Պետք է վերանայել շքեղ գույքի կադաստրային արժեքը. Բ. Թունյան

ապրիլի 6, 2019

Հարցազրույց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ:

-Պարոն Թունյան, նոր Հարկային օրենսգրքում առաջարկում եք եկմտահարկը չնվազեցնել, բայց հետո գանձվող գումարը վերադարձնելաշխատողին: Կմանրամասնե՞ք:

-Այս քեշ-բեքի տարբերակը առաջարկվել է մասնագիտական շրջանակների հետ հանդիպումներում: Այսինքն՝ շարունակում ենք հարկել նույն 23, 28 և 36%-ով, հետո, կամավոր հայտարարագիր լրացնելու դեպքում, մարդկանց հնարավորություն ենք տալիս վճարելիք հարկերը նվազեցնել մինչև 23%: Արդյունքում ներդրվելու է նաև ֆիզիկական անձանց հայտարարագրման ինստիտուտ, եկամտահարկի նվազեցումից բյուջեի կորուստը տեղափոխվելու է 2021թ., իսկ ծախսը ևս մի փոքր կնվազի: Իհարկե, կա խնդիր, որ եկամուտները ոչ բոլորը կամ ոչ ամբողջությամբ կհայտարարագրեն: Եվ վերջապես՝ այս մեխանիզմով կկարողանանք կրճատել առողջապահության, կրթության, մշակույթի և այլ ոլորտների ստվերը: Մի կարևոր հանգամանք ևս՝ այս տարբերակով մենք կբարելավենք ունևոր խավի վիճակարությունը, նրանք հիմնականում հրաժարվում են պատասխանել Վիճակագրական կոմիտեի աշխատակիցների հարցումներին, պարզապես դուռը չեն բացում:

- Մենք արդեն ներդնո՞ւմ ենք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ինստիտուտ:

- Կհայտարարագրվեն բարձր եկամուտ ունեցող անձինք: Այս պահին նման ինստիտուտ չունենք, բայց դա կարելի է շատ արագ մշակել՝ ՊԵԿ-ից ընդամենը մի քանի ամիս կպահանջվի: Դա լինելու է կամավոր սկզբունքով: Կա նաև չհարկվող շեմ սահմանելու գաղափարը:

- Որքա՞ն է լինելու չհարկվող շեմը:

- Դեռ քննարկման առարկա է, քանի որ բերելու է բյուջեի կորստի: Առաջարկ է եղել սահմանել 35.000 դրամ չհարկվող շեմ, բայց դա բյուջեի վրա մոտ 100 մլրդ դրամի կորուստ կառաջացնի:

- Նախապես ներկայացված օրենսդրական փաթեթից հաշվապահական ու փաստաբանական ծառայությունները ԱԱՀ-ով հարկելու և մի շարք այլ առաջարկություններ դուրս եկան: Հայտնի դարձավ, որ կառավարությունը հրաժարվում է գազավորված խմիչքի ակիզային հարկը բարձրացնելուց։ Կարո՞ղ ենք ասել, որ կառավարությունը նախապես ոչ ճիշտ հաշվարկած կամ ոչ պրոֆեսիոնալ նախագիծ էր ներկայացրել:

- Ոչ։ Եթե ընդունվեր, հետո նոր փոփոխություններ լինեին, այդ դիտողությունը կընդունվեր։ Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման, հետո նոր ուղարկվել ԱԺ։ Եվ եթե հանրային քննարկման ժամանակ որևէ բան չփոխվեր, անիմաստ էր քննարկման ներկայացնելը։ Ձեր նշած փոփոխությունները այդ ժամանակ դուրս եկան։ Գտան, որ դա կարող է ավելի շատ խնդիր առաջացնել, քան օգուտ տալ, քանի որ այդ ոլորտի ընկերությունները կարող էին մասնատվել ու ստվեր գնալ: Հատկապես որ նրանք այնպիսի կազմակերպություններ են, որոնք թե օրենքներին, թե օրենքների սողանցքներին լավ են տիրապետում: Իսկ գազավորված ըմպելիքների դեպքում հակասություններ առաջացան՝ եթե դա հարկում ենք, ուրեմն պետք է կոնֆետն էլ հարկենք և այլն: Դրա համար էլ որոշել են այս փուլում ձեռնպահ մնալ: ԱԺ քննարկումների ընթացքում կարող են այլ փոփոխություններ լինել։

-Կա նաև գրավատների ու տարադրամի փոխանակման կետերի համար պետտուրքը 60 անգամ բարձրացնելու առաջարկ։ Ինչո՞ւ է նման կտրուկ որոշում ընդունվել։

-Որպես պատճառ նշվում էր տուրքի անփոփոխ չափը շուրջ 20 տարի: Նաև այն, որ դա ռիսկային ոլորտ է, և ներկա տուրքը չէր կարող բավարար լինել, որ պետությունը պատշաճ վերահսկողություն իրականացներ: Բայց այս դեպքում ռիսկեր կան, թե 6 մլն դրամով քանի դրամատուն կարող է աշխատել, և միգուցե մի մասը փակվեն, ու որոշ թվով աշխատատեղեր կկրճատվեն։ Իմ տեսակետն այն է, որ եթե ցանկանում ենք մաքրել դաշտը, ապա առաջարկվող տարբերակը շատ կտրուկ է։ Կարելի է փուլային տարբերակով գնալ։ Որքան էլ ասենք, թե գրավատները գողացված ապրանք են ընդունում կամ շատ բարձր տոկոսներով են գումար տալիս, պիտի հասկանանք, թե ինչու է այդպես։ Այդպես է, քանի որ դրա պահանջարկը կա։ Եվ եթե պահանջարկը կա, ու դու դա փակում ես, ռիսկ է առաջանում, որ այդ շրջանառությունը կտեղափոխվի ստվեր։ Պետք է վերահսկողությունը խստացնելու մեխանիզմներ մշակել, որ գրավադրվող ցանկացած ապրանք ցուցակագրվի։ Իսկ այդպես ստացվում է, քանի որ մենք պատշաճ վերահսկողություն չենք կարող իրականացնել, գնում ենք փակելու ճանապարհով։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկամտային հարկի նվազեցումը ներկայացրեց որպես տնտեսության մեջ կատարվող 27,5 մլրդ դրամի ներդրում։ Միաժամանակ հայտարարեց, որ կենսաթոշակները 5000 դրամով բարձրացնելու համար 30 մլրդ դրամ է անհրաժեշտ։ Տնտեսության համար ավելի ռեալ ներդրում չէ՞ր լինի կենսաթոշակների բարձրացումը։

-Կա երկու տիպի տնտեսական աճ՝ առաջարկով կամ պահանջարկով մղվող։ Պահանջարկի տարբերակի դեպքում խրախուսվում է սպառումը, և ավելի շատ հարկ է հավաքվում։ Առաջարկի խրախուսման դեպքում պետք է այնպես անել, որ գործարարներն ավելի շատ արտադրանք ու ծառայություններ թողարկեն։ Եկամտահարկի նվազեցման դեպքում գործատուները քիչ հարկ կվճարեն, նրանց արտադրանքի ինքնարժեքը կցածրանա և կխթանի սպառմանն ու արտահանմանը։ Տնտեսության ամենաշահութաբեր ոլորտը առևտուրն ու ծառայություններն են, ու ներդրումները ձգտում են այդ ոլորտ։ Այս փոփոխություններով կհավասարակշռենք շահութաբերությունը։ Բացի դա՝ գործատուները գերադասում էին չգրանցել աշխատողին ու չվճարել բարձր եկամտահարկ՝ փոխարենը այդ գումարը ձևակերպել որպես շահույթ՝ վճարելով 20 % շահութահարկ։ Այս փոփոխությամբ կհավասարվեն երկու հարկերի դրույքաչափերը, արդյունքում կկորի հարկատեսակների միջև մանևրելու շահագրգռվածությունը։

- Հրապարակումներից ու մեկնաբանություններից հասկանալի դարձավ, որ ՀՕ փոփոխությունների նախագծի հարցում լուրջ հակասություն կա կառավարության ու ԱԺ-ի միջև։

-Ոչ թե հակասություն կա, այլ եկամտահարկին վերաբերող խնդիր. զուգահեռաբար պետք է բարձրացնել գույքահարկը։ Այդպիսով կվերականգնվի սոցիալական արդարությունը, որովհետև երբ շատ աշխատավարձ ստացողների հարկը նվազեցնում ես, քիչ ստացողներն անարդարության զգացում են ունենում: Եվ եթե զուգահեռաբար բարձրացնում ես ակցիզային հարկը, ստացվում է՝ բոլոր հարկատուները սուբսիդավորում են բարձր ստացողների եկամտահարկի նվազեցումը, բայց երբ գույքահարկի ռեֆորմն ես անում, դա փոխհատուցում է։ Գույքի կադաստրային արժեքն ու իրական արժեքը շեղված են, և շատ քիչ գույքահարկ է հավաքվում։ Եթե եկամուտը քիչ հարկվի, իսկ հարստությունը՝ շատ, սոցիալական արդարությունն ինչ-որ տեղ կվերականգնվի։ Դա թույլ կտա գեներացնել հավելյալ եկամուտներ, ինչը կփոխհատուցի եկամտային հարկի փոփոխության կորուստը։

- Գույքահարկի բարձրացման ի՞նչ մեխանիզմ է ներդրվելու։

- Շքեղ գույքի կադաստրային արժեքը շատ ցածր է գնահատված, պետք է վերանայել։ Պատահել է՝ կենտրոնում 100 հազար դոլարանոց բնակարանը գնահատվել է 5000 դոլար։ Դրա համար նախ պետք է մեթոդաբանություն մշակվի, և որքան գիտեմ, Կադաստրի պետական կոմիտեն արդեն մշակել է, որ իրական արժեքն ու կադաստրային արժեքը մոտ լինեն։ Երկրորդ փուլով արդեն սկսվում է անշարժ գույքի արժեքի վերանայում։ Դա երկարատև գործընթաց է, կարող է 2 տարի տևել։ Կսկսվի ամենաշքեղ շինություններից։ Գույքահարկի դեպքում մեկ այլ խնդիր էլ կա, որի առաջ կանգնում են ներդրողները։ Գումարը կա, ծրագիրը կա, պետք է որոշակի շինություն։ Եվ երբ փորձում են գնել, սեփականատերերը շատ մեծ գումար են պահանջում։ Կա նաև չօգտագործվող գույքի գույքահարկը բարձրացնելու օրենդրական առաջարկ: Արդյունքում գույքի տերը ստիպված կլինի շահագործել, վարձով տալ կամ վաճառել այն։