Պետք է փոխել ՀՀ դեսպաններին Մոսկվայում, Թբիլիսիում, Թեհրանում. Ա. Բաբաջանյան

մարտի 27, 2019

Հարցազրույց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

-ԼՀԿ խմբակցությունն առաջարկում էր Սիրիա մեկնած հայկական զորախմբի աշխատանքներին ծանոթանալու նպատակով պատգամավորական խումբ ուղարկել Դամասկոս: Ինչո՞ւ ձեր առաջարկությունը մերժվեց:  

-ԱԺ նախագահը հանձնարարեց Արտաքին հարցերի և Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնել: Փակ նիստ էր, որտեղ ներկայացրեցի մեր առաջարկության ընդհանուր մոտիվները, որ չեն կարող Հայաստանի 83 քաղաքացիներ անգամ հումանիտար առաքելություն իրականացնել Սիրիայում, ու դա դուրս մնա մեր երկրի խորհրդարանական վերահսկողությունից: Այդ առաքելության մասին առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց 2018թ. օգոստոսի 17-ի հանրահավաքում: Մենք հասկանում ենք, որ այդ առաքելությունն իր մեջ ունի շերտեր, որոնք պայմանավորված են Ռուսաստանի հետ հարաբերություններով:

-Այսինքն, Սիրիա զորախումբ ուղարկելով՝ Հայաստանը տո՞ւրք է տվել Ռուսաստանի ցանկություններին:

-Ամեն դեպքում, մենք տեսանք, որ առաքելությունն ուղարկելուց անմիջապես հետո ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն հայտնեց մեր նախարարին արագ արձագանքելու համար:

-Ձեր կարծիքով՝ ո՞րն էր Սիրիա նման առաքելություն ուղարկելու պատճառը:

-Դա չափազանց մեծ կշիռ է տալիս ՌԴ-ին, որովհետև Սիրիայի հարցում միայնակ չի լինի: Հայաստանը դեմ է գնացել միջազգային ընդհանուր տրամադրություններին, և, կարծում եմ, գոնե պիտի կարողանար իր համար շահեկան դիրքեր ապահովել: Կարծում եմ՝ մենք մեր անգործության պատճառով չենք կարողացել կապիտալիզացնել այս նախաձեռնությունը:

-Այսինքն, փոխարենը ՌԴ-ից ինչ-որ բա՞ն ստանայինք:

-Դա չափազանց կարևոր էր Հայաստանի նման փոքր երկրի համար: Մենք պետք է կարողանայինք դրա դիմաց ստանալ լուրջ դիվիդենտներ: Մինչդեռ այդ առաքելությունից անմիջապես հետո ականատես եղանք ՌԴ-ում ահավոր հակահայաստանյան քարոզչական ալիքի, ինչը սանձազերծվում էր առավելապես պետական և հանրային ալիքներով:

-Այդ առաքելության դիմաց համարժեք ի՞նչ կարող էր ստանալ Հայաստանը ՌԴ-ից:

-ՀՀ թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է կամ հույսը, որ գազը 15 դոլարով թանկացնելու այս պատմությունը չէր լինի: Եվ ստացվում է, որ մենք այդ առաքելության հաստատման գործընթացում ենք եղել, ու դա որևէ կերպ չի ազդել գազը թանկացմելու ՌԴ որոշման վրա: Մենք առնվազն կարող էինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծել:

-Այդ դեպքում ՀՀ իշխանությունները ինչո՞ւ չեն կարողացել ինչ-որ բան ստանալ:

-ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ընդհանրապես նրանք, ովքեր պատասխանատու են ՌԴ-ի հետ հարաբերություններում, անձնական, դիվանագիտական մակարդակներում, չեն կարողացել այնպես անել, որ դա հնարավորինս շահեկան օգտագործվի: Չափազանց կարևոր է, որ ՌԴ-ն այս տարածաշրջանում ՀՀ հետ ռազմավարական գործընկերությունը առաջնային համարի: ՌԴ-ն Ադրբեջանին նույնպես որպես ռազմավարական գործընկեր է դիտարկում, իսկ հեղափոխությունից հետո ադրբեջանամետ հայտարարություններ եղան: Նիկոլ Փաշինյանը առաջարկում է Արցախը վերադարձնել բանակցային սեղան: Եվ եթե մենք չենք կարողանում հասնել նրան, որ Ադրբեջանը համաձայնություն տա, պիտի աշխատեինք Մինսկի խմբի համանախագահող երկրների, և առաջին հերթին՝ ՌԴ-ի հետ: Սիրիա առաքելություն ուղարկելու հարցը պետք է օգտագործվեր նաև այս հարցում:

-Դուք նախագիծ էիք ներկայացրել, որով առաջարկում էիք դեսպաններին, մինչև նշանակումը, հրավիրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով հանդիպման: Ինչո՞ւ ներկա չէիք այդ նիստին, ինչի պատճառով էլ հարցի քննարկումը հետաձգվեց:

-Դա խնդիրը հետաձգելու միակ տեխնիկական հնարավորությունն էր, բայց հանձնաժողովի ղեկավարի հետ պատրաստվում ենք հանդես գալ նոր նախաձեռնությամբ՝ «Դիվանագիտական ծառայության մասին օրենքում» հատուկ լրացում անել, որը հնարավորություն կտա նվազեցնել քաղաքական նշանակումները և դեսպան նշանակել պոֆեսիոնալ ծառայողնեին: Այս հարցում ունենք իշխանության պատրաստակամությունը, և չբացառելով, որ քաղաքական նշանակումներ լինեն՝ մենք ուզում ենք դրա համար սահմանել ընդամենը 1/5 չափաբաժինը: Իսկ իմ առաջարկը, պարզվեց, ունի սահմանադրական խնդիր, քանի որ մինչև ագրիման ստանալը դեսպանի ով լինելը պետք է գաղտնի մնա: Ինձ ասել են, որ այդ հարցում բաց են քննարկումների համար, մինչև լուծում կգտնվի: Գաղտնիության սկզբունքը պահելու համար կարելի է այդ հանդիպումներն անցկացնել փակ նիստերի ռեժիմով, և գոնե հանձնաժողովի անդամներս հնարավորություն կունենանք դեսպանի թեկնածուին հարցեր ուղղել ու մեր եզրակացությունը ներկայացնել վարչապետին։ Եվ ցանկացած դեսպանի թեկնածու առաջին քննությունը կհանձնի խորհրդարանում, կներկայացնի պատկերացումները գործուղվող երկրում իր ծառայությունների վերաբերյալ։

-Ձեր կարծիքով՝ կառավարության ու խորհրդարանի գործունեությունը որքան է համապատասխանում հեղափոխության շրջանում հռչակված նպատակներին։

-Մենք բազմիցս բարձրացրել ենք հարցեր, որոնք վերաբերում են արտաքին քաղաքական այն անփոփոխ դրույթներին, որոնց համար իշխանությունն ասում է, թե նման պարտավորություն չի ստանձնել և ժողովրդից հանձնարարություն չի ստացել։ Այդ դեպքում իշխանությունը նաև պետք է հայտարարի, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի սահմանած արտաքին քաղաքականությունն այնքան լավն էր ու անքննելի, որ իրենք որոշել են դա որևէ կերպ չվերանայել։

-Տարբերություն չե՞ք տեսնում։

-Այդպիսի տարբերություն չկա, քանի դեռ չունենք դիվանագիտական ծառայողների ակտիվ աշխատանք, որը որակական փոփոխությունների կհանգեցնի մեր արտաքին քաղաքականության մեջ։ Նախկին ռեժիմին ծառայած դիվանագետները բոլորովին այլ խնդիրներ են լուծել, և մենք չգիտենք, թե հիմա ինչպես են տեղի ունենում ադապտացիոն աշխատանքները։ Արդյո՞ք այդ դիվանագետները համապատասխանում են նոր Հայաստանի հռչակած սկզբունքներին ու առաջնահերթություններին։ Հայաստանը հռչակել է տնտեսական հեղափոխություն: Առանց դիվանագետների ակտիվ մասնակցության՝ դա հնարավոր չէ անել։ Մենք մեր դիվանագիտական ներկայացուցչություններով պետք է կարողանանք ներդրողներ հրավիրել Հայաստան։ Կամ՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու համար մեր դիվանագետներն ի՞նչ աշխատանք են տարել Մինսկի խմբի համանախագահող երկրներում։ ԱՄՆ-ում աշխատե՞լ են ուղեղային կենտրոնների հետ, քաղաքական որոշումների վրա ազդող փորձագետների հետ փորձե՞լ է հասնել նրան, որ ունենանք մի խումբ, որը կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի այդ նախաձեռնությունը։

Եթե այդ աշխատանքը պատշաճ կատարվեր, 2019թ․ մարտի 9-ին առնվազն չէինք ունենա Մինսկի խմբի՝ այդպիսի վերջնագրային տոնով հայտարարությունը։ Իսկ դա ոչ միայն դիվանագետների, այլև արտգործնախարարի մակարդակով անգործության մասին է խոսում։ Վստահ եմ, որ այդ հայտարարության տեքստի մասին արտգործնախարարությունը և մեր դիվանագիտական կորպուսը մեկ-մեկուկես շաբաթ առաջ է իմացել, դա ընդունված պրակտիկա է։ Եվ առնվազն պետք էր Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կամ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ աշխատանքներ տարվեին։

-Իսկ հատկապես ո՞ր երկրների դեսպաններին է պետք փոխել:

-Կարծում եմ՝ պետք է փոխել հատկապես քաղաքական նշանակումները՝ Մոսկվայում, Թբիլիսիում, Իրանում ՀՀ դեսպաններին, ու այդ երկրներ պրոֆեսիոնալ դիվանագետներ գործուղել: