ՀԱԿ-ն առաջարկում է վերադառնալ կիսանախագահականին

փետրվարի 20, 2019

Խորհրդարանական ուժերի օրակարգում մեկ տարվա ընթացքում կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալուն հարց չկա: Իսկ հարցը փորձում է օրակարգ մտցնել արտախորհրդարանական ՀԱԿ-ը՝ առաջարկելով այդ նպատակով մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրաքվե:  

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունում երկրի կառավարման համակարգը փոփոխելու հարց չի քննարկվել, թեպետ Սահմանադրությունը փոփոխել ծրագրում են: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կողմ չէ կիսանախագահական համակարգ վերադարձին։ «Ես կարծում եմ, որ պետք է շարունակել առաջ գնալ։ Մենք հիմա ունենք խորհրդարանական համակարգ և պետք է ամեն ինչ անենք այդ համակարգի կայացման համար», -ասել է ԱԺ նախագահը։

Ինչ վերաբերում է ընդհանրապես երկրում սահմանադրական փոփոխություններ կատարելուն, Միրզոյանն ասել է, որ իշխող ուժի օրակարգում նման ծրագիր կա, այժմ հստակեցվում է շրջանակը, սակայն «մասշտաբային փոփոխություններ» չեն սպասվում։ Որպես անհրաժեշտ փոփոխություն՝ Միրզոյանը ընդգծել է ընտրական օրենսդրության փոփոխությունը:

«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ընդունելի չի համարում կիսանախագահական համակարգին անցնելու ՀԱԿ-ի առաջարկը։

«Հայաստանը անցել է ավելի ժողովրդավարական կառավարման մոդելի, որը դեռ ամբողջությամբ կիրառման մեջ չէ: Ընդունված օրենքներով ապականեցին խորհրդարանական կառավարման էությունը։ Հիմա մենք խորհրդարանական կառավարումը չհամտեսած՝ նորից հետ գնանք կիսանախագահակա՞ն, ես կարծում եմ՝ դա հետընթաց է», -ասել է Էդմոն Մարուքյանը։

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ, հիմա առաջ գնալու և իրապես խորհրդարանական կառավարման երկիր դառնալու ժամանակն է։ Իսկ դրա համար, Մարուքյանի խոսքով, անհրաժեշտ է փոխել կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դարձնել նախարարություններ՝ ընդգրկելով կառավարության կառուցվածքի մեջ ու հաշվետու դարձնելով խորհրդարանի առաջ։

«Եթե գնանք այս ճանապարհով, Հայաստանը կարող է կոչվել ժողովրդավարության կղզյակ տարածաշրջանում։ Հիմա հնարավորությունների պատուհանը բացված է, և մեզ մնում է օգտվել դրանից», -նշել է Էդմոն Մարուքյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում ևս հարցը չի քննարկվել։ «Այս պահին մեր խմբակցության անունից որևէ բան չեմ կարող ասել այն պարզ պատճառով, որ սահմանադրական փոփոխությունների հարց մեր խմբակցությունում չի քննարկվել։ Երբ կքննարկվի, ես մեր տեսակետը կներկայացնեմ», Parliamentmonitoring-ին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ 2015 թվականին ընդունված սահմանադրական փոփոխություններով Հայաստանում փոխվեց կառավարման մոդելը՝ կիսանախագահականը դարձավ խորհրդարանական: Այդ փոփոխությունների նախաձեռնողը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն էր, որին աջակցում էր նաև ՀՅԴ-ն: ԲՀԿ-ն ևս կողմ է արտահայտվել կառավարման խորհրդարանական համակարգին: Խորհրդարանական ՀԱԿ խմբակցությունը և այն ժամանակ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը դեմ են քվեարկել կառավարման խորհրդարանական մոդել սահմանող փոփոխությունների նախագծին: