ԱԺ տնտեսական հանձնաժողովում

ապրիլի 12, 2019

ԲՀԿ-«ԻՄ ՔԱՅԼԸ». կրքեր ցեմենտի շուրջ

Ազգային ժողվի տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովը ապրիլի 12-ի նիստում մի քանի կարևոր նախագծերի դրական եզրակացություն է տվել։

Ապրիլի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող Ընդերքի մասին օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթին։

Դրա նպատակն է առավել թափանցիկ դարձնել հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի գործունեությունը: Այլ կերպ ասած՝ կառավարությունը փորձում է բացահայտել՝ իրականում ո՞վ է հանքի տերը։

Հիմնական զեկուցողը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանն էր: Ասաց՝ փաթեթը սահմանում է իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող հասկացությունները և իրական սեփականատերերի գրանցման կարգը, իսկ հանրային ծառայության մասին օրենքում առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ անկախ իրավաբանական անձի բաժնեմասի մասնակցության չափից։

Ընդերքի մասին օրենսգրքի փոփոխությունների նախագծով ներկայացվում են պահանջներ իրական սեփականատերերին բացահայտող տեղեկանքի վերաբերյալ, իսկ որպես պատասխանատվություն՝ սահմանվում է ընդերքօգտագործման իրավունքի կասեցում և դադարեցում։ Օրինագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2019-ի հուլիսի 1-ից։

Նկատենք, որ այս փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունել էր դեռևս 6-րդ գումարման Ազգային ժողովը:

Նույն հանձնաժողովում առավել բուռն քննարկվեց «Պետական տուրքի» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Համարվում է, որ այս նախաձեռնությամբ պաշտպանվում է ցեմենտի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բիզնեսը։

Կառավարության ներկայացրած օրինագիծը «Իմ քայլ»-ի պատգամավորները սվիններով ընդունեցին։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նախագծերը ներկայացնելիս տեղեկացրեց, որ իրականացվող փոփոխություններով կառավարությունը նպատակ ունի պաշտպանել Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը։ Նրա տվյալներով, 2018-ին ցեմենտի շուկայում կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան, և ներմուծվող ցեմենտը, որը նախորդ տարիներին ոչ մեծ տեսակարար կշիռ ուներ շուկայում, սկսել է Հայաստանի սպառման շուկայում զգալի կշիռ ունենալ։ Այսպես, 2018-ին Հայաստանում սպառված 730 հազար տոննա ցեմենտի մեջ 180 հազար տոննան ներմուծված է եղել, մոտ 550-ը՝ տեղական արտադրության։Ներմուծվող ցեմենտի ծավալն աճել է 3.5 անգամ։

Այս իրավիճակից դուրս գալու ու տեղական արտադրողին հնարավորություններ տալու նպատակով կառավարությունն առաջարկում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։

«Տուրքի չափը պետք է լինի 22 հազար դրամ, որպեսզի նրանք հավասար գներով հայտնվեն շուկայում։ Այսինքն, մեր կողմից առաջարկվող սկզբունքը այն է, որ սահմանվող պետական տուրքի չափը լինի ոչ թե այնպիսին, որ բացառի իրանական ցեմենտի վաճառքը շուկայում, այլ այն շարունակի գոյություն ունենալ ու իր գոյությամբ թելադրի մրցակցային պայմաններ, որպեսզի տեղական արտադրողը նույնպես հակված լինի շարունակել ինքնարժեքի իջեցումը և իր դիրքերը շուկայում պահպանելու համար՝ մտածի տեխնոլոգիաների վերազինման մասին», -նշեց նախարարը։

Կառավարության ներկայացուցիչը նաև ասաց, որ տեղական արտադրողը վստահեցրել է, որ առաջիկայում ինքնարժեքի իջեցման հնարավորություն կա՝ այս տարվա ընթացքում 6-7 հազար դրամով։

22 հազար պետական տուրք սահմանելուն դեմ էին «Իմ քայլի» որոշ պատգամավորներ։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց, որ նույն սկզբունքով կարելի է ներմուծվող մյուս ապրանքների վրա պետական տուրք սահմանել, ինչը ընդունելի չէ։ «Իհարկե, հասկանալի է, որ տեղական արտադրանքը պետք է պաշտպանել, բայց նաև պետք է հասկանալ, թե հետո ինչ է լինելու, որքանով ենք նպաստելու այդ ճյուղի զարգացմանը։ Ես առաջարկել եմ պետական տուրք սահմանել 1 տարի։ Մեկ տարուց հետո մենք կհավաքվենք ու կքննարկենք, թե շուկայում ինչ զարգացումներ են կատարվել», -իր առաջարկը ներկայացրեց իշխանական խմբակցության պատգամավորը։

22 հազար դրամ պետական տուրք սահմանելուն դեմ էր նաև «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը Պետական վերահսկողական ծառայության պետի նախկին տեղակալն էր։ Նա ասաց, որ կարճատև պաշտոնավարման ընթացքում հասցրել է տեղեկանալ, թե ինչպես են մաքսայինում խոչընդոտել իրանական ցեմենտ ներկրողներին, որպեսզի խոչընդոտներ չլինեն տեղական արտադրողի համար։

«Մեզ համար ավելի կարևոր է, որ Հայաստանում ցեմենտի գինը լինի մի քանի անգամ ավելի էժան, ինչը կբերի շինարարության էժանացմանը։ Պետք է հաշվառենք՝ մեզ ավելի շատ ձեռ է տալիս 400 աշխատատեղ պահե՞լ, թե մեր շինարարությունը էժանանա ու բյուջեում մուտքեր ապահովենք։ 22 հազար դրամ պետական տուրքը պետք է վերանայել, իջեցնել, ինչը կնպաստի Իրանից ցեմենտ ներկրելուն և գների էժանացմանը», -ասաց Հայկ Սարգսյանը։ Ավելին, Սարգսյանը մեղադրեց տեղական արտադրողներին, որ ցեմենտի գները արհեստական բարձրացրել են։ «Գործարանները թող զգոնանան, որովհետև տարիներ շարունակ արտոնյալ պայմաններում միլիոններ են աշխատել։ Սա պետք է այլևս թույլ չտալ, իմանանք, որ կա հարևան երկիր, ումից կարող ենք ներկրել։ Ո՞վ է ասել, որ մենք ցեմենտ արտադրենք», -ասաց Սարգսյանը։

Իշխանական պատգամավորների գնահատականները առաջացրեցին ԲՀԿ-ական պատգամավորների դժգոհությունը, և նրանք փորձեցին ամեն կերպ պաշտպանել իրենց նախագահին առնչվող բիզնեսի շահերը։

Մասնավորապես, ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանին վրդովեցրեց Հայկ Սարգսյանի ելույթը, և նա հետաքրքրվեց. «Իմ գործընկերոջ ասած բառի վրա եմ զարմանում՝ 400 հոգի փակենք... Պարոն Սարգսյան, էդի մոտեցում չի։ Էսօր ամեն մի աշխատուժի համար պետք ա կռիվ տանք։ Հաշվենք մեր ընտանիքն ա, ժողովուրդը մերը չի՞, էդ ինչի՞ եք ասում՝մի՛ աշխատի։ Ինձ հետաքրքիր ա՝ դուք աշխատատեղ ստեղծե՞լ եք, որ հեշտությամբ ասում եք՝ փակենք»։
ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանն էլ հորդորեց աշխատատեղ փակելու փոխարեն օգնել տեղական արտադրողին աշխատել։

«Մեկ-երկու տարի հետո Սիրիայում, Իրաքում շինարարությունը մեծ թափ է ստանալու, և այդ ժամանակ մենք ուրիշ պատկեր կստանանք, մեր ցեմենտը կարտահանվի», -ասաց Հրանտ Մադաթյանը։

Կարգավորում են վիճակախաղերի գովազդը

Հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև տարաձայնություն առաջացավ վիճակախաղերի գովազդին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ։

«Իմ քայլից» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հանձնաժողովին է ներկայացրել «Գովազդի մասին» «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի փաթեթ: Պատգամավորը բացատրեց իր նախաձեռնության դրդապատճառը՝ գովազդվող ապրանքների և ծառայությունների շարքում հանդիպում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների ծառայությունների գովազդ, որը հասանելի է տարիքային բոլոր խմբերի համար, օրվա ցանկացած ժամի:

Մեծամասնության պատգամավորը առաջարկում է կարգավորել բուքմեյքերների ու ինտերնետ շահումով խաղերի գովազդը սահմանափակել, օրինակ՝ հեռուստաեթերում այդ գովազդը հեռարձակել 21։00-ից մինչև առավոտյան 06։00-ն, ռադիոյում՝ առավոտյան 08։00-ից մինչև երեկոյան 20։00-ն, լրատվական կայքերում՝ այդ գովազդները չպետք է զբաղեցնեն կայքէջի 20%-ից ավելին։ Օրենքով արգելքը չի տարածվում սոցիալական ցանցերի վրա։

Կառավարությունը, որոշ առաջարկություններ ներկայացնելով, ընդհանուր առմամբ կողմ է օրենսդրական փաթեթին։

«Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը վերապահումներ ուներ. հարկեր վճարող հեռուստաընկերությանը, ռադիոյին, մամուլին զրկում են այս գովազդից, նաև ֆինանսական միջոցներից, բայց հնարավորություն չկա վերահսկողություն սահմանել սոցցանցերում:

«Ստացվում է, որ գովազդային միջոցները հսկայական քանակությամբ Հայաստանից դուրս է գնում նույն ֆեյսբուքի կամ մյուս ցանցերի գովազդի միջոցով: Պայմանական ասեմ՝ եթե վիճակախաղեր առաջարկող ընկերությունը 1000 դոլարի գովազդ էր ներդնում ֆեյսբուքում, իսկ լրատվամիջոցներում՝ 5000, կստացվի, որ սոցցանցերում արդեն 6000 դոլարի գովազդ կտեղադրեն, այսինքն՝ խնդիրը չենք լուծի կամ մասամբ կլուծենք, իսկ Հայաստանից գումարները կարտահոսեն»,-բացատրեց նա:

Արձագանքելով գործընկերոջը, Հրաչյա Հակոբյանն ասաց, որ ֆեյսբուքում և մյուս սոցցանցերում հնարավորություն չկա գովազդն արգելել։ «Ինչի հնարավորությունը կա, մենք դա ենք անում», ասաց պատգամավորը։

Օրինագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ ուներ նաև «Իմ քայլից» Հայկ Սարգսյանը։ Օրինակ՝ նրա խոսքով,առաջարկվում է կոնկրետ ժամերի արգելել գովազդը, բայց սպորտային միջոցառումների ժամանակ կարող են գովազդ անել: 

Նաև անդրադարձավ արտաքին գովազդի արգելքին ու ասաց, որ բուքմեյքերական ընկերությունները համայնքին վահանակների գովազդից տարեկան շուրջ 70  մլն դրամ տուրք է մուծում: «Ու դա այն գրասենյակն է, որն ամենաքիչն է գովազդ անում: Եթե այդ թիվը բազմապատկենք 4-ով, ստացվում է, որ համայնքային բյուջեներին մոտ 300 մլն-ի վնաս ենք հասցնում, և սա այն դեպքում, որ վահանակները ամենաթիրախայինը չեն, վահանակներին ոչ մեկ չի նայում»,-ասաց նա։

Ի պատասխան Հրաչյա Հակոբյանն ասաց, որ կառավարությունն այս հարցում որևէ խնդիր չի տեսել ու նախագծին դրական եզրակացություն է տվել։ 

Մինչ նախագիծը կդրվեր քվեարկության, հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկեց ինչպես վիճակախաղերին վերաբերող Ալեն Սիմոնյանի նախագծի դեպքում էր, այս հարցի քվեարկությունը ևս հետաձգել և հանձնաժողովում զուգահեռաբար մանրակրկիտ քննարկել: Առաջարկն ընդունվեց և հարցի քննարկումը հետաձգվեց մինչև ապրիլի 16-ի նիստը: