Նիկոլ Փաշինյանից ժառանգած օրինագիծը՝ կրկին օրակարգում

ապրիլի 5, 2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում և վարչական պատասխանատվություն սահմանել պատգամավորի գործունեությունը խոչընդոտելու համար: Նրա հիմնավորմամբ` օրենսդրությամբ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանված են, բայց նախատեսված չէ պատասխանատվություն դրանք չապահովելու համար:

Եթե պատգամավորը հարցում ուղարկի պետական մարմին, որին չպատասխանեն, որևէ պատասխանատվություն պետական կառույցի ներկայացուցիչը չի կրի. ստացվում է, որ երաշխիքները միայն թղթի վրա են: Պետրոսյանը օրինակ բերեց. օրերս պատգամավորներից մեկը հարցում է ուղարկել Ճանապարհային ոստիկանության պետին, սակայն վերջինը պատասխանել է, որ չի կարող հարցմանը պատասխանել, քանի որ վերադասից դրա մասին հրահանգ չի ստացել:

Պատգամավորի ներկայացրած նախագծով՝ կառավարության անդամների, ինչպես նաև գործադիրի, վարչապետի, նախարարությունների ենթակայությամբ գործող պետական կառույցների ղեկավարների, դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների և հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների կողմից պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելը, որն արտահայտվել է օրենսդրությամբ պատգամավորին վերապահված իրավունքներն ապահովելուց հրաժարվելու, դրանք ապահովելուց խուսափելու կամ այդ իրավունքների ապահովման ուղղությամբ խելամիտ գործողություններ չձեռնարկելու կամ այլ եղանակով խոչընդոտելով, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

«Եղել են դեպքեր, որ հարցում ենք ուղարկել, ու ամիսներով չեն պատասխանել: Մենք քրեական սանկցիաներ չենք առաջարկում, սա զսպաշապիկ է, որ պատգամավորը չհանդիպի իր գործունեությունը խոչընդոտող երևույթի», -ասաց Գևորգ Պետրոսյանը:

Նախագիծը կառավարության հավանությանը չէր արժանացել: Առաջարկին դեմ էին նաև ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները: Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ եթե պատգամավորը հարցում է արել և դրա պատասխանն օրենքով սահմանված ժամկետում չի ստացել, կարող է դիմել դատարան ու պատկան մարմնին պարտավորեցնել պատասխանել: «Դուք ո՞նց եք պատկերացնում, դիմեմ դատարան՝ պատասխանելուն պարտավորեցնելու պահանջով, հետո էլ չպատասխանի, դիմեմ տուգանելո՞ւ պահանջով», -արձագանքեց Պետրոսյանը:

Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը ներկայացրեց գործադիրի մերժման հիմքերը և ասաց, որ խնդիրը քաղաքական է, առաջարկում են, որ օրենքում փոփոխություններ չկատարեն,այլ շարունակեն ներգործության միջոցներ կիրառել քաղաքական պատասխանատվության շրջանակում:

Երկար ու բուռն քննարկումից հետո հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Պետրոսյանի նախագծին: Քննարկման ավարտին ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ քաղաքական ենթատեքստ է տեսնում գործադիրի և խորհրդարանական մեծամասնության մոտեցումներում: «Ես քաղաքական հայտարարություն եմ անում. ակնհայտ միտում եմ տեսնում եմ մեր նախագծերը տապալելու, վետտո դնելու: Դուք համառորեն մերժում եք մեր բոլոր նախաձեռնությունները», -հայտարարեց Պետրոսյանը:

Մարտի 1-ի նախագիծը նոր շունչ է ստանում

Նախորդ գումարման Ազգային ժողովում դեռևս պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած նախագիծը նոր շունչ է ստանում: Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Փաշինյանից ժառանգած նախագծին՝ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին։ Այժմ դրա հեղինակները ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանն են:

«Նախագծի ընդունումն ունի հասարակական-քաղաքական նշանակություն, քանի որ համահունչ է Ազգային ժողովի օրակարգում գտնվող անցումային արդարադատության շրջանակներում ձեռնարկվելիք այն միջոցառումների և հնարավորությունների ստեղծման նպատակին, որոնք նպատակաուղղված են պետական ինստիտուտների հանդեպ վստահության, քաղաքացիական համերաշխության, քաղաքացիների սահմանադրական խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը», - նախագիծը ներկայացնելիս ասաց Լենա Նազարյանը:

Ըստ նախագծի՝ հատուցման իրավունք ունեն այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով։ Հատուցման չափը, կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ։

Օրինագծում նշվում է, որ կյանքից զրկված յուրաքանչյուր քաղաքացու մասով փոխհատուցման չափը որոշելիս կառավարությունը պարտավոր է առաջնորդվել ողջամտության, արդարացիության եւ համաչափության սկզբունքներով:

ԱԺ փոխնախագահը նկատեց, որ մարտիմեկյան իրադարձություններից տուժած որոշ անձանց, մասնավորապես, ոստիկաններին, աջակցություն տրամադրվել է, ինչը տարբերակված մոտեցում է: «Ես ստացել եմ տեղեկանք, որի համաձայն՝ եղել են անձինք, ովքեր մեծ աջակցություն են ստացել ու հիմա էլ նպաստի տեսքով ստանում են։ Բայց կան մարդիկ, որոնք ընդհանրապես աջակցություն չեն ստացել։ Կարծում եմ՝ տարբերակված մոտեցումն անընդունելի ու  անարդար է, և այս նախագիծն ուղղված է արդարության վերականգնմանը», - նշեց Նազարյանը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ նախագիծը մշակվել է իր ղեկավարած գերատեսչության հետ համատեղ։ Նրա խոսքով՝ օրենքով նախատեսված հատուցման չափը, կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ; Նախարարն առաջարկեց օրինագծում ավելացնել, որ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք դիմումը կարող են ներկայացնել կառավարություն՝ որոշումն ուժի մեջ մտնելուց 3 տարի հետո: