Վարչապետի չմարած վարկն ու ԱԺ նախագահի մերժված ապառիկը

մարտի 28, 2019

Ազգային ժողովը քննարկում է կառավարության ծրագրի կատարողականը

Մարտի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին ներկայացրեց կառավարության 2018թ ծրագրի կատարման ընթացքի և արդյունքի հաշվետվություն-զեկույցը։ Առաջին անգամ է կառավարությունը այսպիսի հաշվետվություն ներկայացնում Ազգային ժողովին: Սա 2015թ. ընդունված Սահմանադրության պահանջն է, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2018թ ապրիլի 9-ից։

Հաղթելու է նաև տնտեսական հեղափոխությունը

Կառավարության ծրագրի հաշվետվության ներկայացումը վարչապետն սկսեց 2018թ. քաղաքական իրադարձություններից: Հիշեց վարչապետի 5 ընտրությունները, նախագահի, Երևանի ավագանու, խորհրդարանական ընտրությունները, ԱԺ լուծարումը, հեղափոխությունը: «Համաշխարհային պատմության մեջ չեք գտնի որևէ երկրորդ երկիր, որտեղ տեղի են ունեցել այս ծավալի քաղաքական փոփոխություններ, ինչպես ընդունված է ասել, քաղաքական ընկալության շրջան, և դրան չի հետևել խորը տնտեսական ռեցեսիոն գործընթաց»,- հայտարարեց վարչապետը:

Ելույթի ընթացքում, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ 2018թսեպտեմբերին Հայաստանը հասել էր ռեցեսիոն շեմին: Այսօր, սակայն, նրա համոզմամբ, երկիրը թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչը արտահայտվում է տնտեսության մեջ: Վարչապետը թվարկեց. շինարարության ոլորտում եղել է 20%-ը գերազանցող աճ, հիփոթեքային վարկավորումն աճել է 30%-ով կամ 70 մլրդ դրամով: Անցած տարվա մայիսից մինչև այժմ մոտ 150 մլն դոլարի բնակարան գնելու գործարք է կատարվել։ 2018թ. մայիսից մինչև այսօր 65 միլիոն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, քան նախորդ ժամանակաշրջանում:

Վարչապետն անդրադարձավ նաև մենաշնորհների վերացմանը և նշեց, որ 2018թ մի քանի ամսվա ընթացքում շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 78%՝ նախկին 95-ի փոխարեն: Բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 30%՝ նախկին 57-ի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29%՝ նախկին 43-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29%, նախկին 51-ի փոխարեն: 

Իր երկար ելույթում վարչապետն առավելապես անդրադարձավ 2019թ
հունվար-փետրվար ամիսների տնտեսական ցուցանիշներին և առաջիկա ծրագրերին և ոչ թե նախորդ կառավարության ծրագրի կատարմանը։ Համոզմունք հայտնեց, որ 2019թ բյուջեի եկամուտները կգերակատարվեն մոտ 40 մլրդ դրամով, ինչի արդյունքում հուլիսի 1-ից 10%-ով կբարձրանա Զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը: Սեպտեմբերի 1-ից նույնքան կբարձրանա հանրակրթական դպրոցներում աշխատող շուրջ 38 հազար ուսուցչի աշխատավարձ: Կառավարությունը պլանավորում է այս տարի իրականացնել 303 կմ ավտոճանապարհի տարբեր մակարդակի նորոգումներ, ինչը վարչապետի ներկայացմամբ, աննախադեպ ցուցանիշ է վերջին 9 տարիների համար։

Վարչապետը վստահեցրեց, որ տնտեսության մեջ արդեն իսկ ունենք լրջագույն հաջողություններ, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չկան: «ՀՀ կառավարությունը ծառայել, ծառայում է և կծառայի ՀՀ քաղաքացիներին: Ըստ էության, ամփոփված համարելով քաղաքական հայտարարությունների փուլը՝ մենք կծառայենք, որպեսզի մեր քաղաքացիները շարունակաբար ունենան այդ տնտեսական հաղթանակները, ինչի մեկնարկն ակնհայտորեն տրված է»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։

Դեֆոլտից մինչև ռազմարդյունաբերության զարգացում

Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելու համար հերթագրվել էր 46 պատգամավոր: Հարցերի մի մասը կառավարության ծրագրի հաշվետվությունից դուրս էր: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում արտաքին պարտքը սպասարկելու ուղղությամբ՝ նշելով, որ 2019թ. այն կազմում է մոտ 400 մլն դոլար, իսկ հաջորդ տարի՝ ավելի քան 800 մլն դոլար: «Հնարավո՞ր է՝ Հայաստանը կանգնի դեֆոլտի առաջ»,-վարչապետի դիտարկմամբ՝ «թախծոտ տոնով» հարցրեց Տիգրան Ուրիխանյանը: Վարչապետը բացատրեց, որ պարտքի սպասարկման գումարը նախատեսված է Միջնաժամկետ ծախսային ծրագրով, իսկ Հայաստանին դեֆոլտ չի սպառնում: «Հարց եմ տալիս ահռելի պարտքի մասին, ժպտում եք: Բյուջեի կեսի չափ պարտք ունենք մարելու, բա թախիծ է, բա ի՞նչ է»,- հակադարձեց պատգամավորը:

«Տեքստիլ արդյունաբերության ոլորտում արձանագրված աճի մեջ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությունից բացի այլ ընկերություն մասնաբաժին ունի՞»,- հետաքրքրվեց ԼՀԿ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: Վարչապետը տեղեկացրեց, որ շրջանակը բավականին լայն է, թեպետ կոնկրետ թվեր չներկայացրեց: Իսկ ընկերությունների նկատմամբ, որոնք «քաղաքական ասոցիացիաներ են առաջացնում», կառավարության այսպիսի դիրքորոշում է որդեգրել. «այս ընկերությունները չեն ունենա կառավարության հովանավորությունը, բայց նրանց նկատմամբ տրամադրվածությունը թշնամական չէ»: Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ինչով է պայմանավորված սպառողական վարկերի ավելացումը: Վարչապետը պատասխանեց, որ բանկերը շատ հարմար տարբերակով են վարկ առաջարկում: «Ես հիշում եմ, որ մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան, վարկով ենք վերցրել»,- հիշեց նա՝ հավելելով, որ լվացքի մեքենայի վարկի մարումը դեռ չեն ավարտել: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ փորձել է ապառիկով հեռուստացույց գնել, բայց չի հաջողվել, քանի որ տուգանքի պատճառով ԴԱՀԿ-ն իր հաշիվներին կալաք էր դրել:

ԼՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Գորգիսյանն էլ հետաքրքրվեց, թե հաշվետու ժամանակահատվածում հայրենիքը լքած քանի քաղաքացի է վերադարձել: «Ծրագրում որպես ներգաղթ ներկայացված է 15.313 քաղաքացի, բայց գիտենք, որ Հնդկաստանից, Պակիստանից 2018թ. օտարերկրացի քաղաքացիների ներգաղթ ենք ունեցել»,- հավելեց Գորգիսյանը: Վարչապետը պատասխանեց, որ Հայաստան եկածների 90%-ը հայեր են կամ Հայաստանի քաղաքացի:

«Ռազմաարդյունաբերության ոլորտում ի՞նչ ձեռբերումներ ունենք», -հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Վարչապետը պատասխանեց, որ կան որոշ մշակումներ, որոնք կարող են դառնալ լուրջ սերիական արտադրություն: Եվ այդ ոլորտում պետք է արտահանման միտված արտադրություն ունենալ, քանի որ միայն հայկական շուկան շատ փոքր է: Բայց այդ դեռ չկա այնպիսի հաջողություն, որ ինքը գոհ լինի ու այդ մասին հայտարարի ԱԺ ամբիոնից:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ անդրադառնալով վարչապետի ելույթի այն հատվածին, թե շաքարավազի շուկայում հիմնական ներկրողի բաժինը 95%-ից դարձել է 78, նկատեց, թե պետք է այնպես անել, որ տարվա վերջին խոշոր ներկրողի մասնաբաժինը 50%-ից չանցնի: «Մենք ընտրություն ունենք՝ մտնել այդ ընկերություն և ջարդուփշուր անե՞լ, թե՞ այնպես անել, որ շուկայում այդ ընկերությունն էլ աշխատի, բայց առավելությունից զրկվի ու գա հավասար դաշտ: Աշխատի, հարկեր վճարի, իսկ մենք զինվորի ու ուսուցչի աշխատավարձերը բարձրացնենք»,- հակադարձեց Նիկոլ Փաշինյանը: