Ապրիլի 16-ին ԱԺ-ն նորից ՍԴ անդամ կընտրի

մարտի 29, 2019

Հանրապետության նախագահի՝ ՍԴ դատավորի թեկնածուն հայտնի է՝ Գոռ Հովհաննիսյան: Նախագահը նրան ընտրել է 3 թեկնածուներից. մյուս երկուսը Վահե Գրիգորյանն ու Մարտին Մանուկյանն էին: Արմեն Սարգսյանը Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը ներկայացրել է խորհրդարանին, խորհրդարանն էլ ապրիլի 16-ին կքննարկի ՍԴ դատավորի ընտրության հարցը:

ՍԴ դատավորի ընտրության ոդիսական 

Գոռ Հովհաննիսյանը ՍԴ դատավորի պաշտոնի համար առաջադրված 4-րդ թեկնածուն է. նախորդ 3 թեկնածուների ընտրությունը խորհրդարանում տապալվել է: Նախընտրական զարգացումները հուշում են, որ այս ընտրությունն էլ նույն ելքն է ունենալու 

ՍԴ դատավորի 3-րդ չկայացած ընտրությունից հետո ՀՀ նախագահը դիմել էր Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքների՝ ՍԴ դատավորի ընտրությանը վերաբերող մի քանի հոդված։ Ի դեպ, 1995 թվականից ի վեր, երբ ՀՀ նախագահը օժտվեց ՍԴ դիմելու լիազորությամբ, այս դրույթը գործնականում առաջին անգամ կիրառվեց հենց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:

2018-ի նոյեմբերին ՍԴ-ն արդեն բավարարել էր ՀՀ նախագահի դիմումը, դրանում նշված դրույթները ճանաչել հակասահմանադրական և Սահմանադրությանը հակասող նորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ էր սահմանել 2019 թվականի ապրիլի 1-ը: Այսինքն, մինչ այդ ժամկետը ԱԺ-ն պետք է սահմանադրական օրենքների խնդրահարույց իրավակարգավորումները համապատասխանեցներ Սահմանադրական դատարանի որոշմանը:

Այդ օրենքներում փոփոխություններ առաջարկող կառավարության նախագիծը Ազգային ժողովը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է մարտի 28-ի արտահերթ նիստում:

ԱԺ-ում հիմնական զեկուցողը Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էր: Ասաց՝ ՍԴ-ի մասին օրենքում առաջարկվող փոփոխություններով հստակեցվում է դատավորի՝ պաշտոնը ստանձնելու պահը, որը նաև սահմանվում է: ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածուներ առաջադրվում են հաջորդաբար՝ Հանրապետության նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի և կառավարության կողմից:

ՍԴ-ի մասին օրենքի 4-րդ հոդվածով, եթե դատավորը չի ընտրվում, իրավասու մարմինը մեկամսյա ժամկետում նորից է թեկնածու առաջադրում: Նկատենք, որ կառավարության ներկայացրած փոփոխությունների նախնական տարբերակում «նոր» եզրույթը հանվել էր, սակայն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկման արդյունքում՝ վերադարձվել նախագիծ:

Մասնագիտական շրջանակների պնդմամբ՝ այս փոփոխությունն արվում էր Վահե Գրիգորյանի համար, որպեսզի հնարավորություն տրվի նրան հերթական անգամ առաջադրել ՍԴ դատավորի պաշտոնում: Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի ընտրության մեկ փուլ արդեն անցել է. 2018-ի հոկտեմբերին նրա թեկնածությունը ՀՀ նախագահը ներկայացրել էր ԱԺ-ին, սակայն ՀՀԿ-ն Գրիգորյանին չընտրեց: Նրա օգտին քվեարկել էր ընդամենը 30 պատգամավոր՝ անհրաժեշտ 63-ի փոխարեն:

«Ուզում եմ հասկանալ՝ կարո՞ղ է իրավասու մարմինը նույն մարդուն մի քանի անգամ ներկայացնել քվեարկության՝ անգամ թեկնածությունը չհաստատվելու դեպքում»,-Արտակ Զեյնալյանին հարցրեց ԼՀԿ պատգամավոր Կորյուն Սիմոնյանը: Զեյնալյանը բացատրեց, որ եթե անձը մեկ անգամ չի ընտրվել ՍԴ դատավոր, ապա նրա թեկնածությունը կրկին առաջադրելու սահմանադրական արգելք չկա: «Նույն սուբյեկտի կողմից կարող է ներկայացվել նույն անձը, նույն անձը կարող է ներկայացվել այլ սուբյեկտի կողմից և կարող է ներկայացվել տարբեր գումարումների խորհրդարաններում: Ըստ կառավարության՝ սահմանադրական արգելքը բացակայում է», -ասաց Զեյնալյանը: 

«Տրամաբանական չէ, իհարկե, X պաշտոնում իրավասու մարմինը ներկայացնում է նույն անձին՝ հասկանալով, որ այդ անձը չի ստանում այդ կառույցի հավաությունը: Սա, իրոք, անարգանք է այդ կառույցի նկատմամբ: Բայց պետք է հասկանանք, որ ԱԺ գումարումներ են փոխվում, մեծամասնություններ են փոխվում», -նկատեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավորներին հետաքրքրում էր կոնկրետ հարց՝ ենթադրենք, որ Գոռ Հովհաննիսյանը չկա, չի առաջադրվել, նախորդ գումարման խորհրդարանում չընտրված Վահե Գրիգորյանը կարո՞ղ էր առաջադրվել: Վլադիմիր Վարդանյանը հարցին հստակ պատասխան չտվեց և պատգամավորին խորհուրդ տվեց մեկնաբանություն խնդրել թեկնածուին առաջադրած իրավասու մարմնից՝ ՀՀ նախագահից:

«Այսինքն՝ դուք նախագիծ եք ներկայացրել, մենք Հանրապետության նախագահի՞ց մեկնաբանություն խնդրենք: Լավ, վերացեք Վահե Գրիգորյանից, նա մեզ չի հետաքրքրում, միստը X-ը, որը նախորդ խորհրդարանում չի ընտրվել, կարո՞ղ է առաջադրվել այս խորհրդարանում»,-հարցը վերաձևակերպեց Սերգեյ Բագրատյանը: «Եթե միստր X-ը համապատասխանում է ՍԴ դատավորի չափանիշներին, տեսականորեն կարող է առաջադրվել», -եղավ Վարդանյանի պատասխանը:

Նախագիծը մարտի 28-ին ընդունվեց առաջին ընթերցմամբ, 117 կողմ ձայնով, երկրորդ ընթերցմամբ մարտի 29-ին՝ 83 կողմով:

ՍԴ դատավորի թեկնածուի հարցում իշխանությունը դիրքորոշում չունի 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հավաստմամբ՝ ՍԴ դատավորի թեկնածուի հարցը խմբակցությունում չի քննարկվել, հետևաբար, չի կարող ասել՝ ինչ դիրքորոշում ունի այդ հարցում մեծամասնությունը: Ինքը՝ Հովակիմյանը, նախագահի առաջադրած թեկնածուին չի ճանաչում և կարծում է, որ «Նոր Հայաստանում ՍԴ դատավոր կարող են լինել լավագույն իրավաբանները, որոնք ունեն անբասիր կենսագրություն, ապացուցել են, որ սկզբունքային են, պատրաստ են պայքարել սկզբունքների համար ու ազնիվ են» 

Հարցին, թե Գոռ Հովհաննիսյանն ունի՞ այդպիսի հատկություններ, Հովակիմյանը պատասխանեց. «Ես Հովհաննիսյանի հանրային գործունեության մասին որևէ տեղեկություն չունեմ, ու համացանցում էլ այդպիսի տեղեկություն չեմգտել: Հովհաննիսյանը, ըստ էության, ապրել ու ստեղծագործել է Գերմանիայում, և կարծում եմ՝ գերմանացիների համար ինքը շատ նախընտրելի կարող է լինել»:

Գոռ Հովհաննիսյանը ապրում է Գերմանիայում, Հումբոլտի համալսարանի շրջանավարտ է, իրավաբանական գիտությունների դոկտոր:ՍԴ դատավորի ընտրությունից առաջ նա ժամանելու է Երևան, հանդիպելու է խմբակցությունների հետ և ներկայացնելու է իր ծրագիրը:

Սահմանադրական օրենքներում փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը շարունակվեց մարտի 29-ի նիստում: Սակայն ԱԺ նիստը վարող նախագահությանն անակնկալ էր սպասվում. «Իմ քայլի» պատգամավորների մի մեծ խումբ մեկնել էր Արցախ ու հնարավոր չեղավ քվորում ապահովել: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ խմբակցությունների ներկայացուցիչների հետ կայացած փոքր խորհրդակցությունից հետո որոշվեց հետ կանչել պատգամավորների մի մասին: Նրանց վերադառնալուց հետո միայն նիստը շարունակվեց, և բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին օրենսդրական փաթեթին:

Երկրորդ ընթերցմանը քվորումը դժվար ապահովվեց

Սահմանադրական օրենքներում փոփոխությունների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը շարունակվեց մարտի 29-ի նիստում:  ԱԺ  նախագահությանը, սակայն,  անակնկալ էր սպասվում. «Իմ քայլի» պատգամավորների մի մեծ խումբ մեկնել էր Արցախ, և քվեարկության ժամանակ պարզվեց, որ քվորում չկա: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ խմբակցությունների ներկայացուցիչների կարճ խորհրդակցությունից հետո որոշվեց զանգահարել ու կանչել պատգամավորների մի մասին: Նրանց վերադառնալուց հետո նիստը շարունակվեց, և բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին օրենսդրական փաթեթին: