7-րդ գումարման Ազգային ժողովը 21 օրինագիծ է մշակել, ևս 12-ը ներկայացրել է կառավարությունը

փետրվարի 27, 2019

Յոթերորդ գումարման Ազգային ժողովում խմբակցությունների և պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել 33 օրինագիծ։ Դրանցից 14-ը ներկայացրել է ընդդիմությունը, 19-ը՝ իշխանությունը։ 9 օրինագիծ հեղինակել են ԲՀԿ-ի պատգամավորները, 5-ը՝ ԼՀԿ-ինը, 7 օրինագիծ ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության անդամները, 12 օրինագիծ՝ կառավարությունը։

Պատժել պատգամավորի գործունեությունը խոչընդոտողին

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը առաջարկում է նախնական կալանքի 1 օրը հաշվել որպես մեկուկես օր: Այդ նպատակով նա Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ էր ներկայացրել, որին, սակայն, փետրվարի 15-ի նիստում կառավարությունը դրական եզրակացություն չտվեց: Նույնաբովանդակ առաջարկություն ներկայացրել էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Կառավարության կողմից մերժված երկու նախագծերը կքննարկվեն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 28-ի նիստում:

Գևորգ Պետրոսյանի և ԲՀԿ-ական ևս մի քանի պատգամավորների փոփոխությունների նախագիծը վերաբերում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքին: Առաջարկում են պատժամիջոցներ սահմանել կառավարության անդամների, վարչապետի, ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների և այլ պետական մարմինների ղեկավարների նկատմամբ, եթե նրանք կխոչընդոտեն պատգամավորի օրինական գործունեությանը: ԲՀԿ պատգամավորներն առաջարկում են խոչընդոտողներին տուգանել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Պատժից մինչև ավելացող լիազորություններ

«ԼուսավորՀայաստան» խմբակցությունը առաջարկում է Քրեական օրենսգրքով պատիժ՝ տուգանք կամ ազատազրկում սահմանել փաստաբանի և նոտարի գործունեությունը խոչընդոտելու համար։ Ընդ որում այդ պատիժը պետք է խիստ լինի, եթե խոչընդոտողը պաշտոնատար անձ է։

Մեկ այլ նախագծով ԼՀ-ն առաջարկում է լրացում կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում և Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին տալ «օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված՝ ՀՀ դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպելու հնարավորություն մինչև նրանց նշանակվելը»։ Այս հարցը ավելի վաղ բարձրացրել էր ԼՀ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նաև հայտարարել է, որ ներկայացնելու են ԱԺ մակարդակով սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում են խմբակցություններին տալ արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու, հրատապ թեմայով քննարկումներ նախաձեռնելու, Սահմանադրական դատարան դիմելու լիազորություններ։

Փետրվարի 25-ին Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել խմբակցությանների ներկայացրած` «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին, որով առաջարկվում է երկարաձգել օրենքի գործողության ժամկետը մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ը: Օրինագիծը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից:

Մարտի 1-ից մինչև վիճակախաղեր

ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը և ԼենաՆազարյանը ներկայացրել են «2008թ. մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառած վնասի հատուցման մասին» օրինագիծը: Հեղինակներն առաջարկում են կարգավորել այդ դեպքերի հետևանքով մահացած կամ առողջությունը վնասած մարդկանց հատուցման պայմաններն ու կարգը:

Ալեն Սիմոնյանը փոփոխություններ է առաջարկում նաև «Վիճակախաղերի մասին» օրենքում, որի նպատակը բուքմեյքերական գրասենյակների աշխատանքի կարգավորումն է: «Իմ քայլից» Հովհաննես Հովհաննիսյանն էլ առաջարկում է փոփոխություն կատարել «Գովազդի մասին» օրենքում և արգելել կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները եւ այլ գործնական աշխատանքները կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը»: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով էլ օրենքը խախտելու դեպքում սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով

Նստաշրջանի օրակարգում է նաև կառավարության ներկայացրած երկու միջազգային համաձայնագիր և 10 օրինագիծ, որոնց բովանդակությունը դեռևս հասանելի չէ։