ֆեյսբուքի իր տեղադրելով նրա «Անկեղծ ասած» բանաստեղծությունը(«Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ….»): Լրագրողների հարցին, թե կա՞ դրանում քաղաքական ենթատեքստ, պատգամավորը պատասխանել էր, թե նման ենթատեքստ կա իր ցանկացած խոսքում:

Պատասխանատվությունը կառավարությանն է

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գնահատմամբ՝ կառավարության ծրագիրը բավարար չէ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Դժգոհեց, որ ծրագրում թվեր չկան: «Հարվարդ չեմ ավարտել, բայց մի հատ կետ ցույց տվեք, որ 19 թվականից մինչև 23 թվականը որևիցե տեղ նշած է, թե որ ոլորտում ինչքան պետք է դրվի, և դրա դիմաց ինչ պետք է ստանան։ Քաղաքական հեղափոխության համար անհրաժեշտ է, որ ժողովուրդը ունենա դուխ և կամք, իսկ տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, ժամկետ և մեխանիզմ, որը այսօր բացակայում է այդ ծրագրում», - ասաց Ծառուկյանը։

Նիկոլ Փաշինյանին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր, 26-ը՝ «Իմ քայլը» խմբակցությունից, 27-ը՝ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից: Հարցերի շրջանակը շատ լայն էր՝ վթարային շենքերի վերականգնումից մինչև կառավարության ծրագրի իրականացման պատասխանատվություն:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ գործերի քանակը բավականին մեծ է, և հարցրեց՝ արդյո՞ք այստեղ մեղքի բաժին չունեն դատավորները: «Մենք ուզում ենք քաղաքական կամք ցուցաբերել և թողնել, որ դատական համակարգն իր յուղով տապակվի, և տեսնենք՝ արդյունքում ինչ կստացվի: Ես առաջարկում եմ գնալ այն ճանապարհով, որ ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանենք»,-պատասխանեց վարչապետը:

ԼՀ-ից Անի Սամսոնյանը, ցիտելով վարչապետի այն հայտարարությունը, թե տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար մեր քաղաքացիները պետք է դառնան տնտեսական ակտիվիստ, հետաքրքրվեց, թե եթե կառավարության ծրագիրը չկատարվի, պատասխանատվությունը տեսապես ոչ ակտիվ քաղաքացինե՞ րն են կրելու: վարչապետի խոսքով՝ «պատասխանատվություն կկրի կառավարությունը, որ չի կարողացել քաջալերել տնտեսական ակտիվությունը»:

ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը հաշվել էր, որ ծրագրում 36 անգամ օգտագործված է «խթանելու է», 15 անգամ՝ «կառավարությունը անհրաժեշտ է համարում» արտահայտությունները: «Մտավախություն չունե՞ք, որ այս տեսքով ընդունվելու դեպքում ծրագիրը կնույնացվի նախկին կառավարության ծրագրի հետ, որտեղ նույնպես այսպիսի անորոշ արտահայտություններ էին, և դրա համար էլ ոչ մեկը պատասխանատվություն չէր կրում»,- հարցրեց պատգամավորը: Փաշինյանը պատասխանեց, որ չունի նման մտավախություն: «Ես կարծում եմ՝ ՀՀ բոլոր կառավարություններն իրենց պատասխանատվությունը կրել են, կրում են և կրելու են»,- նշեց նա:

Կառավարության ծրագրի քննարկումը կշարունակվի նաև առաջիկա օրերին: