Մեզ ավելի պարզ ու բարակ Հարկային օրենսգիրք է պետք. Գ. Պապոյան

մարտի 21, 2019

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ:

-Պարոն Պապոյան, «Իմ քայլը» խմբակցության ու կառավարության միջև տարաձայնություններ կա՞ն Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների շուրջ:

-Ես տարաձայնություն չէի ասի: Առաջարկվող նախագծով ուղղակի հարկերի զգալի իջեցում է նախատեսվում: Օրինակ, եկամտային հարկի համահարթեցումը, ինչը վերաբերում է 150 հազար դրամ և ավելի բարձր աշխատավարձ ստացողներին: Ընդ որում՝ կա սխալ մեկնաբանություն, թե նրանք կազմում են ֆիքսված աշխատողների 35 տոկոսը: Իրականում ոչ մեկը չգիտի, թե քանի տոկոս են կազմում բարձր աշխատավարձ ստացողները: Ես համոզված եմ, որ նրանք ավելի շատ են, պարզապես նրանց աշխատավարձն ամբողջությամբ չի գրանցվում, որ չհարկվի: Համոզված եմ, որ եթե գնանք համահարթ տարբերակին և ժամանակի ընթացքում եկամտային հարկն իջեցնենք մինչև 20 տոկոս՝ հավասարեցնելով շահութահարկի դրույքաչափին, իրական եկամուտները թաքցնելու իմաստ չի լինի: Այդ դեպքում մենք կունենանք աշխատավարձերի իրական պատկերը:

-Քննադատություն կա, թե ինչու պետք է բարձր և ցածր եկամուտ ստացողները նույն դրույքաչափով հարկվեն:

-Այո, բայց մյուս դեպքում էլ կորում է բարձր եկամուտ ստանալու մոտիվացիան: Մենք հասկանում ենք, որ այս փոփոխություններից բացի՝ մեզ նոր, ավելի պարզ ու ավելի բարակ Հարկային օրենսգիրք է պետք, որը հասկանալի կլինի բոլորին: Այս փոփոխություններով փորձում ենք կարճաժամկետ լուծումներ գտնել:

-Ձեր կարծիքով՝ կառավարությունն իր ո՞ր առաջարկներից պետք է հրաժարվի:

-Այն գաղափարախոսությունը, որը նախագծի հիմքում է, մենք ընդունում ենք: Հասկանում ենք նաև, որ հնարավոր չէ մի ուղղությամբ հարկերն իջեցնել, մյուսով՝ դրույքաչափերը նույնը պահել: Այդ դեպքում երկարաժամկետ կտրվածքով գուցե ներդրողներին խրախուսենք և ավելացնենք բյուջետային մուտքերը, բայց կարճաժամկետ կտրվածքով խնդիր կունենանք: Կա նաև դրույքաչափերի բարձրացման չափի խնդիրը: Այս հարցերի պատասխաններն ենք ցանկանում ստանալ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունից:

-Ինչո՞ւ է գրավատների ու փոխանակման կետերի համար այդպես կտրուկ՝ 60 անգամ բարձրացվում պետական տուրքը:

-Նույն տրամաբանությամբ պետք է հիմնավորվի նաև այդ նախաձեռնությունը: Եվ չլինի Ֆինանսների նախարարության ներկայացրած հիմնավորման նման, թե երկար ժամանակ այդ տուրքի փոփոխություն չի եղել: Ես կարևորում եմ այն առողջ քննարկումը, որ կա մեր թիմի ներսում. դա ոչ թե հակասություն է, այլ լավագույն լուծումը գտնելու փորձ:

-Կարծիք կա, թե հատկապես պետտուրքի բարձրացման նախաձեռնությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանինն է: Լինելով բանկային համակարգի նախկին ներկայացուցիչ՝ փոխանակման կետերի աշխատանքը սահմանափակելու միջոցով փորձում է բանկեր տեղափոխել նրանց շրջանառությունը:

-Ես նման էմոցիոնալ կամ քաղաքական գնահատականներ չեմ տա: Կլինի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը, իմ կարծիքը կասեմ:

-Երբ եկամտային հարկի համահարթեցման փոփոխությունն իրականություն դառնա, վստա՞հ եք, որ չգանձվող հարկը կմնա աշխատողին և ոչ թե գործատուին: Ի՞նչ է նախատեսվում, որ գործատուն չփոխի աշխատանքային պայմանագրերը:

-Օրենսդրությամբ դա գործատուի գումարը չէ: Գործատուն այդ գումարը տալիս է աշխատողին, և դրանից աշխատողը եկամտահարկ է վճարում: Իսկ դրույքաչափի նվազեցման արդյունքում չվճարվող հարկը չի կորում. մնալով աշխատողների մոտ՝ այն դառնում է ծախս և ներդրվում տնտեսության մեջ:

-Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կենսաթոշակները 5000 դրամով բարձրացնելու համար 30 մլրդ դրամ է անհրաժեշտ: Եկամտային հարկի համահարթեցմամբ բյուջեն կկորցնի 27,5 մլրդ դրամ: Տնտեսության մեջ ներդնելու տեսանկյունից ճիշտ չէ՞ր լինի եկամտային հարկը չնվազեցնել, և այդ գումարով կենսաթոշակները բարձրացնել: Չէ՞ որ այն անմիջապես սպառման շուկա էր գնալու՝ դառնալով ներդրում:

-Աշխատանքի արտադրողականության տեսանկյունից նպատակահարմար է եկամտային հարկի նվազեցումը, սոցիալական տեսանկյունից՝ թոշակների բարձրացումը: Գաղափարախոսություն է փոխվում՝ խրախուսվում է բարձր աշխատավարձը, խրախուսվում են աշխատանքն ու արտադրողականությունը: Իսկ թոշակների բարձրացումը պետք է դիտարկել ոչ թե որպես նպատակ, այլ ՝որպես հետևանք: Եթե մեր նպատակը տնտեսական աճն է, այն ունենալով՝ կբարձրացնենք նաև թոշակները: Հակառակ դեպքում կունենանք ավելի լուրջ խնդիր. կարող է հայտնվենք Հունաստանի վիճակում, որտեղ պարտքեր, վարկեր վերցնելով և եվրոպական միջին մակարդակի թոշակներ ու աշխատավարձեր վճարելով՝ սերունդների համար լուրջ խնդիրներ են առաջացրել: Կարող ենք գնալ կարճաժամկետ պոպուլիստական լուծումների, որոնց արդյունքում, գուցե, իշխանության հեղինակությունը շատ բարձրանա: Բայց պետություն տեսանկյունից երկարաժամկետ քայլեր են անհրաժեշտ:

-Ինչպես նախորդ գումարման խորհրդարանում առայժմ գերակշռում է կառավարության առաջարկություններն ընդունելու միտումը:

-Կա հետևյալ տրամաբանությունը՝ այսօր աշխատում ենք բիզնեսի հետ և փորձում ենք հասկանալ, թե որ կետը որքանով է արդյունավետ: Եթե քննարկումների արդյունքում կառավարության հետ գանք ընդհանուր հայտարարի ու ընդունենք նախագիծը, չի նշանակի, որ կուրորեն ընդունեցինք գործադիրի առաջարկածը: Միևնույն ժամանակ չմոռանանք, որ «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության հենարանն է խորհրդարանում: