Անօրինական ճանապարհով ձեռք բերված հարստությունը պետք է ազգայնացվի. Ս. Բագրատյան

ապրիլի 15, 2019

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:

-Գյուղմթերքի մթերման և բեռնափոխադրման ոլորտում գերիշխող դիրք ունեցող «Սպայկա» ընկերության տնօրենը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի հարկեր և տուրքեր չվճարելու մեղադրանքով: Ձեր կարծիքով պետության նկատմամբ նման խախտումներ կատարած ընկերությունների թիվը կարո՞ղ է մեծանալ:

-Եթե իսկապես առկա է այդ խախտումը, ապա բոլոր այն ընկերությունները, որոնք հարկային պարտավորություն ունեն, պարտավոր են վճարել: Ռիսկային գոտում գտնվող ընկերությունների մասին ՊԵԿ-ը բավարար տեղեկացված է, իսկ օրենքի առաջ բոլորն են հավասար և պետք է իրենց պարտավորությունները կատարեն:

-Դուք տեսնո՞ւմ եք «Սպայկայի» պատմության մեջ քաղաքական դրդապատճառներ. շատերը դա պնդում են՝ հիմնավորելով, թե ընկերությունը կապ է ունեցել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

-Նման տպավորություն չունեմ: Դա վերաբերում է նախկին իշխանությունների աշխատաոճին, որը չի համապատասխանում այսօրվա տնտեսական քաղաքականությանը: Նախկինում եղել են մենաշնորհներ, հովանավորչական մոտեցումներ, գերիշխող դիրք ունեցողներ, և այդ ամենը եղել է որոշակի խմբերի համար: Հիմա նոր խաղի կանոններ են, և հնարավոր է, որ շատերի համար դժվարություններ լինեն:

-Ոմանց գնահատմամբ՝ սեփականության վերաբաշխում է տեղի ունենում:

-Սեփականության վերաբաշխում կարող է լինել միայն մի դեպքում. եթե պետական բարձրաստիճան պաշտոնյան կուտակել է հսկայական ռեսուրսներ՝ անշարժ գույք, դրամական միջոցներ: Եվ, բնականաբար, հարց է առաջանում, թե որտեղից նրան այդ հարստությունը: Եթե ապացուցվի, որ դա կոռուպցիայի և անօրինական գործունեության արդյունք է, կլինի տրամաբանական, որ ազգայնացվի ու վերադարձվի օրինական տերերին՝ ժողովրդին: Այդ դրամները պետք է մուտքագրվեն հատուկ հիմնադրամ, որն էլ հաշվետվություն կներկայացնի, թե ինչքան գումար է ստացել և ինչի վրա է ծախսել:

-Ստուգումներ են անցկացվում նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում», գազալցակայաններում: Հնարավո՞ր է՝այդ ընկերություններն էլ են խախտումներ թույլ տվել:

-Դա որևէ կերպ արձանագրված չէ: Երբ ստուգումներն ավարտեն, կտեսնենք, թե ինչ է արձանագրվել, և նոր կտանք մեր գնահատականը:

-Գուցե հենց ստուգումներ անցկացնելու մե՞ջ քաղաքական խնդիր կա. նկատենք, որ դրանց նախորդել էր Գագիկ Ծառուկյանի դժգոհությունը իշխանության որոշ ներկայացուցիչներից:

-Հարցերին պետք է պրագմատիկ նայենլ, և կանխակալ կարծիք չհայտնենք: Պարոն Ծառուկյանն ասում է, որ թիմի աշխատանքում խնդիրներ է տեսնում, որ կառավարության որոշ անդամներ չեն նպաստում ներդրումներ բերելուն: Նա նշեց, որ ներդրումային ծրագրեր ունի, շինարարություն է իրականացնում, իսկ որոշ պաշտոնյաներ չհիմնավորված խանգարում են:

-Կոնկրետ ո՞ր պաշտոնյայի մասին է խոսքը:

-Կոնկրետ չեմ կարող ասել, բայց ասվել է, որ դա նաև քաղաքային իշխանությունների գործառույթն է:

-Կառավարությունը քննարկում է գույքահարկը բարձրացնելու հարցը, որպեսզի անշարժ գույքի՝ շինությունների, հողատարածքների սեփականատերերին ստիպի դրանք շահագործել կամ օտարել և ոչ թե պարապության մատնել: Ընդունելի՞ է այս մոտեցումը:

-Ես այլ կարծիք ունեմ. մեր հողային ֆոնդի մոտ 50 %-ը չի մշակվում և հավելյալ արժեք չի ստեղծում: Կարծում եմ՝ ոչ թե ստիպելով պետք է օտարել, այլ ստեղծել կոոպերացիաներ, որոնք իրենց բնույթով ունենում են բաժնետիրական ընկերությունների կարգավիճակ, և մարդիկ, որոնք ներդնելու հող կամ գումար ունեն, նման ընկերություններ ստեղծելով և բաժնետեր դառնալով՝ ծրագրեր իրականացնեն:

-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ցեմենտի ներկրման վրա տուրք սահմանելու մասին նախագիծը: ԲՀԿ-ն առարկություննե՞ր ունի:

-Որևէ ապրանքային շուկայում եթե տեղական արտադրությունը խոցելի է, ենթարկվում է արտաքին ինտերվենցիայի՝ այսինքն այլ երկրների տնտեսվարողները դեմպինգ են կիրառում, կառավարությունը պետք է պաշտպանի իր արտադրողների շահերը: Մեր հարևան Իրանի ընկերությունները օգտվելով հնարավորությունից, որ էներգակիրներն իրենց մոտ անհամեմատ ցածր են, ինչի պատճառով ցեմենտը էժան է, ինտերվենցիա են անում մեր շուկայում: Արարատի ու Հրազդանի ցեմենտի գործարանները, ինչպես նաև Էրեբունու փոքր ցեմենտի գործարանն այլևս մրցունակ չլինելով՝ կփակվեն, վառարանները կվաճառվեն հենց պարսկական կողմին: Մեկ-երկու տարի անց իրանցի ներկրողները կրկնակի կբարձրացնեն ցեմենտի գները, իսկ մենք այլևս արտադրելու հնարավորություն չենք ունենա: Կառավարությունը լավ նախագիծ էր բերել, բայց ընթացքում փոխեցին տնտեսական քաղաքականության նպատակը: Տեղական արտադրողին նախապես պաշտպանելով՝ սահմանեցին 22.000 դրամի չափով տուրք, հետո, չգիտես ինչու, որոշեցին դա ընդամենը մեկ տարով կիրառել: Հետո որոշեցին ցեմենտի հումքը առանց հարկի ներկրել, և այդպիսով չօգնեցինք մեր ցեմենտ արտադրողներին: Հակառակը:

-Գագիկ Ծառուկյանն էլ ցեմենտի գործարան ունի: ԲՀԿ-ն այդ նախագիծը քննադատում է՝ իր ղեկավարի՞ շահերից ելնելով:

-Ոչ: Այդ քաղաքականությունը կարող է կիրառվել տարբեր արտադրությունների դեպքում: Եթե շտապենք եզրակացությունների մեջ, կվնասենք մեր տնտեսվարողներին: Անգամ ԱՄՆ-ում մետաղի ու այլ ապրանքների ներկրման դեմ տուրքեր են կիրառել՝ պաշտպանելով տեղական արտադրողին: Չինաստանի, Գերմանիայի բողոքների տարափին ի պատասխան՝ նրանք հակադարձում են, որ պաշտպանում են իրենց արտադրողների շահերն ու աշխատատեղերը. կարո՞ղ է ԱՄՆ-ը ավելի էժան ապրանքի տեղ չգիտի: Եվ այն գումարները, որոնք վճարում է տեղական արտադրողին, մնում են երկրում, իսկ որոնք մենք վճարում ենք ներկրողին, դուրս են գալիս մեր երկրից:

-ԲՀԿ-ի անդամները հաճախ անում են հայտարարություններ, որոնցից տպավորություն է, թե հակասություններ ունեք իշխանության հետ: Ի՞նչ խնդիր կա:

-Ի՞նչ հակասություն կամ խնդիր պետք է լինի, բացի այն, որ միշտ ընդդիմությունն ու իշխանությունը ունենում են: