Ո՞ւմ է պատկանում ԱԺ ամբիոնը

ապրիլի 9, 2019

Տրանսգենդեր կնոջ մուտքը ԱԺ

Ապրիլի 5-ին Ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած միջադեպը 7-րդ գումարման Ազգային ժողովի եռամսյա գործունեության ամենաշատ քննարկված դրվագն էր, որը, սակայն, ԱԺ-ի օրենսդրական գործունեությանն ուղղակիորեն չէր առնչվում: ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը:

«Արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին». վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հարցադրումը կարող է համարվել վերջին օրերին տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի շուրջ բարձրացած աղմուկի՝ այս փուլի եզրահանգում: ԲՀԿ-ն դրան, իհարկե, արձագանքել է՝ վստահեցնելով, թե, այո, Զոհրաբյանը ճիշտ իր տեղում է, բայց ենթադրվում է, որ երբ Նաիրա Զոհրաբյանը վերադառնա Ստրասբուրգից, զարգացումներ դեռ կլինեն:

Նոր խնդիր՝ «Իմ քայլ»-ի և ԲՀԿ-ի միջև

Ապրիլի 5-ին Ազգային ժողովում կազմակերպված լսումների բովանդակությունը մամուլն ու հասարակությունը չքննարկեցին այնքան, որքան տրանսգենդեր կնոջ՝ Լիլիթ Մարտիրոսյանի հայտնի ելույթը դրա ընթացքում: Հարցը՝ ո՞վ է տրանսգենդեր կնոջը հրավիրել խորհրդարան և թույլ տվել ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից, դարձել է միջկուսակցական պարզաբանումների թեմա, դրա պատճառով ապրիլի 8-ին ԱԺ արտահերթ նիստում ու դրանից հետո «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները միմյանց նույնիսկ ստախոս անվանեցին: Նաիրա Զոհրաբյանը, հիշեցնենք, անընդունելի էր համարել տրանսգենդեր կնոջ ելույթը, քանի որ «շեղում էր լսումների օրակարգից»:

Նախ քննարկվեց հարցը, թե ով է «Իրավունքի կողմ» ՀԿ-ի տրանսգենդեր նախագահին խորհրդարան հրավիրել: Մամուլում նախ շրջանառվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի անունը, սակայն ԱԺ արտահերթ նիստում պատգամավորը հայտարարեց, թե Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի միջանցքներում սուտ լուրեր է տարածում: Կարապետյանը անդրադառնալով դրանց՝ պարզաբանեց. «Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները առաջին անգամ օրակարգը տեսել են այստեղ, ԱԺ դահլիճում»:

Զոհրաբյանի փոխարեն(նա գործուղման էր մեկնել Ստրասբուրգ) ԱԺ ամբիոնից Մարիա Կարապետյանին պատասխանեց ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը. «Նախընտրական խոստումների ժամանակ ազնիվ չեք եղել: Ժողովրդին ասեիք, որ գալիս եք այստեղ՝ տրանսդգենդերներին ԱԺ դահլիճը տրամադրելու համար։ Բա խի՞ չէիք մինչև էդ ասում։ Հասել, դարձել եք քաղաքական մեծամասնություն ու հետին թվով՝ մարդու իրավունքների պաշտպանության ջատագո՞վ»,-հայտարարեց պատգամավորը:

ԱԺ դահլիճում խունկ չծխեցին

Խորհրդարանի ներսում փորձում էին գտնել Լիլիթ Մարտիրոսյանին ԱԺ հրավիրողին, իսկ խորհրդարանից դուրս հավաքվածները ուզում էին մտնել շենք՝ ԱԺ դահլիճում խունկ ծխելու:

«Այս ամենը մենք գնահատում ենք որպես ներքին դիվերսիա և բարոյահոգեբանական արժեհամակարգային ահաբեկչություն, ինչն ակնհայտ շարունակությունն է թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության», -հայտարարում էին ակցիայի մասնակիցները:

Ակցիան առաջնորդում էր Հայ առաքելական եկեղեցու քահանա տեր Ղազարը, ում գլխավորությամբ մի քանի րոպե նույնիսկ փակվեց Բաղրամյան պողոտան:

Քահանայի տեղեկացմամբ՝ փորձ է արվել խորհրդարանի օրակարգ ընդգրկել միասեռ ընտանիքների իրավունքների պաշտպանության և դրանք չընդունողների համար քրեական պատիժ նախատեսող մի նախագիծ: Որպես հակաքայլ՝ բողոքի ակցիայի մասնակիցները պատգամավորներից պահանջում էին ընդունել օրենք, որով կարգելվի և քրեորեն կհետապնդվի սեռական կոմնորոշման նախասիրությունների քարոզը և հանրայնացումը ոչ միայն դեռահասների շրջանում, այլ առհասարակ Հայաստանում:

Բողոքավորներին խորհրդարան մտնել չհաջողվեց, նրանց լսելու համար նիստի ընդմիջմանը բակ իջան պատգամավորները՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Սիմոնյանը բացատրեց, որ տրանսգենդերի ելույթի ժամանակ ԱԺ-ի դահլիճում ներկա է եղել ընդամենը 2 պատգամավոր, իսկ լսումներին տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին հրավիրել են ոչ թե մեծամասնության պատգամավորները, այլ Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը ԱԺ փոխխոսնակին արձագանքեց ֆեյսբուքով: Ասաց՝ Սիմոնյանը պարտավոր է 24 ժամվա ընթացքում հրապարակել իր կողմից կազամակերպություններին ուղարկված պաշտոնական հրավերը և ներողություն խնդրել՝ հանրությանը մանիպուլացնելու համար:

Մինչ Սիմոնյանը կգտնի ու կհրապարակի կազմակերպություններին՝ Զոհրաբյանի անունից ուղարկված հրավերը, Զոհրաբյանն ինքն է հրապարակել լսումներին մասնակցելու մասին ՀԿ-ներից մեկին ուղարկված Մարիա Կարապետյանիհրավերը, որը, ինչպես Զոհրաբյանն էր նշել, ՀԿ-ն է տրամադրել իրեն: