Հեղափոխությունից մինչև արտահերթ ընտրություններ. կառավարության ծրագրի կատարողականը՝ ԱԺ-ում

մարտի 25, 2019

ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է Կառավարության 2018թ ծրագրի կատարման ընթացքի և արդյունքի հաշվետվություն-զեկույցը։ Դրանում բաժին առ բաժին ներկայացված է անցած յոթ ամսում արվածը:

Ընտրությունները՝ ազատ, իրավունքները՝ պաշտպանված

Հաշվետվությունն նախ անդրադառնում է քաղաքական զարգացումներին և ընտրություններին։ Կարևորվում են հատկապես Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք ճանաչվել են որպես ազատ, արդար և մրցակցային։ Նշվում է, որ հավատարիմ իր ծրագրին՝ գործադիրը մշակել և ԱԺ է ներկայացրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որի ընդունումը 2 անգամ տապալել է նախորդ գումարման Ազգային ժողովի մեծամասնությունը:

Կառավարությունը համոզված է, որ իր գործունեության արդյունքում Հայաստանում օրենքի առաջ արտոնյալներ չկան, և պաշտպանված են քաղաքական ու քաղաքացիական իրավունքները: «Երկրում հաստատված ժողովրդավարական կայունությունը նպաստել է իրավապահ համակարգի նկատմամբ հանրային ընկալումների փոփոխմանը և վստահության ամրապնդմանը»,- նշված է զեկույցում:

Գործադիրը նաև ընդգծել է, որ Հայաստանում այլևս քաղբանտարկյալներ չկան:

Չկա համակարգային կոռուպցիա, չկա մենաշնորհների գերակայություն

Զեկույցում կարդում ենք, որ աննախադեպ պայքարի արդյունքում երկրում համակարգային կոռուպցիան վերացել է։ 2018թ. հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու վերաբերյալ հարուցվել է 1079 քրեական գործ, որոնց շրջանակներում արձանագրվել է պետությանը պատճառած 66,9 մլրդ դրամի գույքային վնաս: Դրանից վերականգնվել և պետական բյուջե է վճարվել շուրջ 22,5 մլրդ դրամ:

Կառավարությունը վերացված է համարում նաև բիզնեսի և իշխանության սերտաճումը, մենաշնորհների գերակայությունը: Գրված է, որ 2018թ. վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78% նախկին 95%-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 30% նախկին 57%-ի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 29% նախկին 43%ի փոխարեն: Տարեվերջի դրությամբ ստվերից դուրս է բերվել առնվազն 30 հազար աշխատատեղ, իսկ ֆորմալ աշխատավարձի ֆոնդը աճել է 110 մլրդ դրամով: Այս թվերը զեկույցում նշված են՝ առանց կոնկրետ անունների:

Գործադիրը ՓՄՁ-ներին աջակցություն է համարում ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով վաճառելը:

Անվտանգություն. Արցախի հակամարտությունից մինչև «օրենքով գողեր»

Համաձայն զեկույցի՝ հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է լարվածության աննախադեպ անկում։ Որպես Արցախի խնդրի բանակցային գործընթացի կատարված ցուցանիշ՝ հիշատակվել են 2018թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեք ոչ պաշտոնական և երկու երկրների արտգործնախարարների երեք հանդիպումները:

Կարևորվել է ԵԱՏՄ շրջանակներում տարբեր միջոցառումների մասնակցությունը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամ դադարեցումը:

Ներքին անվտանգության տեսանկյունից գործադիրը առանձնացրել է «գողական, քրեածին մտածելակերպի մնացուկներն արմատախիլ անելու հարցում անպատժելիության և օրենքից վեր կանգնած լինելու կարծրատիպի վերացումը», ինչպես նաև՝ «օրենքով գողերին» և «հանցավոր հեղինակություններին» պարբերաբար բերման ենթարկելը:

Երջանիկ և արժանապատիվ քաղաքացի

Նախորդ ծրագրում կառավարությունը կարևորել էր քաղաքացու երջանկությունն ու արժանապատվությունը, իսկ կատարողականում, որպես դրան ուղղված առաջին քայլ, նշել է հանրության առաջ ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի դարպասները բացելը, գործադիրի նիստերի դռնփակ ռեժիմի չեղարկումը։

Երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկավորման պայմանների բարելավումը, 20 հազար կենսաթոշակառուների ու 65 հազար նպաստառուների աղքատությունը նվազեցնելու նպատակով 2019թ. հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը 16 հազար դրամի փոխարեն 25500 դրամ սահմանելը, երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը 150 հազար դրամ դարձնելը, սրտի ստենտավորման արժեքը մոտ 250 հազար դրամով իջեցրել հաշվետվությունում ներկայացված են որպես անցած ամիսների ընթացքում արված կարևոր քայլեր:

2018թ. 3300 ուսանող մոտ 700 մլն դրամի շրջանակներում ուսման վարձի փոխհատուցում է ստացել: Իսկ «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագրի 47 դաս-համերգներին մասնակցել է 11617 դպրոցական։ 121 հազարով ավելացել է թանգարանների այցելուների թիվը։ Եվ վերջապես՝ ՀՀ քաղաքացու երջանկության և արժանապատվության առումով կարևորվել է այն, որ 2018թ. Երևանի գրախանութներում «երրորդ հանրապետության պատմության ընթացքում ռեկորդային թվով գիրք է վաճառվել»: Կառավարությունը, սակայն, չի նշել, թե քանի գիրք է վաճառվել անցալ տարի:

Տնտեսության և զբոսաշրջության զարգացման մասին

Որպես տնտեսության զարգացման շարունակականության ապահովում՝ կառավարությունը շեշտել է անցած տարի ՀՆԱ-ի 5,2% աճը։ Այդ թվում՝ 2-րդ կիսամյակում մշակող արդյունաբերության 10,8% աճը: Ընդ որում կարևորվել է հատկապես ներմուծման աճը, որը 2017թ. համեմատ ավելացել է 866 մլն դոլարով:

Որպես տնտեսության զարգացման առաջնահերթություն՝ նշվում է «Ինժեներական քաղաք» ստեղծելու նպատակով 3 հեկտար հողատարածքի սեփականության իրավունքի փոխանցման կարգավորումը: Նշվում է նաև ՀՕՖ-ի աջակցությամբ Իջևանում, Գավառում և Եղեգնաձորում մեկնարկած տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագիրը: Թվարկվում է նաև, թե մասնավոր ընկերությունները որքան պտուղ-բանջարեղեն են մթերել կամ արտահանել:

Զբոսաշրջության զարգացման համար 3500 ճանապարհային նշաններ տեղադրելու, «Գինու զբոսաշրջություն» բրոշյուր և տեսահոլովակ պատրաստելու, «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» երթուղին մշակելու, զբոսաշրջիկների հարմարավետության նպատակով ԱԳԼՃԿ-ներում զուգարանները բարեկարգելու մասին նույնպես գրված է զեկույցում:

Գործադիրը թվարկել է էներգետիկ, ճանապարհատրանսպորտային և հանքարդյունաբերության ոլորտներում նախաձեռնած քայլերը, ստորագրած փաստաթղթերը: Նշել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերության հետ բանակցությունների արդյունքում կանխել է 2019թ. հունվարի 1-ից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մատուցվող ծառայությունների սակագնի թանկացումը։

«Կառավարությունը ստանձնել և հաջողությամբ իրագործել է խորհրդարանական կառավարման համակարգին լիարժեք անցում կատարելու և նոր համակարգի հիմքերը ձևավորելու առաքելությունը: Անցումային փուլում Կառավարությունն ապահովել է պետական կառույցների բնականոն և անխափան գործունեությունը արտաքին և ներքին անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության, ֆինանսատնտեսական, հարկաբյուջետային, սոցիալական և մյուս ոլորտներում: Այս գործընթացում Հայաստանը զերծ է մնացել ցնցումներից, ստեղծվել են անհրաժեշտ բոլոր նախադրյալները թռիչքաձև զարգացում ապահովելու համար»,- եզրակացնում է կառավարությունն իր հաշվետու զեկույցում:

Հաշվետվությունը կքննարկվի նաև ԱԺ լիագումար նիստում՝ առանց քվեարկության, ընդամենը ի գիտություն ընդունելու համար: