Ծրագիրն ընդունվեց լարված մթնոլորտում և ծափերով

փետրվարի 14, 2019

 Ազգային ժողովը 3 օր շարունակ քննարկեց և փետրվարի 14-ին 88 կողմ, 40 դեմ ձայնով ընդունեց կառավարության գործունեության ծրագիրը առաջիկա 5 տարիների համար: Սա Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ներկայացված երկրորդ կառավարության ծրագիրն էր, և առաջինը, որն ընդունեց 7-րդ գումարման Ազգային ժողովը: 

Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ծրագրին դեմ քվեարկեցին: 2018-ի հունիսի 7-ին հետհեղափոխական առաջին կառավարության ծրագրին երկուսն էլ (այն ժամանակ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները) կողմ էին քվեարկել:

ԲՀԿ-ն դեմ է և համախոհ

Որ ԲՀԿ-ն կարող է կողմ չքվեարկել կառավարության ծրագրին, պարզ էր դրա քննարկման առաջին օրը՝ Գագիկ Ծառուկյանի՝ լրագրողների հետ զրույցից: Երրորդ օրը, ծրագրի քվեարկությունից առաջ արդեն հայտնի էր, որ ԲՀԿ-ն նախագծին դեմ է քվեարկելու:

Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Փաշինյանի ներկայացրած հեղափոխական ծրագիրը վախվորած է:

«Մեծամասնության պատգամավորների ամեն հաջորդ բառը Փաշինյանի իշխանության բարձր լեգիտիմությունն է։ Բայց ես ինձ թույլ տամ խմբագրել ու ասել՝ Փաշինյանի անձի բարձր լեգիտիմությունը։ Ու այդ լեգիտիմության ռեսուրսը հաշվի առնելով ենք ասում՝ այն, ինչ ներկայացրել եք, վախվորած է»։

ԲՀԿ գլխավոր քարտուղարը վստահեցրեց, որ անկախ իրենց քվեարկությունից՝ իրենք Փաշինյանի կառավարության համախոհներն են, իսկ քվեարկությունը կախված կլինի իրենց առաջարկությունները ընդունելուց կամ չընդունելուց. «Եթե մեր առաջարկները մնան անարձագանք, ապա մենք դեմ ենք քվեարկելու այս ծրագրին», -նշեց Նաիրա Զոհրաբյանը։ 

ԼՀԿ-ն չի հավատում

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետին հիշեցրեց սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու և ԱԱԾ-ն և ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից դուրս բերելու նրա խոստումը։ Չկատարված այս խոստումը Մարուքյանին կասկածելու առիթ էր տվել. եթե մի խոստումը չի կատարվում, ի՞նչ հույս, որ մյուսները կկատարվեն։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարի քննադատության թիրախում նաև Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունն էր, և նրա նշանակած կադրերը, ըստ պատգամավորի, մսխում են Փաշինյանի վարկանիշը։ Մարուքյանը կոնկրետ օղակ նշեց. «Տնտեսական բլոկում հին իշխանության կադրերն են, որոնք չեն հավատում, որ հնարավոր է 5%-ից բարձր տնտեսական աճ ունենալ, դրա համար վարչապետին չեն ասել գրենք 7-8% աճ, այլ գրել են 5։ Նրանք չունեն այն երազանքը, որ պետք է ունենան հեղափոխականները։ Նրանք հեղափոխականներ չեն։ Այս մարդիկ ուզում են ապացուցել, որ Սերժ Սարգսյանի ժամանակ գրած ծրագրերը նորմալ ծրագրեր են եղել», -հայտարարեց Մարուքյանը՝ նշելով, որ պետք է ազատվել Սերժ Սարգսյանի ժամանակ երկրորդ պլանի խաղացողներից։

Պատգամավորը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու կառավարության ներկայացրած գործունեության ծրագրին և դրա համար միայն կառավարության կառուցվածքը ու կադրային քաղաքականությունը բավարար է։

«Իմ քայլը» կառավարության կողքին է

«Իմ քայլը»խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ կառավարությունը միայնակ չի կարող ծրագիր իրականացնել, և նրա կողքին պետք է կանգնեն նաև իշխանության մյուս ճյուղերը։ Նա համոզված է՝ հետևողական աշխատանքի արդյունքում գրանցելու են բարձր ցուցանիշներ, տնտեսապես հզոր, անվտանգ և ժողովորդավար պետություն։ ««Իմ քայլը» խմբակցությունը իր անվերապահ աջակցությունն է ներկայացնում կառավարությանը՝ կյանքի կոչելու այս ծրագիրը։ Այդ աջակցությունը լինելու է ոչ թե պասիվ դերակատարմամբ, այլ ակտիվ ընդգրկմամբ օրենսդրական նախաձեռնություններում», -հայտարարեց Մակունցը։

Ներողություն՝ «մուննաթի» համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը բուռն էր, էմոցիոնալ, տեղ-տեղ՝ սպառնալից։ Նախ նա ներողություն խնդրեց պատգամավորներից, որոնք դժգոհում էին, թե վարչապետը «մուննաթ» է գալիս իրենց վրա. «Ես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք և լիաթոք։ Եվ եթե իմ այսօրվա խոսքից որևէ մեկը տպավորություն կստանա, որ ես ինչ-որ մեկի վրա մուննաթ եմ գալիս կամ հեգնում եմ, ապա դա սխալ մեկնաբանություն է»։

Կառավարության ղեկավարը հստակեցրեց՝ իր ներկայացրած ծրագրի գաղափարական հիմքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը արտահերթ ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն։

Նա առանձնացրեք մի քանի գաղափարական թեզեր՝ անհատի վերափոխում և անձի զարգացում, անհատական ջանքի գործադրում՝ տարբեր ոլորտներում զարգացում ապահովելու համար։ Վարչապետը հիշեցրեց 2006-ից իր կոչն այն մասին, որ երկրի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին է։ «Նույնն է նաև տնտեսական հեղափոխության փուլում՝ կառավարությունն ունի իր պատասխանատվության բաժինը, բայց յուրաքանչյուր քաղաքացի էլ իր հերթին ունի պատասխանատվության և անելիքի իր բաժինը։ Կառավարության և անձամբ վարչապետինն է թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 100 պատասխանատվությունը, բայց 101-ը, 102-ը, 103-ը պատկանում է քաղաքացուն», -հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Խոսեց նաև վերջին օրերին քննարկվող իր այն մտքի մասին, թե «աղքատությունը մարդկանց ուղեղում է»: «Սա ասում եմ որպես մի մարդ, որն ամբողջ ճամփեն ծայրից ծայր անցել է, մի մարդ, որը երբ 1991 թվականին ուսանող է դարձել ԵՊՀ-ում, իր ընտանիքը ի վիճակի չի եղել վճարել ուսման վարձը, և ես ասում եմ՝ այո, աղքատությունը մեր ուղեղներում է ու ասում եմ որպես մի մարդ, որն իմ գլխում հաղթահարել եմ, իմ գլխում հասկացել եմ, թե ինչ է նշանակում քաղաքացի»,-ասաց վարչապետը:

«Չփորձեք ինձ ու Սերժ Սարգսյանին դնել մի հարթության վրա»

Նիկոլ Փաշինյանը շատ բուռն արձագանքեց ԼՀԿ-ի այն հայտարարությանը, թե այս կառավարությունը նման է նախկին իշխանություններին. «Չփորձեք հանկարծ մյուս անգամ ինձ և նրանց դնել նույն հարթության վրա։ Ձեզ ու իրանց դրեք նույն հարթության վրա։ Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել, հըլը մի հատ կողքներդ ու դեմներդ նայեք, բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ նստած»։ Անթաքույց ակնարկ կար նաև Փաշինյանի՝ ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանին ուղղված խոսքում: Բաբաջանյանը բարձրացրել էր Հայաստանի ինքնության, անկախ արտաքին քաղաքականության հարցը: «Խոսում եք անկախության մասին ու ձեր հիմնարկի դեմը տնկում եք Հայաստանի, Միացյալ Նահանգների ու Եվրոպական միության դրոշը, ու մեզ էլ խորհուրդ եք տալիս, որ պետք է հավասարակշռել արտաքին քաղաքականությունը։ Բա Ռուսաստանի դրոշը խի՞ չեք կախել, էլ չեմ ասում Վատիկանի դրոշը», ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը, նկատի ուներ Վատիկանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին, որը, ըստ տարբեր չհաստատված տեղեկությունների, կապ ունի Բաբաջանյանի՝ նախկինում ղեկավարած լրատվամիջոցի հետ։

Վարչապետի այս ու շատ այլ հայտարարություններ խորհրդարանական մեծամասնոսւթյունը ընդունեց ծափահարություններով, ինչը ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համեմատեց Հյուսիսային Կորեայի հետ, որտեղ «ամեն 3 րոպեն մեկ պատգամավորները ծափ տալիս առաջնորդին»։

«Փաշինյանը պետք է մի բան անի, հեղափոխական Նիկոլ Փաշինյանի և կառավարիչ Նիկոլ Փաշինյանի դերերի միջև տարանջատում տեսնի։ Կառավարիչ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ վատ պահեց իրեն», -լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը: