Հայտարարագրերը կներկայացվեն, իսկ հակակոռուպցիոն հանձնաժողովը դեռ կսպասի

մարտի 15, 2019

Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները կշարունակեն ներկայացնել գույքի ու եկամուտների մասին հայտարարագրերը, բայց ոչ թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչպես պահանջում է Սահմանադրությունը, այլ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ իներցիայի ուժով:

6-րդ գումարման Ազգային ժողովը ընդունել էր հակակոռուպցիոն օրենքների մի ամբողջ փաթեթ, որն ամբողջացել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքով, որն ընդունվել էր դեռևս 2017 թվականի ամռանը:

Օրենսդրական այս փաթեթը պատասխանատվություն էր սահմանում հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով սահմանված ժամկետում չներկայացնելու համար, ինչպես նաև այն բանի համար, եթե դրանք ոչ ամբողջական կամ կեղծ տվյալներ պարունակեին:

Սպասվում էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կկազմավորվի 2018թ.ապրիլի 10-ից հետո, երբ Հայաստանում լիարժեքորեն կգործեր խորհրդարանական կառավարման համակարգը: Կառույցը պետք է ունենար 5 անդամ, որոնցից 3-ը կպաշտոնավարեին 6, իսկ 2-ը՝ 4 տարի: Նախկին իշխանությունները ընդլայնեցին հայտարարագիր ներկայացնողների շրջանակը. նախատեսվում է այդ թիվը 500-ից հասցնել 2000-ի: Հայտարարագրերի ռեեստրը մինչև նոր հանձնաժողովի ստեղծումը պետք է վարեր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Այս մարմինը 2018ապրիլից դադարելու էր գործել ու դրա հիման վրա ստեղծվելու էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:  

2018-ի ապրիլի 10-ից գրեթե մեկ տարի է անցել, փոխվել են իշխանությունները, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանույշ Սահակյանը ստեղծված իրավիճակը անհամատեղելի համարելով «մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին» մեկ ամիս առաջ հրաժարական էր տվել: 

Փոխարենը նոր կառավարությունը Հանրային ծառայությունների մասին օրենքում պարզ փոփոխություններով փոքր լուծում էր առաջարկել, որը ներկայացրել էր Ազգային ժողով:

Հանրային ծառայությունների մասին օրենքի այն հոդվածները, որոնք ուժի մեջ պետք է մտնեին 2019 թվականի հունվարի 1-ից և փաստացի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացակայության պատճառով ուժի մեջ չեն մտել, հետաձգվում են, և դրանց գործունեության սկիզբ սահմանվում է 2020 թվականի հունվարի 1-ը: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ հայտարարագրման ժամկետը օրենքով սահմանվել է մինչև մարտի վերջ, կառավարությունն առաջարկում էր երկարաձգել և 2018 թվականի հայտարարագրերը ներկայացնել մինչև մայիսի 31-ը:«Հիմա ունենք իրավիճակ, երբ փաստացի այս հանձնաժողովը չի ստեղծվել, ընդ որում հանձնաժողովի չստեղծմամբ նաև խոչընդոտներ են ստեղծվել գույքի ու եկամուտների հայտարարագրման հետ կապված: Մասնավորապես, օրենքով հստակ ամրագրված է պահանջ, որ հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնեն գույքի ու եկամուտների հայտարարագրեր և, միևնույն ժամանակ, չկա այն մարմինը, որտեղ պետք է ներկայացվեն այդ տվյալները»,-ներկայացնելով օրենսդրական փոփոխությունը՝ խորհրդարանում ասել էր արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Ազգային ժողովում հարցի քննարկման ժամանակ տարբեր հարցեր հնչեցին, մասնավորապես, ԼՀԿ խմբակցությունից Անի Սամսոնյանը հետաքրքրվեց՝ հանձնաժողով չստեղծելու պատճառները քաղաքակա՞ն էին թե՞ տեխնիկական:

«Հարցը կառավարության դաշտում չէ, այլ Ազգային ժողովի, որովհետև հանձնաժողովի անդամները պետք է ընտրվեին Ազգային ժողովի կողմից: Կարող եմ կարծիք հայտնել, որ բավականաչափ բարձր ընթացակարգ է ամրագրված: Դա այն ինքնավար մարմինն է, որը հատուկ ընթացակարգով է ձևավորվում: Ես լիահույս եմ, որ այս տարի մենք ի վերջո կքննարկենք ու կձևավորենք հանձնաժողովը»,-պատգամավորին արձագանքել էր Սուրեն Քրմոյանը: