Նստաշրջանի մեկնարկը՝ աղքատիկ օրակարգով

մարտի 5, 2019

7-րդ գումարման Ազգային ժողովն սկսել է 2-րդ նստաշրջանի աշխատանքը: Մարտի 5-ին գումարված լիագումար նիստերի օրակարգում միայն 3 հարց է. 1-ը ՝ պարտադիր քննարկման ենթակա, մյուս 2-ը՝ պատգամավորների նախաձեռնություններ:

Օրինագծերի պակասն, ըստ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, օբյեկտիվ պատճառներ ունի՝ ընտրություններից հետո շատ ժամանակ չի եղել օրակարգը հարստացնելու համար:

«Նախկինում Ազգային ժողովի ընտրությունները տեղի էին ունենում մայիսին, և մինչև նստաշրջանի մեկնարկը Ազգային ժողովն ունենում էր մոտ 3 ամիս ժամանակ, այդ ընթացքում բավական շատ հարցեր էին կուտակվում, օրակարգ էր հասունանում։ Այս դեպքում մենք աշխատանքները սկսել ենք ընտրություններից մեկ ամիս հետո», - ԱԺ ամբիոնից հայտարարեց Արարատ Միրզոյանը և խոստացավ, որ առաջիկայում խորհրդարանը քննարկումների պակաս չի ունենա:

Օրակարգն , ի դեպ, կարող էր լրացվել ևս 3 օրինագծով, եթե խորհրդարանական մեծամասնությունը կողմ լիներ դրանք օրակարգ ընդգրկելուն:

Ավանդույթները շարունակվում են

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում խորհրդարանական ընդդիմության ներկայացրած օրինագծերը լիագումար նիստում նույն ճակատագրին արժանացան. մեծամասնությունը դեմ քվեարկեց, նախագծերը չընդգրկվեցին նստաշրջանի օրակարգ:

Նախագծերից մեկը վերաբերում էր արհմիություններին. «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխության առաջարկն արել էր ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը: «Լուսավոր Հայաստան»-ից Էդմոն Մարուքյանն ու ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ գրեթե նույնաբովանդակ փոփոխություններ էին առաջարկել Քրեական օրենսգրքում. նախնական կալանքի 1 օրը հաշվարկել 1.5 օր:

Մերժված նախագծերի հեղինակները թեպետ 3 րոպե ելույթ ունեցան, հիմնավորեցին օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, բայց, միևնույն է, դրանք չընդունվեցին:

«Ցավում եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը, առաջնորդվելով կառավարության տված բացասական եզրակացությամբ, կրկնեց գործադիրի դիրքորոշումը: Ի՞նչն էր խանգարում, որ մենք այստեղ քննարկեինք նախագիծը, քննարկումներից հետո դուք մնայիք ձեր տեսակետին, մենք՝ մեր տեսակետին: Եթե այս վատ ավանդույթները, ինչի դեմ մենք պայքարել ենք, շարունակվեն, ապա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է փոխվել մեր քաղաքական մշակույթում», -ելույթում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Դիմելով խորհրդարանական մեծամասնությանը՝ նա հորդորեց չկրկնել նախորդ մեծամասնության սխալները:

Քաղաքական դասեր խորհրդարանի ամբիոնից

Առաջին բանավեճը ծավալվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ու «Իմ քայլը» խմբակցության երիտասարդ պատգամավոր Արեն Մկրտչյանի միջև արհմիություններին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ:

Պետրոսյանը վիրավորվել էր, որ Մկրտչյանը հանձնաժողովում ներկա չի եղել նախագծի քննարկմանը, բայց լրագրողների հետ զրույցում ասել է, թե առաջարկի նպատակը աշխատողներին վերահսկողության տակ պահելն է: «23 տարի զբաղվել եմ աշխատողների իրավունքների պաշտպանությամբ, այդ ո՞նց եղավ, որ ես վեր կացա ու աշխատողների շահերը տոտալ հսկողության տակ դնող նախագիծ հեղինակեցի։ Անընդհատ խոսվում է հանդուրժողականության, սիրո մասին, բայց սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը», - դժգոհեց Պետրոսյանը:

Դժգոհությանն արձագանքեց Արեն Մկրտչյանը: Հիշելով Պետրոսյանի՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ 88 հոգանոց խմբակցությունն օրենքներ դակող է, հավելեց. «Պարոն Գևորգ Պետրոսյան, ես ձեզ կոռեկտության կոչ եմ անում, այլապես մենք ստիպված կլինենք կոռեկտության սեմինարներ անցկացնել ու գրավոր և բանավոր քննություն ընդունել ձեզանից»։

«Ճիշտն ասած, ես մտածում էի, որ իմ վերջնական կրթությունն ստացել եմ, բայց այսօր իմ բացակայությամբ պարոն Մկրտչյանն ասել է, որ ինձ դասեր պետք է տա: ՊարոնՄկրտչյան, ձեր՝ ինձ դասավանդելու հնարավորությունն այնքան խելամիտ է, ինչքան ես հիմա շուռ գամ ու այս տախտակի վրա Այվազովսկու 9-րդ ալիքը նկարեմ: Տղամարդուն, մասնավորապես պատգամավորին սազական չէ իմ բացակայությամբ ինձ հեգնելը», - ավելի ուշ արձագանքեց Գևորգ Պետրոսյանը:

«Իմ քայլ»-ից Մխիթար Հայրապետյանն էլ ընդդիմադիրներին հորդորեց զերծ մնալ նախկինի հետ համեմատություններից. «Արդեն որերորդ անգամն է՝ փորձ է արվում քաղաքական մեծամասնության գործընկերներին ներկայացնել որպես սեփական կարծիք չունեցող գործիչների»: Հայրապետյանը խնդրեց կասկածի տակ չդնել քաղաքական մեծամասնության անկախությունն ու կամքը:

«Հարգելի գործընկերներ, կարծում եմ, խորհրդարանում մենք դեռ բազմաթիվ առիթներ կունենանք կրքոտ քննարկումներ անցկացնելու», -լարվածությունը մեղմել փորձեց ԱԺ նախագահը:

2 օրինագիծ՝ ընդդիմությունից

Այդուհանդերձ, 7-րդ գումարման Ազգային ժողովի ընդունած առաջին օրինագիծն ընդդիմության հեղինակածն էր: «Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանի ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ստացել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Պատգամավորը, հիշեցնենք, առաջարկվում է հետաձգել օրենքի գործողության ժամկետը՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանելով 2019 թվականի մարտի 1-ը: Այս փոփոխությունը հնարավորություն կտա 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված վճարը (յուրաքանչյուր զորակոչի համար՝ 200 հազարական դրամ) և վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական պատասխանատվությունից: Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն ՝ 101 կողմ ձայնով, առանց դեմ-ի ու ձեռնպահ-ի:

Խորհրդարանի դիրքորոշումը միանշանակ էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանի հեղինակած նախագծի նկատմամբ: «Կրթության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ պատգամավորն առաջարկում է որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի ամսական վճարման հնարավորությունը: Փոփոխությունն, ըստ Ուրիխանյանի, կմեղմի վարձի վճարման հետ կապված ուսանողների ֆինանսական դժվարությունները:

«Ուզում եմ արձանագրել, որ քաղաքական մեծամասնությունը խրախուսում ու հետագայում էլ ողջունելու է ընդդիմության այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց առանցքում Հայաստանի քաղաքացու շահն է», -հայտարարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Թումանյանի 150 ամյակն է, գործն է անմահ, լավ իմացեք, այսօր լավ գործ արեցինք», ո եզրափակիչ ելույթում ուրախությունը չթաքցրեց Ուրիխանյանը: