Պետտուրքի կտրուկ բարձրացումը «Իմ քայլի» պատգամավորների սրտով չէ

մարտի 20, 2019

Կառավարությունը որոշել է բարձրացնել գրավատների ու փոխանակման կետերի պետական տուրքը: Մարդիկ, որոնք իրենց մաշկի վրա անմիջապես զգալու են դրա հետևանքը, փոփոխությունը կանխելու հույսով մարտի 20-ին նորից կառավարության դիմաց էին՝ վարչապետին հանդիպելու պահանջով: Նրանց, սակայն, կառավարության ղեկավարը չընդունեց. խնդրի մանրամասները քննարկելու համար բողոքավորներին հրավիրեցին Ազգային ժողով:

Գրավատների և փոխանակման կետերի՝ օրեր շարունակ բողոքի ակցիաներ անցկացնող ներկայացուցիչները Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում էին: Նրանց դժգոհության առարկան՝ «Պետական տուրքերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, մինչև ԱԺ լիագումար նիստ հասնելը, պետք է քննարկվի նախ այս հանձնաժողովում:

Այս նախագծով կառավարությունը պատրաստվում է 60 անգամ ավելացնել պետական տուրքը, ինչից հետո գրավատները 100 000 դրամի փոխարեն կվճարեն 6 մլն դրամ, փոխանակման կետերը՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:

Հայաստանի տարածքում այսօր գործում է 231 փոխանակման կետ և 128 գրավատուն: Պետական տուրքի՝ 60 անգամ բարձրանալու դեպքում դրանց 80%-ը կարող է փակվել:

Ո՞վ կշահի պետտուրքի բարձրացումից

Արարատի մարզի բնակիչ Աշոտ Մխեյանը խնդիրը պատգամավորներին ներկայացրեց սեփական օրինակով: Տասը տարի աշխատող իրենց գրավատան ֆինանսական պորտֆելը կազմում է 20 մլն դրամ, և առաջարկվող 6 մլն դրամ պետական տուրքը աբսուրդային է։

«Եթե տարրական հաշվարկ կատարենք, կտեսնենք՝ մեր ամսական ծախսերը 12 մլն դրամ են, դրան էլ գումարենք ավելացող 6 մլն դրամ հարկը, կդառնա 18 մլն, մեր պորտֆելն էլ 20 մլն է, հետևաբար, մեր աշխատելը իմաստ չի ունենա։ Մենք աշխատում ենք 10 տարի, ու քանի որ մեր ընտանեկան բիզնեսն է, չենք ուզում փակվի, բայց առաջարկվող փոփոխությունից հետո չենք կարող աշխատել», - ասաց Աշոտ Մխեյանը։

Փոխանակման կետերի շահերի պաշտպանությամբ զբաղվող Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը տեղեկացրեց, որ վերջին տասը տարում փոխանակման կետերի շահութաբերությունը 2.2 անգամ նվազել է, և դա պայմանավորվում է ԿԲ-ի դիրքորոշմամբ, համաձայն որի փոխանակման կետերը պետք է սպասարկեն փոքրածավալ՝ 100-200 ԱՄՆ դոլարի չափով գործարքներ:

Խաչատրյանն ասաց՝ իրենք վերլուծություններ կատարել ու եզրակացրել, որ փոխանակման կետերի պետտուրքը Երևանում կարելի է բարձրացնել 4.5 անգամ, իսկ մարզերում դրանք չպետք է բարձրանան։

Գրավատնային գործունեություն իրականացնող ընկերության հիմնադիր-տնօրեն Մհեր Գևորգյանի համոզմամբ էլ սպասվող փոփոխությունները փոքր ու միջին ընկերություններին կանգնեցնելու են փակման եզրին։ «Միգուցե տանում են խոշորացման, բայց սա մեր կարծիքով, թե տնտեսության, թե նոր կառավարության հռչակած տնտեսական հեղափոխության գաղափարներին հակառակ պրոցես է, որովհետև միանշանակ առաջանում է մոնոպոլիայի ռիսկ», - ասաց Մհեր Գևորգյանը:

ԱԺ հանձնաժողովում խնդրի քննարկմանը ԿԲ-ի և կառավարության ներկայացուցիչներ չէին մասնակցում: Նիստը նախագահող «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյանն ասաց, որ խնդիրները գույքագրելու նպատակով նախ հրավիրել են սպասվող փոփոխություններից դժգոհ քաղաքացիներին, իսկ հետո կհանդիպեն նաև պատկան մարմինների հետ։

«Իմ քայլը»-ում կիսում են մտահոգությունները

«Պետական տուրքի մասին» օրենքում տուրքերի մասով վերջին փոփոխությունը կատարվել է 1997 թվականին. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի կարծիքով՝ պետական տուրքի փոփոխությունը անհրաժեշտ է, քանի որ կյանքը զարգանում է, իսկ ծառայությունների մատուցման գներրը փոխվում են։ Առաջարկվող բարձրացումը, սակայն, պատգամավորը ընդունելի չի համարում։

«Բարձրացման այն չափը, որ դրվել է, բավական նվազեցնելու է այս ոլորտի գրավչությունն ընդհանրապես։ Պետք է հասկանանք՝ եթե 60 անգամ պետական տուրքը բարձրանում է, ինչ խաղացողներ են լինելու շուկայում, և ինչ էֆեկտ է լինելու։ Պետք է հասկանալ՝ ինչ անել», - ասաց Մանուկյանը։
«
Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ գրավատների այսօրվա պետական տուրքը՝ տարեկան 100 հազար դրամը, բաժանել է ամիսների վրա և ստացել ամսական 8300 դրամ։ Նրա կարծիքով՝ սա ընդունելի չափ չէ, ու միանշանակ է, որ պետք է բարձրանա։ «Բայց նաև համաձայն չեմ, որ դառնա 6 միլիոն դրամ: Կարծում եմ՝ մենք մեր խմբակցության և տնտեսական հանձնաժողովի պատգամավորներով կհրավիրենք ԿԲ ներկայացուցիչների, պարզաբանումներ կպահանջենք, ինչը կլինի բաց, ուղիղ եթերում, -ասաց պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Տնտեսական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ԿԲ-ն ինքնուրույն օրինագիծ չի մշակում, այլ ներկայացնում է խնդիրը, և կառավարության հետ միասին մշակվում է նախագիծ։ «Այսպես, թե այնպես, պայմանավորվածություն պետք է որ եղած լինի», -ասաց պատգամավորը։

Այդուհանդերձ, Հայկ Գևորգյանը գնահատականներ չհնչեցրեց, քանի դեռ ԿԲ-ի և կառավարության տեսակետը չեն լսել. «Այս խնդիրը մեզ մոտ էլ է հարցեր առաջացրել, և մեր հանձնաժողովը հարցումներ է ուղարկել կառավարություն: Պատասխանները, կարծում եմ, կնպաստեն օբյեկտիվ պատկերի ձևավորմանը», -ասաց մեծամասնության պատգամավորը: