Չգիտեմ՝ բիզնեսներ խլելուն առնչվող ինչ գործեր կան հարուցված. Հ. Տիգրանյան

մարտի 2, 2019

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ:

-«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն` 2018թ. պիտի ստեղծվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը հունվարի 1-ից, արդեն նոր ձևանմուշներով, կընդուներ բարձրաստիճան պաշտոնյանների գույքի ու եկամուտների հայտարարագրերը: Ինչո՞ւ այդ մարմինը չի ստեղծվել։

-Այդ հանձնաժողովը պետք է գործեր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի փոխարեն` ավելի ընդլայնված լիազորություններով և իրավական ավելի մեծ գործիքակազմով: Օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2018թ. ապրիլի 10-ին, երբ Հայաստանն ամբողջությամբ կանցներ խորհրդարանական կառավարման համակարգին, և նոր նախագահը կստանձներ պաշտոնը: Հետո 45-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահի կարգադրությունով պետք է ստեղծվեր մրցութային խորհուրդ`կազմված Փաստաբանների պալատի, Հանրային խորհրդի, ՄԻՊ գրասենյակի, Սահմանադրական դատարանի և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներից: Այդ խորհուրդը պետք է ԱԺ-ին առաջադրեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուներին: Հունիսի վերջին խորհուրդն ստեղծվեց, բայց մինչև ԱԺ լուծարումը որևէ գործողություն չարեց: Ընդամենը տեղյակ էինք, որ աշխատակարգ է մշակում:

-Այսինքն, այդ կառույցի ձևավորման պատասխանատուն նախո՞րդ Ազգային ժողովն էր:

-Այո: Այդ խորհուրդը չհրապարակեց թեկնածուներ հավաքագրելու մասին հայտարարությունը, մրցույթի կարգը և չանցկացրեց մրցույթ, որով խորհրդարանին պետք է ներկայացներ արդեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: Հիմա այդ մրցութային խորհուրդը չկա, քանի որ նախկին ԱԺ-ն լուծարվել է: Նոր ԱԺ-ն պիտի նոր մրցութային խորհուրդ ձևավորի, որն էլ իր հերթին կձևավորվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Մենք հիմա շատ մեծ իրավական խնդիր ունենք՝ հին օրենքը ուժը կորցրել է, նորը ուժի մեջ է մտնել, բայց հայտարարագրերի մասով գործողություններ չեն իրականացվում: Պատգամավորներն իրենց հայտարարագրերը ներկայացրել են հին ձևանմուշով, մինչդեռ կառավարությունը հունվարի 1-ից պետք է սահմաներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած նոր ձևանմուշը: Քանի որ հանձնաժողովը չկար, որևէ ձևանմուշ չի ներկայացվել: Կարծում եմ, առաջիկա ամիսներին այդ հանձնաժողովի ձևավորման մասին կտեղեկանանք, որովհետև մրցութային հանձնաժողով ձևավորելու քայլեր են ձեռնարկվում: Միակ բանը, որ կառավարությունը կարող էր անել, գուցե երկարաձգեր օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը:

-Նոր իշխանությունները կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքարի, բազմաթիվ բացահայտումների ու չարաշահումների վերաբերյալ հայտարարություններ են անում, բայց արդյո՞ք քիչ չէ դրանց արդյունքում պետությանը վերադարձված գումարը:

-Պետք չէ անմիջական կապ տեսնել բացահայտումների, բացահայտման հետևում կանգնած թվերի և վերադարձվող գումարների միջև, որովհետև բացահայտումը նշանակում է նոր քրգործի հիմք: Իսկ քրեական գործը, եթե չանցնի բոլոր դատավարական ընթացակարգերով, և ուժի մեջ մտած դատական ակտ չլինի, չհաստատվի, որ գույքը ենթակա է վերադարձման, մենք գումարի վերադարձ չենք տեսնի: Այսօր կա կոռուպցիայի դեմ պայքար, և դա խոսում է իշխանությունների կամքի, այդ երևույթի հանդեպ անհանդուրժողության մասին։ Նախկինում կար կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ՝ վարչապետի գլխավորությամբ, և մարդկանց թվում էր, թե դա է պայքարելու կոռուպցիայի դեմ:

-Կառավարության կայքի համաձայն՝ այդ խորհուրդն այսօր էլ գործում է, և այն ղեկավարում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

-Այդ խորհրդի կազմին ընդհանրապես չեն անդրադարձել։ Հակակոռուպցիոն ռազմավարությունը դեռ նախագծային վիճակում է, և մենք չգիտենք՝ նման մարմին կնախատեսվի՞, թե՞ ոչ։ Բայց այդ կառույցը այնքան էլ արդյունավետ չէր՝ լինելով ընդամենը տարբեր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի բարձրաձայնման հարթակ:

-Համաձայն «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» տարեկան զեկուցի՝ մեր երկրի կոռուպցիայի համաթիվը չի փոխվել: Մի ուղղությամբ դիտարկվել էր նաև հետհեղափոխական շրջանը։

-Բայց կազմակերպությունը նաև պարզաբանեց, որ 2018թ. կոռուպցիայի ընկալման մեր համաթիվը ձևավորվել է հիմնականում նախորդ կառավարության գործունեության ժամանակաշրջանում: Հետազոտական վեց աղբյուրներից մեկն է համընկել անցած տարվա հունիսից հետո ընկած ժամանակաշրջանի հետ: Եվ դա, ըստ էության, Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակաշրջանի գործունեության գնահատականն էր:

-Ինչո՞ւ է ապօրինի հարստացման ընդամենը երկու դեպք հայտնաբերվել, երբ նոր իշխանությունները հայտարարում էին, որ նախկին իշխանությունների օրոք կոռուպցիան ու թալանը համատարած են եղել։

-Քրեական օրենսգրքում ապօրինի հարստացումը քրեականացնող հոդվածն ուժի մեջ է մտել 2017-ի հուլիսին։ Դա պատասխանատվություն սահմանող նորմ է և հետադարձ ուժ չունի։ Մեր օրենսդրությամբ ապօրինի հարստացումը, որպես կանոն, բացահայտվում է հայտարարագրերի ուսումնասիրման արդյունքում։ Հանձնաժողովն ուսումնասիրում է պաշտոնյայի գույքի և եկամուտների շարժը, և երբ կասկած է առաջանում, նյութերը փոխանցում է դատախազություն։ Քանի որ հանձնաժողովը իրավական առումով վիճահարույց կառույց է, կարծում եմ՝ ճիշտ է, որ նման հիմքեր չստեղծի։ Հակառակ պարագայում՝ կառույցի իրավական լեգիտիմության հարցով այդ գործերը կարող են պարզապես կասկակածի տակ դրվել։

-Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը ապօրինաբար տիրանում է այլոց ընկերությունների 50% բաժնեմասին: Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, բայց 50/50-ի որևէ դեպք չի հայտնաբերվել։ Կարծում եք՝ դրանք իրականում չե՞ն եղել, թե՞ ապացուցելն է դժվար։

-Ես չգիտեմ, թե Քննչական կոմիտեի կամ ՀՔԾ-ի վարույթում բիզնեսներ խլելուն առնչվող ինչ գործեր կան: Մենք ունենք այնքան տեղեկատվություն, որքան այդ մարմիններն են հրապարակում։ Եվ բնական է, որ մեր իրազեկվածությունը, նախաքննական գաղտնիությունից ելնելով, պետք է ցածր լինի։ Վստահ եմ, սակայն, որ եթե քրգործ հարուցելու հիմքեր լինեն, մեր իրավապահ մարմինները հաստատ կաշկանդված չեն լինի: