Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրել հնարավոր չէ. Ա. Աբովյան

փետրվարի 17, 2019

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

-Կառավարության ծրագիրն ընդունվեց, ԲՀԿ-ն քննադատեց և դեմ քվեարկեց: Որո՞նք են լինելու ձեր հետագա քայլերը:

-Մենք, վարչապետի առաջարկությամբ, ներկայացրել ենք մեր առաջարկությունների փաթեթն ու ակնկալում ենք, որ կառավարությունը կուսումնասիրի դրանք: Ամենակարևորը, ինչպես նշեց մեր կուսակցության ղեկավար պարոն Ծառուկյանը, հստակությունն է ամեն ինչում: Տնտեսական հեղափոխությունը տեղի է ունենում ֆինանսավորման աղբյուրների, ժամկետների և մեխանիզմների դեպքում: Ծրագրում դրանք բացակայում էին, և մեր դեմ քվեարկությունը դրանով էր պայմանավորված:

-Բայց կառավարության ծրագիրը հինգ տարվա համար և, տրամաբանորեն, այն իրականություն կարող է դառնալ ժամկետի ավարտին:

-Դա ժամկետ չէ: Դա այն վերջնակետն է, երբ կառավարությունն ավարտում է իր առաքելությունը և ներկայացնում է անցած տարիների արդյունքները: Մենք ակնկալում էինք, որ յուրաքանչյուր տարվա, անգամ եռամսյակային կամ կիսամյակային կտրվածքով ծրագրային այս կամ այն դրույթը իրականացված կլինի: Որպես խորհրդարանական ուժ` մենք պետք է պատկերացնենք այն աշխատանքների համակարգը, որը կբերի այդ նպատակների լուծմանը:

-Բայց ձեր առաջարկներում նույնպես չկան թվեր ու ժամկետներ, որ հասկանալի լինի, օրինակ, ըստ տարիների հարկեր/ՀՆԱ-ն կամ արտահանում/ՀՆԱ-ն որքան պետք է լինի: Դուք պահանջում եք, որ կառավարությունը դա անի` առանց ձեր պատկերացումները նշելու:

-Մեր այդ առաջարկությունները ամբողջական չեն, որովհետև նախատեսում ենք հանդես գալ առաջարկություններով շարունակաբար: Իսկ կառավարության ներկայացրած այդ բլոկը դժվար է ծրագիր անվանել: Դա նպատակների ժողովածու է` լավ իմաստով: Հնարավոր չէ տնտեսությունը կառուցել վերացական ցանկություններով:

-Ամեն դեպքում, այս ծրագրով կառավարությունը կհաջողի՞:

-Չգիտեմ, և հենց դրանով էր պայմանավորված մեր դեմ քվեարկությունը: Ասում են ՏՏ ոլորտը պետք է զարգանա, բայց ինչպե՞ս պետք է զարգանա` շարունակական հարկային արտոնություննե՞ր են լինելու, դրսի ներդրումնե՞ր, աշխատաշուկայի կարգավորումնե՞ր: Նշված չէ: Կամ` ՀՀ տնտեսության մեջ ներգրավվող ներդրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տարիների, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումները: Այս և նման այլ խնդիրների բացահայտումով է պայմանավորված ծրագրի իրականացումը:

-Դուք ուզում եք, որ կառավարությունը ոլորտներ առանձնացնի, պայմաններ ստեղծի, նպատակ դնի, հետո գումարի չափը որոշի, օտարերկրյա կամ տեղական ընկերություններին փաթեթներ ներկայացնի ու հրավիրի այդտեղ ներդրումներ կատարելու: Այդպե՞ս է:

-Այո, կառավարությունը պետք է այդպես կոնկրետացնի իր բոլոր ծրագրերը: Քաղաքացին կարող է հարցնել, թե ինչպե՞ս է տնտեսական հեղափոխությունը բիզնեսի, տնտեսության աճի հետ մեկտեղ ազդելու աշխատավարձերի աճի վրա: Պետք է աստիճանաբար ստեղծենք այնպիսի դաշտ, որ ոչ թե մենք խնդրենք, այլ իրենք գան ներդրում անեն:

-Ծրագրի քննարկման ժամանակ հասկանալի դարձավ, որ ԲՀԿ-ն կառավարության նկատմամբ որոշ չափով կոշտացրել է իր դիրքորոշումը: Այդպես չէր անգամ նախընտրական քարոզարշավի ժամանակ: Արդյոք պատճառն այնն է, որ դուք ուզում եք խուսափել այն քննադատություններից, թե ԲՀԿ-ն չափավոր ընդդիմություն է:

-Ոչ, ոչ: ԲՀԿ-ն երբեք չի եղել և չի լինելու միայն քննադատող ուժ: Պետք է հասկանալ, թե մեր գործողություններն ինչ են բերելու: Մենք ծրագրում չտեսանք տնտեսական հեղափոխության հստակ ֆինանսավորման աղբյուրներ, իրականացման մեծանիզմներ և ժամկետներ:

-Կա կարծիք, որ ԲՀԿ-ն կաշկանդված է կառավարությանը սուր քննադատելու հարցում, քանի որ Գագիկ Ծառուկյանը խոշոր գործարար է, հետևաբար և՝ խոցելի:

-Ես հերքում եմ այդ պնդումները: Գագիկ Ծառուկյանը սեփականատեր է: Էական տարբերություն կա գործարարի և սեփականատիրոջ միջև: Եվ այդ խոցելիության հանգամանքն այստեղ դեր չի խաղում:

-Երբեմն Գագիկ Ծառուկյանն ինքը կամ նրա մերձավորներն ու հարազատները հայտնվում են աղմկոտ միջադեպերի կենտրոնում՝ ինչը խոցելի է դարձնում նրան: Վերջին դեպքը Աբովյանի միջադեպն էր, որի ժամանակ երկու մարդ մահացավ, իսկ ԲՀԿ ղեկավարի որդին` Նվեր Ծառուկյանը, կանչվեց հարցաքննության:

-Չկա խոցելիություն: Մենք հասկանում ենք, որ հաճախ իրադարձությունները ներկայացվում են ոչ այնպես, ինչպես եղել են իրականում: Այդ ենթադրությունները ժպիտ են առաջացնում: Հավատացնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրել հնարավոր չէ:

-Ինչո՞ւ:

-Որովհետև Ծառուկյան քաղաքական գործիչն այն մարդն է, որն իր ազգային ու քաղաքական տեսլականն ավելի բարձր է դասում, քան բոլոր գործերը:

-Բայց Գագիկ Ծառուկյանը ավելի շատ հայտնի է որպես գործարար և ոչ թե որպես քաղաքական գործիչ, ինչպես Դուք եք ասում:

-Պարոն Փաշինյանն էլ, օրինակ, թղթակից էր: Բոլոր գործիչներն էլ նախկինում ինչ-որ աշխատանք կատարել են:

-ԼՀԿ-ն էլ քննադատում է, որ այս խորհրդարանում քաղաքականությունն ու բիզնեսը տարանջատված չեն, որովհետև Գագիկ Ծառուկյանը նորից պատգամավոր է:

-Գոյություն ունեն տեղեկատվական հոսքերի ուղորդումներ, քաղաքական պայքար է գնում, բայց մենք պետք է հիմնվենք փաստերի վրա: Փաստը հետևյալն է` Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ առաջնորդն է, և նա սեփականատեր է: