ԱԺ հանձնաժողովներում՝ նստաշրջանին ընդառաջ

մարտի 3, 2019

Մարտի 5-ին աշխատանքը կսկսի 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանը: Սա այս խորհրդարանի առաջին նստաշրջանն է, որի օրակարգը ձևավորում են ԱԺ մշտական հանձնաժողովները՝ իրենց նիստերում քննարկված նախագծերով և դրանց տրված եզրակացություններով: Առաջին նստաշրջանի ընթացքում խորհրդարանը քննարկել է հարցեր, որոնք օրակարգային էին ԱԺ կանոնակարգ-օրենքի իմպերատիվ պահանջով:

Խորհրդարանական ընդդիմության առաջին մերժումը

ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ մերժվել են ընդդիմադիր ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների ներկայացրած օրինագծերը:

«Լուսավոր Հայաստանը» առաջարկում էր փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում: Մասնավորապես, առաջարկվում է սկսած վերջին համաներումը հայտարարելու օրվանից՝ 2018թ-ի նոյեմբերի 1-ից մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը, կալանքի տակ պահման ժամկետը հաշվարկել ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելուց հետո նշանակված պատժի 1 օրը 1.5 օրով, հաշվարկը կատարել 2004թ-ի հունիսի 9-ից:

«Այս նախագծով մենք առաջարկում ենք միայն հետադարձ ուժ տալ և ապագայի վրա չտարածել: Մենք համաձայն ենք կառավարության հետ՝ այս պահին քրեակատարողական հիմնարկներում չկա գերբեռնվածության խնդիր: Մենք առաջարկում ենք մեկ ակտով լուծել այս խնդիրը, խաչ քաշելու անցնել առաջ», -ասաց նախագիծը ներկայացնող Էդմոն Մարուքյանը:

ԱԺ «Իմքայլը» խմբակցության անդամ  Նիկոլայ Բաղդասարյանը մտավախություն ուներ, որ օրինագծից կօգտվեն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձինք: «Կլինեն բազմաթիվ դեպքեր, երբ ուղղակի ստիպված կլինենք վնասի հատուցում տալ, որովհետև կստացվի, որ մարդը ավելի շատ է նստել, քան պատիժն է սահմանված: Օրինակ, 5 տարի նախնական կալանքի տակ է եղել անձը, այնուհետև դատապարտվել է 7 տարի պայմանական ազատազրկման: Եթե հաշվարկենք 1.5-ով, ստացվում է 7․5 տարի, այսինքն` մարդը կես տարի ավել է նստել, ու, ըստ միջազգային պայմանագրերի, ըստ մեր Սահմանադրության ու օրենսդրության՝ պետք է փոխհատուցենք նրան»,- բացատրեց «Իմքայլի» պատգամավորը:

Նույնաբովանդակ փոփոխություն առաջարկում էր նաև «ԲարգավաճՀայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Այն Մարուքյանի նախագծից տարբերվում էր նրանով, որ առաջարկում էր դրույթը տարածել նաև ապագայում անազատության մեջ հայտնվող անձանց նկատմամբ:

Երկու նախագծերն էլ արժանացան նույն ճակատագրին՝ մերժվեցին խորհրդարանական մեծամասնության կողմից: Կառավարությունը ևս այս նախագծերին դրական եզրակացություն չէր տվել:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փորձեց մեղմել մեծամասնության մերժումը՝ առաջարկելով ստեղծել աշխատանքային խումբ, որը ամենօրյա ռեժիմով կուսումնասիրի քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակը և վեր ր կհանի խնդիրները: Առաջարկը, սակայն, Էդմոն Մարուքյանի եզրահանգման վրա չազդեց. «Նախորդ իշխանություններից եկող ավանդույթները շարունակվում են. եթե կառավարությունը մերժել է ընդդիմության նախագիծը, խորհրդարանական մեծամասնությունը նույնպես մերժում է այն»:

Շարունակ փոփոխվող օրենքը՝ օրակարգում

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում պատկերն այլ էր. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ զինվորական ծառայությանը վերաբերող օրինագիծը ընդունվեց ձայների մեծամասնությամբ: Այս օրինագիծը ներկայացվել է նաև նախորդ գումարումներում: Գորիգիսյանի ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով առաջարվկում էր «2017 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2018 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով, ինչը հնարավորություն կտա 2018 թվականի ընթացքում 27 տարին լրացած քաղաքացիներին վերադառնալ Հայաստան, համապատասխան ընթացակարգերով վճարել սահմանված գումարը ու ազատվել բանակում չծառայելու համար նախատեսված քրեական հետապնդումից։

«Իմ քայլը» խմբակցությունից Սասուն Միքայելյանի խոսքով՝ «ամեն տարի փոփոխվող այս օրենքով ասում ենք՝ «մալադեց չծառայողներին»։ Պատգամավորն առաջարկում էր հարցին վերջնական լուծում տալ:

Սկսած 2003 թվականից, օրենքի պարբերական փոփոխությունների արդյունքում Հայաստան է վերադարձել 9800 քաղաքացի։ Այս պահի դրությամբ 27-35 տարեկան 3225 քաղաքացի է հետախուզվում, իսկ ընդհանուր առմամբ բանակից խուսափելու համար հետախուզվում է 10000 քաղաքացի: 35 տարեկանից հետո քրեական հետախուզումը դադարեցվում է։